«Հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու մեր քայլը միգուցե նույնիսկ ժամանակավրեպ էր». «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խոսեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 1-ին հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրպատետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:

«Մենք իսկապես սպասում էինք շատ ավելի դրական արդյունքի: Միջազգային կառույցների և ազդեցիկ երկրների միջնորդությամբ հայ-թուրքական արձանագրությունները մատուցվեցին հանրությանը՝ որպես դարի հարաբերություն, որպեսզի կարգավորվի ցեղասպանության հետևանքով ստեղծված այս ծանր վիճակն այս երկու հարևան ժողովուրդների միջև: Ցավոք սրտի, թուրքական կողմը չգնահատեց կատարված քայլը կամ գնահատեց այլ պրիզմայով: Բոլորս ենթադրում էինք, որ Արցախի հարցի կնճռոտությունն էր, որ կապել էր Թուրքիայի ձեռքերն արձանագրություններն առանց նախապայմանների ստորագրելու համար: Այստեղ մեր հետ կանչելու քայլը միգուցե նույնիսկ ժամանակավրեպ էր:

Ավելի վաղ կարելի էր հետ կանչել այդ արձանագրությունները՝ թույլ չտալով, որ Ադրբեջանը կարողանա Թուրքիայի օգնությամբ որոշակի մանևրներ իրականացնել Արցախի հիմնախնդրի հարցում: Տեղին էր հետ կանչելը, վստահ եմ, որ դրան կհետևի շատ ավելի արդյունավետ լուծումների փաթեթ: Այդ քայլով մենք համաշխարհային հանրությանը ցույց տվեցինք մեր հայ ժողովրդի խաղաղասիրական բնույթը հարևանների հետ: Ցավոք սրտի, համարժեք պատասխան չունեցանք»,- նշեց Ս. Բագրատյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս