Բաժիններ՝

Անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնը պարզաբանում է

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը «Հետք» պարբերականի հրապարակման վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել.

«Սույն թվականի մարտի 7-ին «Հետք» էլեկտրոնային կայքում տեղ էր գտել « Ի պատասխան ՍԱՊԾ տարածած հաղորդագրության, և թե ինչու ՀԱԲԼԾԿ-ն կարող է զրկվել հավատարմագրումից» վերնագրով հոդված, որում տեղ գտած փաստերը, մեղմ ասած, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, անդրադառնալով ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին, լրագրողը հրապարակել էր թյուր տեղեկություններ, որոնց հիման վրա էլ պնդել էր, թե ՀԱԲԼԾԿ-ն կարող է զրկվել հավատարմագրումից:

Տեղեկացնենք, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության փորձարկման լաբորատորիան, լինելով հավատարմագրված 2015թ. մայիսի 14-ից, ընդգրկված է ՀՀ ազգային և Եվրասիական տնտեսական միության փորձարկման լաբորատորիաների ռեեստրներում: 2017թ. փետրվարի 27-ին լաբորատորիան ընդլայնել է իր հավատարմագրման ոլորտը՝ ներառելով նաև արագ (էքսպրես) մանրէաբանական հետազոտություններով ախտածին և ոչ ախտածին միկրոօրգանիզմների հայտնաբերման և որոշման մեթոդները: Վերջիններս զետեղված են ինչպես Եվրասիական տնտեսական միության «Սննդամթերքի անվտանգության մասին» հորիզոնական տեխնիկական կանոնակարգում՝ ՄՄ ՏԿ 021/2011, այնպես էլ սննդամթերքի առանձին տեսակներին վերաբերող մյուս տեխնիկական կանոնակարգերում:

Վկայակոչված ՄՈւԿ 4.2.2578-10-ը հանդիսանում է ՄՈւԿ 4.2.590-96-ի փոխարեն ընդունված ստանդարտ մեթոդ, իսկ վերջինս ընդգրկված է ՄՄ ՏԿ 021/2011 –ի պարտադիր ստանդարտների ցանկում: Հարկ է նշել, որ այս կամ այն տեսակի սննդամթերքի փորձարկման և համապատասխանության գնահատման դեպքում, իհարկե, գերակա է տվյալ սննդամթերքի համար սահմանված տեխնիկական կանոնակարգը (կաթի և կաթնամթերքի դեպքում՝ ՄՄ ՏԿ 033/2013, մսի և մսամթերքի դեպքում՝ ՄՄ ՏԿ 034/2013 և այլն): Սակայն փորձարկման մեթոդը կամ ստանդարտը ընտրվում է ինչպես տվյալ արտադրատեսակի համար սահմանված տեխնիկական կանոնակարգի, այնպես էլ ՄՄ ՏԿ 021/2011-ի ստանդարտների ցանկից:

Տվյալ դեպքում պարտադիր պահանջ է հանդիսանում միայն այն, որ տվյալ ստանդարտը նախատեսված լինի նաև տվյալ սննդամթերքի՝ օրինակ, կաթի փորձարկման համար: Այս հարցն իրենից ներկայացնում է ցանկացած փորձարկման լաբորատորիայի կամ համապատասխանության գնահատման մարմնի պրոֆեսիոնալ աշխատելաաոճի մի մասը: Ցավով պետք է նշել, սակայն, որ ոչ բոլոր լաբորատոր կառույցներն են այսօր ՀՀ-ում գործում օրենքի և ստանդարտի կետին համահունչ: ՄՈւԿ 4.2.2578-10-ը, բնականաբար, ընդգրկված է ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման ոլորտում, ինչը հարցման հիման վրա կարելի է պարզել նաև ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ից:

Սա՝ ի գիտություն: Այսուհադներձ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ լրագրողը կարող է և չտիրապետել մասնագիտական գիտելիքներ պահանջող այս տեղեկատվությանը և, հետևաբար, կարող է իր մոլորության մեջ անկեղծ լինել: Միաժամանակ, սակայն, մտահոգության տեղիք է տալիս այն հետևողականությունը, որով «Հետք» լրատվականը փորձում է ստվեր գցել Հայաստանում իր մասնագիտագետներով և տեխնիկական հնարավորություններով եզակի լաբորատորիայի վրա:

Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, կարծում ենք, որ հարգարժան այս լրատվամիջոցը ակամայից դարձել է մանիպուլյացաների զոհ և անկախ իր կամքից դարձել է անբարեխիղճ մրցակցության նպատակով օգտագործվող զենք: Եվ այս համապատկերում հույս ունենք, որ առաջիկայում «Հետք»-ը ոչ միայն կվերանայի իր աշխատելաոճը՝ կապված սննդի անվտանգության ոլորտի հետ առհասարակ, այլև կվերագնահատի իր հարաբերությունները այն գործընկերոջ կամ գործընկերների հետ, որոնցից ստացված թերի, իսկ երբեմն նաև կեղծ տեղեկությունները կասկածի տակ են դնում լրատվամիջոցի կողմից կատարվող աշխատանքի անաչառությունը, այլև վտանգում են սննդի անվտանգության ամբողջ համակարգի գործունեության արդյունավետությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս