«Պետությունը տնտեսավարողների մոտ շուրջ 80-90 միլիարդ դրամ շրջանառու միջոց է թողնում». Վախթանգ Միրումյանը՝ Հարկային օրենսգրքի մասին
Գործարար միջավայրի կատարելագործմանն ուղղված միջոցառումներով, որոնք ամրագրվել են 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքում, պետությունը տնտեսավարողների մոտ շուրջ 80-90 մլրդ դրամ է թողնում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: «Սա ընդգծված և երկարաժամկետ ռազմավարություն է՝ տնտեսվարողի մոտ շրջանառու միջոցներ թողնելու նպատակով, որոնք նա կարող է ներդնել բիզնեսի մեջ և ընդլայնել տնտեսական գործունեությունը կամ, օրինակ, ավելի մեծ եկամուտ վճարել վարձու աշխատողներին»,-ասաց փոխնախագահը:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի հարկային ինքնուրույն համակարգի պատմության մեջ առաջին անգամ կիրառվում է, ինչպես արտահանողներին, այնպես էլ ՀՀ տարածքում գործունեություն իրականացնողներին ԱԱՀ-ի վերադարձի մեխանիզմը. «20 օրվա ընթացքում ՊԵԿ-ն արդեն ստացել է 14 հայտ՝ 1,4 միլիարդ դրամ նշված գումարով, որը, հիմնավորվելու դեպքում, վերադարձվելու է տնտեսվարող սուբյեկտներին՝ նրանց մոտ ձևավորելով շրջանառու միջոցներ»: ՊԵԿ նախագահի տեղակալը հիշեցրեց, որ տարեսկզբից արտադրական նշանակության մեքենաները, սարքավորումները և հումքը Հայաստան են ներմուծվում՝ առանց մաքսային սահմանին ԱԱՀ վճարելու: «Մեկ ամսվա վիճակագրության համաձայն՝ շուրջ 3 միլիարդ դրամ ԱԱՀ-ի գումար մաքսային սահմանին արդեն չի վճարվել: Տարվա կտրվածքով այդ գումարը կկազմի 40-45 միլիարդ դրամ»,-ավելացրեց նա:
Հարկային օրենսգրքի դրույթներից մեկն էլ ուղղված է ՀՀ-ի միջոցով երրորդ երկրներ արտահանումն ավելի գրավիչ դարձնելուն: Կառավարության կողմից հավանության արժանացած ծրագրերով, եթե ընկերությունը երրորդ երկրներից Հայաստան է ներմուծում ապրանքներ և արտահանում այլ երկրներ, ապա մաքսային սահմանին ԱԱՀ չի գանձվում:
Անդրադառնալով շահութահարկին առնչվող կարգավորումներին՝ Վախթանգ Միրումյանն առանձնացրեց ամորտիզացիայի հնարավորությունը, որն ուղղված է տնտեսվարող սուբյեկտների կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանը: «Բիզնեսի համար կարևոր քայլ է նաև շահութահարկի կանխավճարների այլընտրանքային համակարգի ներդրումը, երբ տնտեսվարողը ստիպված չէ նախորդ տարվա փաստացի շահութահարկի 25 տոկոս չափով եռամսյակային կանխավճարներ կատարել, եթե ընթացիկ տարում պակաս շահույթ է ակնկալում»,-ընդգծեց ՊԵԿ նախագահի տեղակալը:
Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտները արտերկրում կատարված գովազդի, մարքեթինգի կամ կադրերի վերապատրաստման գծով ծախսերն այսուհետ կարող են ամբողջությամբ նվազեցնել՝ առանց որևէ սահմանափակման: «Իսկ ընդհանուր դաշտում գործող անհատ ձեռնարկատերերը 24,4 տոկոս դրույքաչափով եկամտային հարկի փոխարեն վճարելու են 20 տոկոս շահութահարկ»,-տեղեկացրեց կոմիտեի նախագահի տեղակալը՝ հավելելով, որ օրենսգրքով վերացել է նաև ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների ձեռքբերման դիմաց գումարի գանձման և հետագայում հաշվանցման անհրաժեշտությունը: Իսկ այլ պետություններում հաշվառված թեթև մարդատար ավտոմեքենայով մեր երկիր եկող զբոսաշրջիկն այլևս ճանապարհային հարկ չի մուծում:
Վախթանգ Միրումյանն անդրադարձավ նաև հարկային վարչարարության արմատական փոփոխություններին և պարզեցումներին: Մասնավորապես՝ նոր օրենսգրքով տնտեսավարողին հնարավորություն է ընձեռվում ստուգումների ընթացքում ներկայացնել ճշգրտված հաշվարկներ՝ ազատվելով պատասխանատվության ենթարկվելուց: «Հստակեցվել են ստուգումների գործընթացի կասեցումները, իսկ դրանց հիմքերը ճշգրիտ արտացոլվելու են կասեցման հանձնարարագրերում»,-նշեց ՊԵԿ նախագահի տեղակալը՝ տեղեկացնելով, որ ստուգումների որոշ տեսակներ, ինչպիսին է հանդիպակաց ստուգումը, կրճատվել են: Միրումյանը հայտնեց նաև, որ հարկ վճարողներն ավելի երկար ժամանակ են ստացել՝ ստուգման ակտերի նախագծերի վերաբերյալ առարկություն ներկայացնելու համար:
Ընդհանուր առմամբ, ըստ Վախթանգ Միրումյանի, էապես նվազել է հարկային օրենսդրության դրույթները խախտելու համար պատասխանատվությունը: Օրինակ՝ առավելապես ՓՄՁ-ներին առնչվող արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակների համար 1-ին անգամ խախտում կատարելու դեպքում տուգանքի ինստիտուտը փոխարինվել է նախազգուշացմամբ: