Երուսաղեմի վեճի մեր բաժինը
Երուսաղեմը սուրբ քաղաք է երեք կրոնների` հուդայականության, քրիստոնեության ու մահմեդականության համար: Դարեր շարունակ այս կրոնները փորձել են հաստատել իրենց իրավունքը Երուսաղեմի նկատմամբ:
Ամեն ինչից զատ՝ այս քաղաքի պատմությունը սրբության հետ մարդու հաղորդակցվելու պատմություն է: Աշխարհի ամենաանհրապույր, քարքարոտ տարածքում է հառնել քաղաքը, որտեղ Աստված հաղորդակցվել է մարդու հետ: Այսպես են կարծում երեք կրոնների հավատացյալները, ովքեր բոլոր դարերում փորձել են հաստատել իրենց գերիշխանությունը սրբազան քաղաքի հանդեպ:
Իսկապես նույնիսկ մանրակրկիտ ուսումնասիրությամբ չի կարելի գտնել պատմության մեջ մեկ-երկու տասնամյակ, երբ այս քաղաքը խաղաղ է եղել: 21-րդ դարի նորագույն հակամարտությունը կապված է ԱՄՆ գործող նախագահի անվան հետ:
Թրամփը ճանաչել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք և կրկնակի խոստացել, որ այս գարնանն իր երկրի դեսպանատունը կտեղափոխի այդ քաղաք: Արաբական աշխարհի ընդվզումը հասկանալի և նույնքան էլ կանխատեսելի էր: Արաբները տասնամյակներ շարունակ պնդում են, որ Իսրայելը ձգտում է բոլորին վտարել սրբազան քաղաքից՝ այն դարձնելով զուտ հրեական:
Դժվար է գտնել նաև աշխարհաքաղաքական որևէ այլ թնջուկ, ուր մեր` հայերիս ներկայությունն այդքան ազդեցիկ է: Հայոց Երուսաղեմի պատմությունը, որ մեր ու օտար աղբյուրների համաձայն՝ սկսվել է առնվազն չորրորդ դարից, առայսօր շարունակվում է: Քաղաքի պատմական կենտրոնի ամենասրբազան հատվածում Հայոց եկեղեցին ներկա է: Ներկա է՝ որպես սեփականատեր (Սիոնի սրբազան լեռան վրա), կամ՝ որպես համասեփականատեր (Սուրբ Հարության տաճարում և այլուր): Իսրայել պետության ձևավորումից ի վեր քրիստոնեական եկեղեցիների տեսանկյունից Երուսաղեմում վիճակը բավական կայուն էր:
Իհարկե Հայ, Կաթոլիկ և Հույն ուղղափառ եկեղեցիների միջև պարբերաբար տարաձայնություններ ծագում էին: Բայց որպես կանոն՝ քրիստոնեական եկեղեցիներին հաջողվում էր ընդհանուր հայտարարի գալ: Ինչպես, օրինակ, 2016թ. երեք եկեղեցիները կարողացան համահավասար ֆինանսական ներդրմամբ 3,3 մլն դոլար ներդնել Տիրոջ գերեզմանի տաճարը նորոգելու համար:
Մեկ տարուց մի փոքր ավելի տևած նորոգումից հետո տաճարը վերաբացվեց ուխտավորների ու զբոսաշրջիկների համար: Բայց անցած շաբաթ Երուսաղեմի քաղաքապետարանը հայտարարեց, որ հայտնվել է ֆինանսական ծանր իրավիճակում: Ըստ մամուլի՝ խոսքը գնում է անգամ քաղաքապետարանի սնանկացման գործընթացի մասին: Քաղաքապետարանը նախ հայտարարեց, որ Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիներն իրեն պարտք են 168 մլն դոլար, որ կուտակել են տարիներ շարունակ: ֆինանսական ճգնաժամից ելք գտնելու նպատակով քաղաքապետարանը հայտարարեց, որ պատրաստվում է հարկել քրիստոնեական եկեղեցիների ոչ կրոնական կառույցները:
Չի կարելի ասել, որ սա նորույթ էր քրիստոնեական Երուսաղեմի համար: Պատմության տարբեր շրջաններում քաղաքի տիրակալ դարձած Բաղդադի, Եգիպտոսի, Օսմանյան Կայսրության սուլթանները պարբերաբար փորձել են քրիստոնեական ուխտավայրերը դարձնել եկամտի աղբյուր:
Նորօրյա փորձի առիթով քրիստոնեական երեք եկեղեցիները որպես միաձայն բողոքի նշան՝ ուխտավորների ու զբոսաշրջիկների առջև փակեցին քրիստոնեության հիմնական` Սուրբ Հարության տաճարը: Քաղաքային իշխանությունների համար այս քայլը հավանաբար անսպասելի էր: Կառավարության հանձնախումբը նախ հայտարարեց, որ հարցի քննարկումը հետաձգում է մեկ շաբաթով: Ապա նոր հարկային օրենքի նախագծի հեղինակ պատգամավոր Ռայչել Ասարիան ստիպված եղավ մանրամասնել իր առաջարկը: Նա շեշտեց, որ խոսքը քրիստոնեական եկեղեցիների հարկման մասին չէ, այլ ոչ կրոնական այն տարածքների մասին, որոնք երրորդ կողմին են փոխանցվել 2010թ. հետո: Երեք օր հետո տաճարը վերաբացվեց: Բայց խնդրի լուծումն ակնհայտ հետաձգվում է:
Դժվար չէ ենթադրելը, որ հակասությունը հերթական անգամ քաղաքական շահարկումների առարկա է դառնալու: Նույնիսկ Հայաստանում միանշանակ վերաբերմունք չկա այս հարցի շուրջ: Ոլորտին քաջատեղյակ, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի կարծիքով` չկա չարիք՝ առանց բարիքի:
Նրա կարծիքով՝ Երուսաղեմի քաղաքապետարանի կոշտ դիրքորոշումից հետո մենք` հայերս, գոնե կտեղեկանանք, թե ինչ կալվածքներ ու սեփականություն է տնօրինում մեր եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը: Ես առիթ ունեցել եմ անդրադառնալու այս հարցին և նշել եմ, որ պատրիարքարանի հսկողության տակ գտնվող կալվածքներն ու ազգային արժեքները ոչ մի իմաստով նկարագրված չեն` ո՛չ իրավաբանական, ո՛չ գիտական: Իսկ սա մեր ազգային բացթողումն է: Համաշխարհային մասշտաբի վեճի ընթացքում հնարավոր է, որ մեր պատրիարքարանին կրկին հաջողվի խուսափել ազգային արժեքների հստակ գույքագրումից:
Ի վերջո, Սրբազան քաղաքը երեք համաշխարհային կրոնների՝ հուդայականության, քրիստոնեության և մահմեդականության համար վեճերի ու հավակնությունների առարկա է: Այն մարդկության պատմության մեջ ավելի հաճախ է ձեռքից ձեռք անցել, քան աշխարհի որևէ այլ քաղաք: Սուրբ քաղաքում 17 դար շարունակ մեր եկեղեցուն հաջողվել է պահպանել իր ունեցվածն ու ազդեցությունը, որն օր օրի նվազում է Պատրիարքարանի անհեռատես քայլերի շնորհիվ: