«Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի փոխվել». Շավարշ Քոչարյանը հիշեցրեց Գուրգեն Մարգարյանի կացնահարության դեպքը և քառօրյա պատերազմը

«Օրեր առաջ տոնեցինք մեր ժամանակակից պատմության ամենավառ իրադարձություններից մեկը՝ Ղարաբաղյան շարժման 30 ամյակը»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում մեկնարկել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը՝ որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումները:

Շ. Քոչարյանի խոսքով՝ 30 տարի առաջ այս օրերին գրվել է նաև մեր տարածաշրջանի պատմության ամենամութ էջերից մեկը, երբ Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու խաղաղ պահանջներին ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից փորձ կատարվեց լռեցնել արցախահայությանը՝ Ադրբեջանի ողջ տարածքով հակահայկական ջարդերի ալիքով: Նա նկատեց, որ այն բռնության ալիքը, որ սկսվեց Սումգայիթում, շարունակվեց Ադրբեջանի այլ վայրերում ևս՝ Կիրովաբադում, Բաքվում:

«Ատելության և հայատյացության այս քաղաքականությունն այսօր դարձել է Ադրբեջանի ղեկավարության ներքին և արտաքին քաղաքականության անքակտելի մասը, որի վրա նրանք կառուցում են ադրբեջանցի ժողովրդի ինքնագիտակցումը և կայացումը: 30 տարվա ընթացքում Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի փոխվել: Մենք դրան ականատես եղանք, երբ 2013 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Ռամիլ Սաֆարովն Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակվեց և հերոսացվեց: 2016 թվականին ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում աշխարհը նորից ականատես եղավ հայերի հանդեպ ադրբեջանական հասարակության սերմանված ատելության քարանձավային դրսևորումներին՝ ուղղված թե՛ խաղաղ բնակչության, թե՛ ռազմագերիների դեմ: Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ քաղաքակիրթ աշխարհի կանոնները և միջազգային իրավունքի նորմերն այդ երկրի իշխանությունների համար դատարկ հնչյուններ են»,- հայտարարեց փոխնախարարը:

Կարդացեք նաև

Ըստ Շ. Քոչարյանի՝ միջազգային մեր գործընկերների մոտ հասունացած է այն գիտակցությունը, որ քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայատյացության քաղաքականությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանում վտանգված են կայունությունը, խաղաղությունը և անվտանգությունը. «Հավատարիմ լինելով Ղարաբաղյան շարժման նպատակներին և գաղափարներին՝  համազգային խնդիրների շուրջ մեր համախմբմամբ, երկրի ներսում և միջազգային հարթակներում հետևողական և  նպատակային աշխատանքով ենք պարտադրելու Ադրբեջանին խաղաղություն՝ բացառելով նոր սումգայիթների հավանականությունը, հասնելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը»:

Տեսանյութեր

Լրահոս