Յոթ «Բարի սամարացիները» Հայաստանում 1915-1917թթ.
1915 թվականին հազարավոր հայեր տեղահանվեցին Արևելյան Անատոլիայից և, մազապուրծ լինելով կոտորածներից, ապաստան գտան Արևելյան Հայաստանում։ Մարդկանց հոսքը հազարներով շարունակվեց մինչև 1917 թվականը։ 1920 թվականին բավականին լայն արձագանք գտած մարդասիրական օգնություն ցույց տրվեց «Մերձավոր արևելքի նպաստամատույցի» (Near East Relief) կողմից, սակայն շատերի մոտ հարց է ծագում, թե ինչպե՞ս են մինչ այդ կոտորածներից մազապուրծ եղած փախստականները գոյատևել։
Այդ հարցի պատասխանն է, որ նրանք կարողացել են գոյատևել ի շնորհիվ բազում մարդկանց բարության և անհապաղ օգնության ձեռք մեկնելու պատրաստակամության արդյունքում, որոնց շարքում էին ամերիկացիներ, կանադացիներ, բրիտանացիներ, ռուսներ և տեղացի հայեր։ Այս «Բարի սամարացիներից» յոթի անուններն են. Ֆրեդ ՄակՔալըմ (Fred MacCallum) Կանադայից, Ջորջ Գրեյսի (George Gracey) Իռլանդիայից, և Հարիսոն Մայնարդ (Harrison Maynard), Մերի ՈՒայթ Մայնարդ (Mary White Maynard), Էռնեստ Յարով (Ernest Yarrow), Ջեյն Տաքլի Յարով (Jane Tuckley Yarrow), և Ջորջ Ռայնոլդս (George Raynolds) Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Նրանք Օսմանյան Կայսրությունում դեռևս 1916թ-ից առաջ աշխատանքներ էին տարել, որպես «Օտարերկրյա առաքելությունների հոգեբարձուների ամերիկյան խորհրդի» (American Board of Commissioners for Foreign Missions) անդամներ, և հայերի հանդեպ անձնական համակրանք և նվիրվածություն էին տածում։ Նրանք ամենաառաջիններից էին, ովքեր արձագանքեցին փախստականներին օգնության ձեռք մեկնելու կանչին։
Մինչ 1915թ. վերջերը «Հայաստանի և Սիրիայի օգնության ամերիկյան հանձնաժողովը» (American Committee for Armenian and Syrian Relief (ACASR) զբաղվում էր դրամահավաքով և կարողացել էր շուրջ 100,000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն հավաքել, ինչը մեր օրերում համարժեք է շուրջ 2.5 միլիոն դոլարի։ Իսկ բրիտանացիներն այդ տարիներին Լորդ Մայորի հիմնադրամի միջոցով էին նվիրատվություններ հայթհայթում։ Այդ գումարների մի մասն ուղղվել է այդ տարիներին դեռևս Օսմանյան Կայսրությունում գտնվող միսիոներների կողմից կատարվող աշխատանքները ֆինասավորելու վրա, իսկ մի մասն ուղղվել է Եգիպտոսի Պորտ Սաիդ բնակավայրում գտնվող հայերի համար օգնություն կազմակերպելու աշխատանքների վրա։
Որպես կանադացի, ուստի նաև որպես Բրիտանական թագի ներքո գտնվող երկրի ներկայացուցիչ, Պատրիկ ՄակՔալըմը (Rev. Frederick W. MacCallum), ով մինչ այդ տեղակայված է եղել Էրզրումում, Մարաշում, և այնուհետև Կոստանտնուպոլիսում (Ստանբուլ), Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Օսմանյան կայսրության կառավարության կողմից վտարվել էր։ 1914թ-ին իր ընտանիքի հետ նա մեկնել է Շվեյցարիա, որտեղ նա ցանկանում էր սպասել մինչև պատերազմի ավարտը, քանզի կարծում էր, թե պատերազմը կարճատև է լինելու։ Իհարկե, դա այդպես չէր։ Այնուհետև, 1915թ. երկրորդ կեսին «Հայաստանի և Սիրիայի օգնության ամերիկյան հանձնաժողովը» դիմում է նրան, խնդրանքով, որպեսզի նա մեկնի Թիֆլիս և գնահատի տեղի փախստականների վիճակը։
Նա հաճույքով ընդունում է այդ առաջարկը։ Այդ առաքելության ընթացքում նրան է միանում Ջորջ Գրեյսին (George F. Gracey), ով ՈՒրֆայում 20 տարի անցկացնելուց հետո ավարտել էր «Օտարերկրյա առաքելությունների հոգեբարձուների ամերիկյան խորհրդի» կազմում իր առաքելությունը և ետ էր վերադարձել Իռլանդիա։ Թիֆլիս ժամանելուն պես նրանք հանդիպում են այդտեղ գտնվող բրիտանացի այլ կամավորների հետ, և ձեռնմուխ են լինում նախնական` 87,000 ԱՄՆ դոլար արժողությամբ օգնության մատակարարման գործին` այդ տարիներին հեղեղի նման Թիֆլիս ժամանող շուրջ 234,000 հայ և ասորի փախստականներին աջակցելու համար։
1916թ. հուլիսին հինգ այլ միսիոներներ, այս անգամ Նյու Յորքից, մեկնեցին Թիֆլիս։ Ջորջ Ռայնոլդսն (George C. Raynolds) այդ ժամանակ 77 տարեկան էր. նա մասնագիտությամբ բժիշկ էր, և նաև կարգադրվել էր, որպես եկեղեցական առաջնորդ։ Մինչ այդ, 1872թ-ին նա իր կնոջ հետ միասին Վանում հիմնել էին միսիոներական առաքելության կենտրոն։ 1915թ-ին, երբ Վանի պաշարումը սկսվեց, նա ԱՄՆ-ում էր և զբաղված էր դրամահավաքով, որի արդյունքում ցանկանում էր ուսումնական հաստատություն կառուցել Վանում։
Իր կինն այդ ժամանակ մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ կարողանում է փախչել դեպի Թիֆլիս, սակայն ճանապարհին վիրավորվում է։ Իր ամուսինը, լսելով վատ նորությունը, մեկնում է Թիֆլիս` կնոջը տեսնելու, սակայն նրա ժամանումից մի քանի օր առաջ նրա կինը մահանում է։ Հիասթափված և սրտակորույս, նա որոշում է վերադառնալ ԱՄՆ։ Մի քանի ամիս անց, երբ նրան նորից դիմում են Թիֆլիս մեկնելու խնդրանքով, նա ուրախությամբ համաձայնվում է։ Այդ ճանապարհորդության ժամանակ նրան են միանում իր երիտասարդ գործընկերներից Էռնեստ Յարովը (40 տարեկան) և Ջեյն Յարովը (33 տարեկան)` իրենց չորս երեխաների հետ միասին։ Նրանց աշխատանքին են միանում նաև Թիֆլիսում գտնվող 38 տարեկան Հարիսոն Մայնարդն (Rev. Harrison A. Maynard) ու նրա 33 տարեկան կինը, Մերի ՈՒայթ Մայնարդը` իրենց երկու զավակների հետ միասին։
Նրանց ուղևորությունը երկար էր, շուրջ երկուսուկես ամիս. նրանք պետք է հաղթահարեյին 10,500 կմ (6,500 մղոն) հեռավորություն` սկզբում դեպի Նորվեգիայի Բերգեն քաղաք, այնուհետև դեպի Ստոքհոլմ, որտեղից Պետրոգրադով (Սանկտ Պետերբուրդ) պետք է իրենց ճանապարհը շարունակեյին դեպի Թիֆլիս։ Այդ ուղևորության ամենահոգնեցուցիչ հատվածը վերջին 300 կիլոմետրն էր. Թիֆլիսից Երևան հասնելու համար նրանք պետք է 22 ժամ գնացքով ժանապարհորդեյին, ինչը շատ հոգնեցուցիչ էր։ Երևան հասնելուն պես նրանք ձեռնմուխ եղան իրենց աշխատանքին, որից հետո այդ ճանապարհի հոգնածությունը մնաց միայն որպես հիշողություն։ Երևանում նրանք հանդիպեցին Վանից ժամանած իրենց ծանոթներին և ընկերներին։
