«Իր երկրի ներսում քաղաքական որսն ավարտած՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են այն իրականացնել նաև երկրից դուրս». Արմեն Աշոտյան
Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը՝ որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումները:
Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահԱրմեն Աշոտյանը հայտարարեց, որ Սումգայիթյան ջարդերի հետ կապված ողջ իրողությունն այս 30 տարիների ընթացքում հայտնի է, թեպետ շարունակում են ջրի երես դուրս գալ նաև նոր փաստեր:
«Այս ընթացքում Հայաստանի քաղաքական իշխանությունները հետամուտ են եղել հարցի համարժեք արծարծմանը: Ընդունենք մի կարևոր իրողություն, որ այս տարիների ընթացքում հատկապես միջազգային հանրության շրջանակներում փոխվել են կարևոր դերակատարներ, տեղի է ունեցել սերնդափոխություն, և, ցավոք սրտի, Սումգայիթյան ջարդերը և դրան հետևած այլ գործողությունները, էթնիկ զտումները, որ կատարվել են ադրբեջանական իշխանությունների կողմից, կարծես թե մի պահ մոռացության են մատնվել: Այս լսումները նպատակ ունեն ևս մեկ անգամ վերադարձնել միջազգային հանրությանն այն ողբերգությունները, որ տեղի են ունեցել Արցախյան շարժման ծագման պահից առ այսօր՝ ընդգծելով, որ գեոպոլիտիկ շահերը գուցե կարևոր են, բայց հատկապես եվրոպական քաղաքականությունը պահանջում է քաղաքակրթական հենք»,- հայտարարեց Ա. Աշոտյանը:
Նա նկատեց, որ Եվրոպական խորհրդարանն այս տարիների ընթացքում 10 հատուկ բանաձև է ընդունել Արցախյան հիմնախնդրի հետ կապված. «Դեռևս 1988 թվականի հուլիսին ընդունված բանաձևում Եվրախորհրդարանն արձանագրել է, որ Սովետական Ադրբեջանում տեղի են ունենում հակահայկական ջարդեր՝ Սումգայիթում, և բռնության ակտեր՝ Բաքվում: Դեռևս 30 տարի առաջ Եվրոպական քաղաքական մարմինն Ադրբեջանին կոչ է արել տեր կանգնել և երաշխավորել Սովետական Ադրբեջանում ապրող 500 հազար հայերի անվտանգությունը և կյանքը: Դրան հաջորդել են բազում այլ բանաձևեր»:
Ա. Աշոտյանը նաև հայտնեց, որ Արտաքին հարցերի հանձնաժողովը պատրաստել է Սումգայիթյան ջարդերին նվիրված հայտարարության տեքստ, որին միացել են ՀՀԿ, «Ծառուկյան», ՀՅԴ և «Ելք» խմբակցությունները:
«Բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահի շուրթերից հնչեցված հերթական սպառնալիքը հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ վկայում է այն մասին, որ այդ քաղաքականությունը ծրագրավորված է, միտումնավոր է, շարունակական է ու պատմություն չէ, այն, ցավոք սրտի, իրականություն է: Մեր համարժեք պատասխանը քաղաքական, ռազմական, հասարակական ներուժի վերախմբավորման միջոցով, կարծում եմ՝ լավագույն ձևն է՝ ցույց տալու հայ հասարակության և հայկական պետության գոյության և միասնական լինելու հանգամանքը:
Երեկ նաև Ադրբեջանի կողմից Ինտերպոլի միջոցով հետախուզման հայտարարություն արվեց մեր հայրենակցի՝ Գասպար Կարապետյանի հանդեպ: Գիտեք, որ Գասպար Կարապետյանն արժանի հայորդի է, որն այս տարիների ընթացքում ղեկավարում է Եվրոպական Հայ դատի գրասենյակը: Ակնհայտ է, որ իր երկրի ներսրում քաղաքական որսն ավարտած՝ Ադրբեջանի իշխանությունները սկսում են այդ քաղաքական որսը փորձել իրականացնել նաև երկրից դուրս: Վստահ եմ, որ եվրոպական կառույցները չեն տրվի այն սադրանքներին, որոնք կարող են սահմանափակել մեր ազատության և խոսքի իրավունքը»,- հայտարարեց Ա. Աշոտյանը: