Լուսավորվել են Շենիկ գյուղի հիմնական փողոցները
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի տեղակայումը։ Համատեղ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում, այս անգամ լուսավորվել են Արմավիրի մարզի Շենիկ գյուղի հիմնական փողոցները` շուրջ 1850մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 52 LED լուսարձակ:
Էներգախնայող համակարգի ներդրումը համայնքային զարգացման կարևոր նախապայմաններից է: էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ միայն թեթևացնել համայնքի ֆինանսական բեռը, աշխուժացնել համայնքային կյանքը, այլև` նպաստել կայուն և մաքուր շրջակա միջավայրի պահպանմանը։
Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Շենիկ համայնքի ղեկավար Կորյուն Մինասյանը և գյուղի բնակիչները:
«Մայրաքաղաքի և հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման տեմպերի միջև մեծ տարբերություն կա: Ենթակառուցվածքների ապահովման անհրաժեշտությունն առկա է շատ բնակավայրերում: Տևական ժամանակ իրականացնում ենք այս ծրագիրը՝ ձգտելով լուծել եղած խնդիրներն ու կրճատել համայնքների ֆինանսական բեռը: Միայն 2017 թվականին հասցրել ենք LED լուսարձակներով աշխատող համակարգ գործարկել 6 մարզի 14 գյուղում: Շենիկը դրանցից մեկն է: Հաճելի է արձանագրել, որ մեզ հաջողվում է որոշակի քայլերով նպաստել նման բնակավայրերի զարգացմանը: Ի վերջո, լուսավորված փողոց ունենալը քաղաքի մենաշնորհը չէ: Դա քաղաքակիրթ կենսաձևի տարրական պայման է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ի տարբերություն այլ լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:
Գյուղի փողոցները կլուսավորվեն ամռանը 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:
Շենիկ գյուղը գտնվում է Արմավիրի մարզի հյուսիս-արևմտյան մասում, սահմանակից է Թուրքիային։
«Այլընտրանքային էներգիա» ծրագրի մասին
Ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:
FPWC-ի մասին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։
Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։
Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։
ՎիվաՍել-ՄՏՍ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
* * *
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com