«Մեզ հաճելի անակնկալ էր սպասում. մեր խորհրդի աշխատանքի ընթացքում մեր ծանոթ դեմքերն այնտեղ էին, և մեզ գովասանքի խոսքեր էին ասում մեր աշխատանքի վերաբերյալ. այդ ամենը շատ հաճելի էր լսել, և լսելով այդ խոսքերը` ես ինձ իսկապես զգում էի ինչպես իմ տանը», ասել է Ռայնոլդսը Երևան ժամանելու վերաբերյալ իր տպավորությունների մասին, «Բոլորի սրտերում միախառնվել էին ուրախությունն ու թախիծը, որն արտացոլված էր բոլորի դեմքին, քանի որ մենք հասկանում էինք, թե ինչ մեծ կորուստներ և ճեղքեր էին առաջացել յուրաքանչյուր ընտանիքում»։
Երևանի` այդ ժամանակվա 14,000-անոց բնակչությունը զգալի աճել էր փախստականների հսկայական ներհոսքի արդյունքում։ Միսիոներների խումբը բախտավոր գտնվեց, քանզի այդ հսկայական ներհոսքի պայմաններում կարողացավ դեպի Արարատ լեռը բացվող հիանալի տեսարանով բնակարան վարձել։ Դա բավական էր, որպեսզի նրանք իրենց տեղավորված զգային և սկսեյին իրենց աշխատանքը։ Ամերիկյան հյուպատոս ՈՒիլոուբի Սմիթը (F. Willoughby Smith) Մոսկվայում շուրջ 100,000 ԱՄՆ դոլարի ապրանքներ և օգնություն ձեռք բերեց և ուղարկեց դեպի Երևան, որից պետք է հագուստներ պատրաստվեյին։
Միսիոներները հինգ հոգուց բաղկացած խումբ կազմեցին, ովքեր դեպի հարավ մեկնեցին, որպեսզի գնահատեն Իգդիրում տիրող իրավիճակը։ Նրանք այնտեղ հանդիպեցին շուրջ 10,000 փախստականների, ովքեր գտնվում էին շատ ծանր վիճակում և սննդի ու հագուստի կարիք ունեյին։ «Վերադարձի ճանապարհին մենք զանգահարեցինք Էջմիածնի Կաթողիկոսին», հետագայում իր հիշողություններից պատմել է ՄակՔալըմը, «Ենթադրում եմ, որ եզակի դեպք էր, երբ չորս ամերիկյան միսիոներ և Ամերիկյան կառավարության մեկ ներկայացուցիչ կարող էին զանգահարել իրեն»։ Կաթողիկոսը միսիոներներին խոստանում է, որ կանի հնարավորինս ամեն ինչ, որպեսզի աջակցի միսիոներների օգնության աշխատանքներին։
Մինչ նրանց կանայք իրենց տունն էին կարգի բերում, Ջորջ Ռայնոլդսը բժշկական կլինիկա է հիմնում, իսկ Մայնարդն ու Յարովը մեկնում են Ալեքսանդրապոլ (Գյումրի), Ղարաքիլիսա (Վանաձոր) և Դիլիջան, որպեսզի շրջագայեն այդ տարածքում և գնահատեն այնտեղ տիրող իրավիճակը։ Նրանք այդ տարածաշրջանում ամենուր մանկատներ են հայտնաբերում։
«Մենք տեսանք, որ որբերն այդտեղ լավ սնվում էին, մաքուր պայմաններում և հարմարավետ շինություններում էին ապրում», պատմել է Մայնարդն իր հիշողություններից, «Ռուսական կառավարությունն ամեն ամիս տանսհինգ ռուբլի էր հատկացնում յուրաքանչյուր որբի խնամքի, այլ պարագաների և բնակության համար։ Դա իսկապես առատաձեռն հովանավորություն էր։
Այդ գումարներն ու մանկատները կառավարվում են տարբեր հայկական կառույցների կողմից, որոնց թիվն անցնում է յոթից»։ Դիլիջանում մեծ ամառանոցները վերածվել էին մանկատների։ Նա այնտեղ հանդիպում է մի քանի երեխաների, ում ճանաչում էր դեռ Թիֆլիսից։ «Երբ ես այնտեղ ծանոթներ էի գտնում, ում բավականին երկար ժամանակ էի ճանաչում, որպեսզի կարողանայի գնահատել իրենց իրավիճակը, իսկույն արցունքների հեղեղ էր հոսում իմ աչքերից։ Բայց, չնայած ամեն ինչին, կարծում եմ, որ նրանք խրախուսված էին այն փաստից, որ իրենց կողքին կանգնած մարդիկ կան, որ իրենց կողքին իրենց հին ընկերներից մարդիկ են մնացել, ում կարող են դիմել օգնության համար»։
Դոկտոր Ռայնոլդսը նույնպես ուրախ էր, որ կարողացել է հին ծանոթների հանդիպել։ «Հովհաննես Պուզնունին, այն չորս ուսանողներից մեկը, ում մենք չորս տարի առաջ Խարփութ էինք ուղարկել աստվածաբանական դասընթացների մասնակցելու համար, նույնպես եկել էր այնտեղ. նա Դերսիմի քրդերի օգնությամբ հրաշքով էր մազապուրծ եղել», վերհիշել է նա իր հիշողություններից։ Նրա ծանոթներից էր նաև Մարտիրոս Տեր-Սահակյանը։ Փախստականները հուսալքված էին, և նրանց մեջ պետք էր նորից հավատ ներշնչել դեպի կյանքը։ Միսիոներներն այնտեղ հսկայական աշխատանք ունեյին անելու։
Մինչ 1916թ. նոյեմբեր ամիսը նրանք արդեն հսկայական աշխատանքներ էին կատարել։ Նրանք աշխատատեղեր էին ստեղծել, որի միջոցով ջանում էին հնարավորինս շատ մարդկանց աշխատանքով ապահովել և անհրաժեշտ ապրանքների մատակարարում ապահովել։ Նրանք հիմնել էին «բրդի խանութներ», որտեղ բուրդը մշակվում էր կտոր ստանալու համար, որից զուգագուլպաներ էին կարվում։
Դերձակների կրպակները գնում էին այդ բուրդը և նաև կտորներն էին գնում նոր հագուստ կարելու համար։ «Մենք օրական երկու հարյուր կոստյում ենք արտադրում», վերհիշել է պարոն Յարովն իրենց աշխատանքի մասին, սակայն կարճ ժամանակ անց, նոր փախստականների հսկայական ներհոսքի հետ նրանք իրենց արտադրանքն ավելացնում են, հասցնելով օրական շուրջ 800-ի։ Այդտեղ հիմնվել էին նաև առանձին արհեստանոցներ, որտեղ կարում էին կոշիկներ, մահճակալի պարագաներ (կտորներ, ծածկոցներ, ներքնակներ), բրդից կտոր էին ստանում և շորեր կարում։
«Կառավարության աջակցության ավելացման սուղ պահանջ կար, սակայն մարդիկ գոհ էին իրենց ունեցածով և ստացածով», պատմել է Ռայնոլդսը, «Չնայած նրան, որ դեռ կարիքի մեջ էին, նրանք ասում էին, որ գոհ են իրենց ունեցածով, որ իրենց ձեռքերն ու մտքերը զբաղված են»։
Նրանք հիմնել էին ճաշարաններ, երեխաների համար կաթ բաժանելու կենտրոններ, բժշկական կլինիկա և մանկատներ։ Օգնության աշխատակիցները որբերին երկու մասի էին բաժանել, որպեսզի կարողանան ավելի արդյունավետ կառավարել իրենց աշխատանքները։ Առանց ծնողների երեխաները, ում թիվը հասնում էր շուրջ 17,000-ի, տեղավորվել էին մանկատներում։ Այն երեխաները, ովքեր միակողմանի ծնողազուրկ էին և միայն հայր ունեյին, անվանվել էին «տնային որբեր». նրանց ընդհանուր թիվը հասնում էր շուրջ 3,500-ի, և նրանք ապրում էին 360 տարբեր գյուղերում և քաղաքներում։ Բացի նրանից, որ օգնության աշխատակցիները յուրաքանչյուր երեխայի համար մայրերին տալիս էին 2 ԱՄՆ դոլար, նրանք նաև փորձում էին առաջին հերթին կանանց տեղավորել աշխատանքի, որպեսզի նրանք կարողանային իրենց ընտանիքները միասին պահել։
Չնայած, որ «Հայաստանի և Սիրիայի օգնության ամերիկյան հանձնաժողովը» պարբերաբար գումարներ էր փոխանցում առաքելությանը, 1917թ. փետրվարին միսիոներները նամակ են ուղարկում Նյու Յորք, որով լրացուցիչ 275,000 ԱՄՆ դոլար են խնդրում։ Քանի որ փախստականների թիվը գնալով աճում էր, աճում էին նախ ծախսերը և նոր աշխատանքների անհրաժեշտություն էր առաջանում։ Հուլիս ամսին Սան Ֆրանցիսկոյից ութ հոգուց բաղկացած մի նոր խումբ է ճամփա ընկնում դեպի Երևան, որպեսզի օգնեն փախստականներին օգնության տրամադրման գործում։
Ֆրեդ ՄակՔալըմը դեռևս Էրզրումում էր, երբ երիտասարդ Ավրորա Մարդիգանյանը թուրքական հարեմից փախուստի դիմելուց և երկար ճանապարհ անցնելուց, թափառելուց հետո հայտնվում է օգնության առաքելության շենքում։ ՄակՔալըմը օգնում է Ավրորա Մարդիգանյանին Ռուսաստանով ապահով մեկնել դեպի Նորվեգիա, և այնուհետև ԱՄՆ, որտեղ նրա եղբայրն էր բնակվում։ Հոկտեմբեր ամսին, երբ ՄակՔալըմն ինքը պետք է արդեն մեկներ «Հայաստանի և Սիրիայի օգնության ամերիկյան հանձնաժողովի» Նյու Յորքում գտնվող կենտրոնական գրասենյակ, այդ հյուսիսային ճանապարհը, որով անցել էր Ավրորա Մարդիգանյանը, հնարավոր չէր ընտրել, քանի որ Ռուսաստանում հեղափոխություն էր սկսել։
Փոխարենը, ՄակՔալըմը մեկնում է դեպի Արևելք` «Տրանս-սիբիրյան էքսպրես» երթուղով դեպի Վլադիվոստոկ։ Ճապոնիայում նա հանդիպում է օգնության առաքելության աշխատակիցներից բաղկացած ութ հոգանոց խմբի, ովքեր ճանապարհորդում էին դեպի Ալեքսանդրապոլ։ Այդ ճանապարհով ճանապարհորդելն այնքան վտանգավոր էր այդ ժամանակ, որ նա խմբին խորհորդ է տալիս ճամփա չընկնել, մինչև որ լուր կստանան Թիֆլիսում գտնվող ամերիկյան հյուպատոսից։ Այդ խումբը ստիպված էր սպասել մինչև նոյեմբեր, և կապի վերականգնումից հետո նրանք հյուպատոսից նամակ են ստանում, որում ասված էր.
«Աշխատանքի ծավալը զգալիորեն աճել է։ Ձեր ներկայությունը պարտադիր է։ Ամբողջ խմբով միանգամից եկեք անհապաղ։ (ստորագրված է) Յարով, Մայնարդ, Գրեյսի»։ նամակն ստանալուց անմիջապես հետո խումբը ճանապարհ է ընկնում։ Օգնության կարիքը շարունակում էր անվերջ աճել։
Մինչ այդ, մայիս ամսին, երբ վերջերս թոշակի անցած ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին հարցնում են, թե ինչ կարող է ասել միսիոներների օգնության աշխատանքի վերաբերյալ, նա պատասխանում է. «Երբ այս պատերազմում մասնակցած սրբերի ու հերոսների շարքը կանգնեցվի. այն, ինչ խոսք, շատ երկար է լինելու այն հսկայական արժեքավոր մարդասիրական գործերի համար, որ կատարվել են, և այդ հերոսների և սրբերի շարքում Թուրքիայում ամերիկյան միսիոներների անուններն այդ ցուցակի առաջին տեղերում են լինելու»։ Անշուշտ, այս «Յոթ սամարացիների» անունները նույնպես լինելու են այդ ցուցակի առաջին տեղերում։
ՈՒենդի Էլիոթ, Կանադա
ՈՒենդի Էլիոթի նոր գիրքը, որը վերնագրված է «Կորով ու շնորհ խելագար աշխարհում. 1908-1922թթ. Օսմանյան կայսրության Թալաս բնակավայրում մարդասիրական օգնության մասին», լույս է տեսնելու 2018թ. աշնանը, և այն ավելի մանրամասնորեն է պատմում նշված միսիոներների կողմից կատարված աշքատանքի և 1917-1918թթ. Ալեքսանդրապոլում հիմնված օգնության կենտրոնի մասին։