Բաժիններ՝

«Մեզ հիմարի տե՞ղ եք դնում, չեմ հասկանում». «Ելքը» պնդում է, որ պատգամավոր Աշոտ Արսենյանի փոխարեն՝ ուրիշն է քվեարկել

Այսօր Ազգային ժողովում ընդունվեց Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքը, որի համար անհրաժեշտ էր պատգամավորների ձայների 3/5-րդը:

Քվարկությունից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու օրենքի նախագծին. «Մենք առաջարկություն էինք ներկայացրել, որպեսզի պարզաբանվի, թե ի՞նչ է նշանակում՝ կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա: Այս առաջարկության վերաբերյալ որևէ դիրքորոշում չեն հայտնել: Մենք դեմ ենք քվեարկելու այս օրենքի նախագծին, միևնույն  ժամանակ՝ առաջարկություններ ենք ներկայացնելու առաջինից երկրորդ ընթերցման փուլում»:

ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն էլ հայտարարեց, որ այդ հարցը վաղուց պարզաբանված է. «Պարոն Զեյնալյանի բարձրացրած հարցի հետ կապված՝ Սահմանադրական դատարանը վաղուց որոշում ունի, և լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն չկա: Դա վաղուց պարզաբանված հարց է, դրա մասին քննարկելն անիմաստ է»:

Օրենքի նախագիծն ընդունվեց 64 կողմ, 32 դեմ ձայներով: Ցուցատախտակին գրվեց, որ կողմ է քվեարկել 61 պատգամավոր, և որոշումը չի ընդունվել, բայց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նաև գումարեց այն պատգամավորների քվեները, որոնք ներկա չէին, բայց գրավոր իրենց դիրքորոշումները հայտնել էին:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե քանի՞ ձայն էր պետք, որ այդ օրենքն ընդունվեր: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ ամեն ինչ եղել է օրինական. «63 ձայն էր պետք, որպեսզի այդ օրենքն ընդունվեր»:

Ն. Փաշինյանը հայտարարեց, որ Աշոտ Արսենյանը ներկա չի եղել, բայց իր անվան դիմաց գրված է՝ կողմ. «Հանրաքվեի մասին օրենքի քվեարկությունը, պետք է հասկանանք՝ ինչ է կատարվել»:

ԱԺ նախագահը պատգամավորներին հորդորեց վերադառնալ դահլիճ: Ըստ նրա՝ նրանք քվեարկել են ու դուրս են եկել դահլիճից:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ դիմեց ԱԺ նախագահին. «Հարգելի պարոն Բաբլոյան, մենք ժամանակ առ ժամանակ վերադառնում ենք այս խնդրին և սրա լուծումը չենք կարողանում գտնել: Այս մի փոքիկ դահլիճում Դուք կարողանո՞ւմ եք բացառել ընտրակեղծարարությունը, թե՞ ոչ: Որերորդ անգամ բախվում ենք այդ խնդրին, երբ մեկը մեկ ուրիշի փոխարեն է քվեարկում: Սա շատ էական հարց է: Մի մտածեք, որ լղոզելով անցնելու է: Մեզ հիմարի տե՞ղ եք դնում, չեմ հասկանում: Ապահովեք ձեր պատգամավորների քանակը, չեք կարողանում, մի քվեարկեք»:

Ի պատասխան՝ Ա. Բաբլոյանն ասաց. «Հարգելի պարոն Միրզոյան, եթե հարցն ինձ է վերաբերում, թե հիմարի տեղ եմ դնում, ոչ, ես բոլորին հարգում եմ, ու անհնար է, որ ես որևէ մեկի կարծիքը հաշվի չառնեմ: Բազմիցս անդրադարձել ենք այս հարցին, ու ձեր պահանջով ցուցատախտակն ավելի երկար ենք պահում, որ հայտնի լինի քվեարկողների մոտեցումները: Ձեր խնդրանքով մենք նորից ցույց տվեցինք ցուցատախտակը, և այդ պահին որևէ արձագանք չեղավ: Դրանից հետո, երբ պատգամավորները դուրս եկան, դուք արձագանքում եք»:

Ն. Փաշինյանը հայտարարեց, որ Ա. Արսենյանը գրանցման ժամանակ էլ դահլիճում չի եղել. «Մեր երկրի ամենամեծ խնդիրն այն է, որ երկրի առաջին դեմքերն ուղղակի կարող են բոլորիս աչքերին նայել ու սուտը որպես ճշմարտություն բրթել: Սա է խնդիրը: Մենք ասում ենք՝ մարդը ստեղ չի եղել, չի քվեարկել: Դե, եկեք տեսախցիկներով հանենք, տեսնենք՝ ներկա՞ է եղել գրանցման ժամանակ, թե՞ չէ»:

«Եղել է, թե չի եղել, ամեն դեպքում 63 կողմ ստացել է նախագիծը, ու որոշումն ընդունվել է: Մնացած հարցերը կարելի է հետո քննարկել»,- ի պատասխան՝ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գևորգ Գորգիսյանն էլ հայտարարեց, որ Ազգային ժողովն ունի նախագահություն, ինչո՞ւ է իրենց վրա դրված այդ բեռը՝ հետևել, որ մեկը մյուսի փոխարեն չքվեարկի. «Մանկապարտե՞զ է սա, ժողովուրդ: Հետո էլ դուք մեզ ասում եք՝ դե, տեսնեիք, բա դուք ինչի՞ համար եք: ԱԺ նորմալ աշխատանքներ ապահովելը ձեր խնդիրն է»:

ԱԺ նախագահն ասաց, որ բոլորի իրավունքները և պարտականությունները հավասար են. «Մենք ունենք 105 պատգամավոր, ու ամեն պատգամավոր իրավունք ունի վերահսկելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս