Բաժիններ՝

«Շատ ուրախ եմ, որ կառավարությունը հանեց այդ կետը». Գևորգ Կոստանյան

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ այս փոփոխությունները պայմանավորված են մեկ ամիս առաջ ընդունված Դատական օրենսգքով, որը նորովի է կարգավորել դատական վարույթի հրապարակայնությունը և մի շարք այլ հարցեր:

«Այս նախագծով մենք համապատասխանեցնում ենք այդ դրույթները դատական օրենսգրքին: Այս նախագծում առաջարկվել էր՝ ՄԻԵԴ պրակտիկային համահունչ համապատասխանեցնել Քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածը՝ կալանավորման խափանման միջոցի հիմքերը: Երեկ հանձնաժողովի նիստում մենք ներկայացրել ենք 135-րդ հոդվածի 2-րդ մասի  նոր խմբագրությունը, որը պարունակում էր երկու մաս:

Հանձնաժողովի նիստում իրավական վեճ ծագեց՝ արդյոք երկրորդ մասը համապատասխանո՞ւմ է ՄԻԵԴ պրակտիկային: Արդյունքում, այս հիմնավորմամբ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նախագծին հենց այս երկրորդ դրույթի հետ կապված:

Կառավարության դիրքորոշումն այս հարցում չի փոխվել, բայց կառավարությունը հեռու է այն մտքից, որ իրավական, մասնագիտական վեճը պետք է լուծի քաղաքական մարմինը, ինչպիսին Ազգային ժողովն է: Ուստի մենք նախագիծը ներկայացնում ենք առանց երկրորդ մասի, իսկ երկրորդ մասին անդրադարձ կկատարենք նեղ մասնագիտական շրջանակներում»,- նշեց նախարարը:

Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն էլ նկատեց, որ սա միանշանակ կարևոր օրենք է.

«Միաժամանակ՝ ես կարծում եմ՝ բոլորի մոտ հարց կարող է առաջանալ՝ բա որ էդքան կարևոր և լավ օրենք է, ինչո՞ւ Պետաիրավական և մարդու իրավունքների հանձնաժողովը տվեց բացասական եզրակացություն: Պարոն Հարությունյանը ճիշտ ասաց, խոսքը վերաբերում է բացառապես մեկ հոդվածի մեկ դրույթին: Առաջին հայացքից մի ամբողջ օրենքների փաթեթ բացասական եզրակացություն ստացավ մի հոդվածի մի նախադասության պատճառով»:

Գ. Կոստանյանը նկատեց, որ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կարող է ընտրվել, եթե անձը կարող է թաքնվել քննությունից, կատարել այլ հանցանք կամ անօրինական ազդեցություն գործադրել գործի մասնակիցների նկատմամբ.

«Մեր օրենսդրությամբ սահմանվում է նաև, որ, եթե անձը կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվում է 1 տարուց ավելի ազատազրկում, այդ դեպքում ևս կարող էր կալանավորումն ընտրվել՝ որպես խափանման միջոց: Կառավարությունը ներկայացնում էր նախագծի երկրորդ մասը, ըստ որի, կալանավորումը՝ որպես խափանման միջոց, կարող է անձի նկատմամբ ընտրվել նաև այն դեպքերում, երբ ինքը խախտել է ընտրված խափանման միջոցի պայմանները: Մեր կարծիքով՝ ստացվում է՝ երբ անձը կատարել է արարք, որի համար մեր իսկ քրեական օրենսգրքով նախատեսված չէ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ, այնուամենայնիվ, կարող է հայտնվել անազատության մեջ խափանման միջոցի պայմանները խախտելու միջոցով, որը, մեր կարծիքով՝ անընդունելի է: Շատ ուրախ եմ, որ կառավարությունը հանեց այդ կետը: Ես առաջարկելու եմ մեր գործընկերներին կողմ քվեարկել այս օրենքին, որովհետև բացասական եզրակացություն տալու համար հիմք հանդիսացող նորմը հանվել է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս