«Ուզում ես՝ Հրայր Թովմասյան, տո դաժե՝ Գևորգ Կոստանյան ըլնես, շանս չունես ընդհանրապես, եթե Սերժ Սարգսյանի թրի տակով չես անցել». Նիկոլ Փաշինյան

«Ըստ տարածված լուրերի՝ Հրայր Թովմասյանը 1 կամ 1.5 ամսից կփոխարինի Գագիկ Հարությունյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Հրայր Թովմասյանի մասին:

Ն. Փաշինյանը հայտարարեց, որ ինքը հիմա պատեհ է համարում անդրադառնալ Հրայր Թովմասյանի վերջին 15-16 տարիների կենսագրությանը:

«Երեկ ես հարց տվեցի պարոն Թովմասյանին նրա և «Ժառանգություն» կուսակցության առնչությունների մասին: Ես նրան հարցրել էի, թե արդյոք նա «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր անդամ չի՞ եղել: Նա այս հարցին պատասխանելիս՝ ասաց, որ՝ «ոչ, ես հիմնադիր անդամ չեմ եղել», և տպավորություն էր, որ ընդհանրապես «Ժառանգություն» կուսակցության անդամ չի եղել, մինչդեռ պարոն Թովմասյանը եղել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության վարչության անդամ:

Հայաստանի դատական համակարգը ճիշտ այս նույն տրամաբանությամբ է աշխատում: Եթե որևէ մեկի տնից գողություն են արել, դու չպետք է հույս ունենաս, որ ոստիկանները կգտնեն գողին, կպատժեն, դու պետք է ինքդ գնաս հարց ու փորձ անես, գտնես գողին, գողոնը գտնես, վկաներին գտնես, այդ բոլորին գցես մեշոկի մեջ, տանես Ոստիկանություն, տաս, ամեն ինչը ապացուցես, որ իրավապահ համակարգը էլ հնարավորություն չունենա ասի՝ չէ»:

Ն. Փաշինյանը խոսեց այն ժամանակների մասին, երբ Հրայր Թովմասյանն «ընդդիմադիր էր». «2010 թվականի հունիսի 29-ին նա հարցազրույց է տալիս «Ա1+»-ին և հայտարարում՝ «Մարտի 1-ի դատավարություններն ամոթ էին մեր երկրի համար, Մարտի 1-ի դեպքերի լավագույն հանգուցալուծումը համաներումը չէ: Ես գտնում եմ, որ Մարտի 1-ի լավագույն լուծումը հարուցված գործերի կարճումն էր այդ նույն ժամանակահատվածում»: Եվ հրաշք, 5 ամիս անց Հրայր Թովմասյանը նշանակվում է  Արդարադատության նախարար, նաև դառնում է քրեակատարողական հիմնարկների պատասխանատու, ղեկավար և բանտերի քաղաքական ղեկավար, որտեղ գտնվում են Մարտի 1-ի խայտառակ դատավարությունների արդյունքում հայտնված մարդիկ, այդ թվում՝ նաև ձեր խոնարհ ծառան: Ձեր՝ չէ, ժողովրդի»:

Նրա այս վերջին խոսքի վրա ՀՀԿ-ականները սկսեցին տեղից ինչ-որ բաներ ասել: Ն. Փաշինյանը հանգստության կոչ արեց. «Բաղդասարյան, հանգիստ, հանգիստ»:

Նա հայտարարեց, որ Հ. Թովմասյանի նշանակվելուց հետո Մարտի 1-ի դատավարությունների արդյունքում բանտերում հայտնված մարդկանց նկատմամբ «ապօրինությունները» չնվազեցին.

«Գևորգ Դանիելյանի ժամանակվանից սկսած՝ իմ նամակները լկտի ձևով չէին ուղարկում, որովհետև ես ամեն օր հոդված էի գրում թերթի համար: Հրայր Թովմասյանը եկավ, նույն  ձևով շարունակեց,  ասուլիսներ էր տալիս, ասում էր՝ սուտ են ասում, նման բան չկա: Հարց՝ ինչո՞ւ էր մարտիմեկյան խայտառակ դատավարությունները քննադատող մարդը միացել այդ դատավարություններով բանտերում հայտնված մարդկանց հետապնդումներին: Շատ պարզ պատճառով, որովհետև նա արդեն գիծ էր անցել: Նա հայտնվել է պարզ ընտրության առաջ, եթե նա ամեն ինչ չաներ մեծամասնության կանոններին համապատասխան, նրան կասեն՝ կարո՞ղ է՝ քեզ բերել ենք ստեղ, որ դու էլի շարունակես քո ընդդիմադիր կամ ազատամիտ գործունեությունը: Մարդու մոտ վախ է առաջանում տարած-հետ բերածի կարգավիճակում չհայտնվելու, ու ամեն օր ավելի ու ավելի պետք է ապացուցի իր հավատարմությունը Սերժ Սարգսյանին և նրա վարչակազմին: Սա է տրամաբանությունը, որովհետև արդեն հետ գնալու տեղ չկա: Արդեն էլ ի՞նչ»:

Ն. Փաշինյանը հայտարարեց, որ սրանով ինքն ուզում է ցույց տալ, որ Հայաստանում քաղաքական և աշխատանքային առաջընթացի մի հիմնական նախապայման գոյություն ունի՝ «դու Սերժ Սարգսյանի թրի տակով անցե՞լ ես թե՞ չէ». «Ուզում ես՝ Հրայր Թովմասյան, տո դաժե՝ Գևորգ Կոստանյան ըլնես, շանս չունես ընդհանրապես: Ինչքան լավ մասնագետ ուզում ես՝ եղի:  Հրայր Թովմասյանը երբեք Սահմանադրական դատարանի անդամ կամ դատավոր չէր կարող լիներ և չէր լինի, եթե նա անցած չլիներ Սերժ Սարգսյանի թրի տակով»:

Տեսանյութեր

Լրահոս