Բաժիններ՝

Հրվ. Օսիայով և Աբխազիայով Լարսին այլընտրանք գտնելու համար քաղաքական լուծումներ են պետք. փոխնախարար

Հարավային Օսիայում և Աբխազիայում միջոցառումներ իրականացնելու համար անհրաժեշտ են քաղաքական լուծումներ: Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման փոխնախարար Գիորգի Չերկեզիշվիլին` անդրադառնալով այն հարցադրմանը, թե արդյոք ինչ քայլեր են արվում Հարավային Օսիայի և Աբխազիայի միջոցով Վերին Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու ուղղությամբ:

«Վրաստանը զբաղվում է ենթակառուցվածքների զարգացմամբ և նորացմամբ ոչ միայն գլխավոր, այլև երկրորդական ճանապարհների մասով, սրա մեջ մտնում է նաև Լարսի արդիականացումը: Ինչ վերաբերում է Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքներին, սրանք քաղաքական հարցեր են ու մենք իրավասություններ ու լծակներ չունենք այնտեղ միջոցառումներ իրականացնելու: Դրանք քաղաքական լուծումներ են պահանջում»,-ասաց վրացի պաշտոնյան:

Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի ծրագրի մասին խոսելով` Գիորգի Չերկեզիշվիլին նշեց, որ Վրաստանը միշտ ողջունում է տարածաշրջանային նախաձեռնություններն ու ակտիվորեն մասնակցում դրանց կյանքի կոչմանը: «Մենք քննարկում ենք բոլոր այլընտրանքները, այդ թվում` այս նախաձեռնության մեջ մեր մասնակցությունը»,-հավելեց պաշտոնյան:

Վրացի պաշտոնյան Երևանում մասնակցում էր «Եվրոպա-Կովկաս-Ասիա» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս