Աշխարհը քաղում է ատելության հռետորաբանության սոսկալի պտուղները. Amnesty International
Աշխարհը քաղում է ատելության հռետորաբանության սոսկալի պտուղները, եւ դա այն բանի վտանգն է ստեղծում, որ մարդկանց խմբերի նկատմամբ խտրականությունը, որոնք առանց այդ էլ խոցելի վիճակում են, նորմա կդառնա: Այս մասին ասված է աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ զեկույցում, որը փետրվարի 22-ին հրապարակել է Amnesty International միջազգային կազմակերպությունը:
Դրանում իրավապաշտպանները վերլուծել են 159 երկրներում այդ բնագավառի դրությունը՝ խոստովանելով, որ արդի աշխարհում չեն գտնվի իսկական գլոբալ առաջնորդներ, որոնք կարողանային մարդու իրավունքների անձնվեր պաշտպաններ դառնալ:
«ԱՄՆ-ի կառավարության՝ ակնհայտ ատելություն քարոզող քայլը, որը հունվարին արգելեց մարդկանց մուտքը առավելապես մուսուլմանական բնակչությամբ մի քանի երկրներից, տոն տվեց ամբողջ տարվան, եւ այդ ընթացքում (աշխարհի) ղեկավարների ատելության քաղաքականությունը հանգեցրեց առավելագույն վտանգավոր արդյունքների»,- հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին:
Այն երկրների ղեկավարների թվում, որոնցում մարդու իրավունքներն առավել խիստ ճնշման են ենթարկվում, Amnesty International-ի գլխավոր քաղտուղարը նշել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիին, Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեին եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին:
«Մարդկության դեմ կատարված հանցագործություններին չնչին պատասխան գործողությունները եւ ռազմական հանցագործությունները Մյանմայից մինչեւ Իրաք, Հարավային Սուդան, Սիրիա եւ Եմեն ընդգծեցին, որ մարդու իրավունքների բնագավառում առաջատարություն չկա»,- նշել է նա: «Դոնալդ Թրամփի մոտեցումները, հնարավոր է, նշանակում են հետընթացի նոր դարաշրջանի սկիզբը մարդու իրավունքների ոլորտում»,- հավելել է Շեթին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: