«Մարդիկ կամ վախեցած են, կամ արտագաղթում են». Արամ Մանուկյան

Հայ ազգային կոնգրեսն Ազատության հրապարակում կազմակերպել է արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հոբելյանական տոնական հավաք։ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ միջոցառումը կուսակցական չէ, նվիրված է արցախյան շարժմանը. «30 տարի առաջ այս հրապարակը ցնցեց ամբողջ աշխարհը, այս հրապարակում սկսվեց շարժում, որը սկիզբ դրեց սովետական կայսրության քայքայմանը։ Ղարաբաղյան ազատագրական շարժումն առաջնեկն էր ամբողջ անկախական շարժումների, այն առաջինն էր ոչ միայն՝ իր սկզբով, այլև՝ իր մոբիլիզացիայով, կազմակերպվածությամբ, հումանիզմով, երկարակեցությամբ և արդյունքով։ Տարբեր երկրներում եղան նման շարժումներ, բայց ամենաարդյունավետն ու քիչ կորուստներովը ղարաբաղյան շարժումն էր։ Այդ շարժման հզոր լինելու հիմնական գաղտնիքը Ղարաբաղ կոմիտեն էր, որը երկար ժամանակ ղեկավարեց շարժումը»։

Կազմակերպված միջոցառումը, ըստ Մանուկյանի՝ նպատակ ունի գոնե մի փոքր վերականգնել այն ոգին, որը կար 1988-ին. «Գոնե մի քիչ մեր ժողովուրդը զգա, որ ինքն այն մեկն էր, ոչ թե այսօրվա 10 հազար դրամանոցը, գոնե մի քիչ զգա, որ մենք ենք այս երկրի հարցերը լուծողը եղել, մենք ենք անկախությունը բերել, Սահմանադրությունն ընդունել՝ իրական քաղաքացու ձայնով։ Այս հրապարակն այն ժամանակ իսկապես դարձավ Ազատության հրապարակ, սա էր մեր շարժման արժեքը՝ առանց վախի, ըմբոստ քաղաքացի, ինչն այսօր դարձել է դիֆիցիտ, չճարվող մի բան։ Մարդիկ կամ վախեցած են, կամ արտագաղթում են»։

Ղարաբաղ Կոմիտեի անդամ Բաբկեն Արաքցյանն էլ պատմեց մի անեկդոտ, որը, ըստ նրա՝ բնորոշում է այսօրվա իրավիճակը. «Մեկը գնում է բժշկի մոտ և գանգատվում, որ իր մարմնի բոլոր մասերը ցավում են։ Բժիշկը հետազոտում է և ասում՝ ձեր մատն է կոտրված, հասկանո՞ւմ եք, մատն է կոտրված»։

Ղարաբաղ կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը նշեց, որ հաջողություն կլինի, եթե ունենանք այն նույն սերը, որը կար 1988-ին. «Այստեղ քաղաքական խնդիրներ չենք լուծում, բայց բոլոր վատին մենք ասելու ենք՝ ոչ։ Մենք այն սերունդն ենք, որն այդ եղանակով մեծագույն հաղթանակների է հասել»։

Հավաքի ընթացքում տեղի ունեցավ պատմաբան Աշոտ Սարգսյանի «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» պատմագիտական աշխատության շնորհանդեսը։

Շարժմանը նվիրված նյութերի ցուցադրությունը կշարունակվի նաև փետրվարի 21-ին և 22-ին։

Տեսանյութեր

Լրահոս