«Մենք թուլացրեցինք Արմեն Սարգսյանի պարտավորության բեռը, որը նա կունենար իշխանության նկատմամբ». «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր
«Բոլորիս ողջունում եմ ՀՀ 4-րդ նախագահի ընտրվելու կապակցությամբ, մաղթում եմ, որ 4-րդ նախագահը դառնա մեր բոլորի նախագահը, ինչպես ինքն է հայտարարել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ կան իսկապես նախապայմաններ և հնարավորություններ, որպեսզի Արմեն Սարգսյանը դառնա բոլորի նախագահը. «ՀՀ նախագահն ընտրվեց 10 դեմ, 90 կողմ, 1 ձեռնպահ ձայներով: «Ծառուկյան» դաշինքը հայտարարել էր, որ պաշտպանում է նախագահի թեկնածությունը:
Այս հնարավորությունը, որ նաև «Ծառուկյան» դաշինքի շնորհիվ ունեցավ նախագահը, դա այն է, որ ինքը կարող է ավելի ազատ գործել քաղաքական դաշտում, այսինքն՝ չպայմանավորվել, որ «Հանրապետական» և ՀՅԴ խմբակցություններն են պաշտպանել, ինքն իշխանության թեկնածուն է: Մենք ավելի մեծ պատասխանատվություն փոխանցեցինք նախագահին, որպեսզի ինքը պատասխանատվությունը զգա, առաջին հերթին՝ ընդդիմության, իշխանության և ողջ ժողովրդի առջև: Մենք բավականին ճիշտ, հաշվարկված քայլ արեցինք: «Ծառուկյան» դաշինքի ղեկավարն իր մոտեցումներում նշեց դրա կարևորությունը»:
168.am-ի դիտարկմանը, թե «Ելքի» պատգամավորների հայտարարում էին, որ Ա. Սարգսյանը ոչ թե ընտրվեց, այլ՝ նշանակվեց, քանի որ նա միակ թեկնածուն էր, դուք ձեր մեղավորությունն այդտեղ չե՞ք տեսնում՝ հաշվի առնելով, որ դուք չաջակցեցիք «Ելքի» թեկնածուին, ինչի արդյունքում նա չկարողացավ առաջադրվել՝ Ս. Բագրատյանն այսպես պատասխանեց.
«Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում մեր ընդդիմադիր գործընկերներին: Այո, «Ելքի» մեր գործընկերներն առաջադրում էին Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, բայց մեր պարզ վերլուծությամբ մենք փորձեցինք մեր գործընկերներին հիմնավորել, որ մենք ոչինչ չենք փոխելու այդ պարագայում: Այսինքն՝ 65 ձայնով ՀՀ նախագահը երկրորդ փուլում կըտրվի, արդյունքում՝ մենք կմղենք ՀՀ նորընտիր նախագահին իշխանության դաշտ, այսինքն՝ մենք չենք տա այն ազատությունը, որ ՀՀ նորընտիր նախագահն այս պահին ունի:
Այսինքն՝ մենք ընդդիմության համար խնդիր կառաջացնեինք և չէինք կարող պահանջել ՀՀ նորընտիր նախագահից անաչառություն, կստացվեր, որ ՀՀ նորընտիր նախագահը, առաջադրվելով իշխանության, իշխանական կուսակցությունների կողմից՝ չունի ոչ մի աջակցություն ընդդիմադիր հատվածից: Կդառնար մի իրավիճակ, որ նորընտիր նախագահը պարտավորության որոշակի բեռ կունենար իշխանության առաջ: Մենք թուլացրեցինք պարտավորության բեռը՝ հնարավորություն տալով ՀՀ նորընտիր նախագահին ավելի ազատ մանևրելու քաղաքական դաշտում և տնտեսության մեջ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: