«Հնարավոր է` տաք գլուխները Ղարաբաղում փորձեն հարց լուծել զենքով». Վադիմ Դուբնով

168.amի զրուցակիցն է Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան, ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը:

Պարոն Դուբնով, ավարտվեց Մյունխենի անվտանգության 54-րդ համաժողովը, որի «Նե՞րս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շեշտեց Հայաստանի մոտեցումը՝ նշելով, որ հայկական կողմն այլևս չի սպասելու Թուրքիային, նոր պայմաններում Հայաստանը նոր փաստաթուղթ կքննարկի: Ըստ Ձեզ` այլ ելք կա՞ր այս արձանագրությունների «ճակատագրի» համար, քանի որ ՀՀ նախագահը բազմիցս է զգուշացրել թուրքական կողմին, որ Հայաստանը դիմավորելու է 2018 թվականի գարունն առանց հայ-թուրքական արձանագրությունների:

– Այդ արձանագրություններն առանց այն էլ մեռած էին, կարելի է ասել, որ 2018 թվականն այդ արձանագրությունների մահվան տասնամյակն էր: Կարծում եմ, որ ՀՀ նախագահի այդ քայլն այլընտրանք չունի, այն տրամաբանական է, բայց նաև այս ողջ գործընթացի համար դրական հետևանքներ չի ունենա, ինչպես և այդ արձանագրությունները պահպանելը չէր ունենա դրական ելք: Ներկայիս Թուրքիայի հետ, Թուրքիայի հետ հարաբերությունների ներկայիս մակարդակի, թուրքական իշխանությունների ներկա ավադույթների պայմաններում հույսեր կապել այն բանի հետ, որ այդ արձանագրությունները որևէ մեկն առաջ է մղելու, անմիտ է: Դա հասկանալի էր արդեն վաղուց: Պաշտոնական Երևանը բավականին երկար ժամանակ կոշտ դիրքերից էր հանդես գալիս Թուրքիայի հանդեպ, որն արտահայտվում էր նաև ԼՂ հակամարտության գոտում Հայաստանի կտրուկ ուղեգծով: Ուստի, ընդհանուր առմամբ տրամաբանական է այս դիրքորոշումը, բայց ոչ մի կերպով չի խանգարում կողմերին՝ Թուրքիայում ինչ-որ բան փոխվելու դեպքում, Թուրքիայի ղարաբաղյան մոտեցումների փոփոխության դեպքում կամ Հայաստանի ղարաբաղյան սկզբունքների փոփոխության դեպքում, վերադառնալ 2008 թվականի ոգուն, գուցե առանց «Ֆուտբոլային դիվանագիտություն» անվանման, այլ մեկ ուրիշ:

– Թուրքիան ե՞րբ պատրաստ կլինի վերադառնալ այս գործընթացին ավելի կառուցողական մեկնարկային կետից:

– Կարծում եմ` շատ բան պետք է փոխվի: Բայց վստահությամբ կարող եմ նշել, որ հարցն անձերը չեն, այլ մոտեցումները: Պետք է փոխվի իրավիճակը Սիրիայում, պետք է փոխվեն թուրք-ամերիկյան, թուրք-եվրոպական հարաբերությունները, բայց առաջին հերթին, կարծում եմ, պետք է փոխվի իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում. կողմերը պետք է ետ կանգնեն ողբերգական ապրիլից հետո սկսված հռետորաբանությունից, և եթե լինի, եթե չասեմ՝ ջերմացում, ապա գոնե ինչ-որ կառուցողականություն վերադառնա Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթաց, ապա կան շանսեր, որ մեռյալ կետից առաջ կշարժվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները: Բայց այս ուղղությամբ դատողզություններ անելու համար հիմքեր չկան:

– Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև Ալիևի հայտնի` Երևանը և Զանգեզուրը «վերադարձնելու» հայտարարություններին՝ դրանք անվանելով զառանցանք և նշելով, որ Եվրոպայի լռության պայմաններում նման հայտարարությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ: Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում Ալիևի վերոնշյալ հայտարարությունը, Սերժ Սարգսյանի արձագանքն ու պահանջը Եվրոպայից: Ի՞նչ կերպ է պետք արձագանքել նման հայտարարություններին:

– Ես հանրային PR-ի և հանրային արձագանքների մասնագետ չեմ, կխուսափեմ անդրադառնալ արձագանքների ձևերին, դրանք իրենք իրենցով են ձևավորվում: Կարող են լինել արձագանքներ, բայց կարող է և չլինեն, քանի որ դա ինչ-որ նպատակով արված հայտարարություն է: Ակնհայտ է, որ Ալիևի այդ հայտարարությունները պետք է դիտարկել նախընտրական քարոզարշավի շրջանակներում, այստեղ ամեն ինչ շատ թափանցիկ ու հասկանալի է:

Ալիևը սրանով նաև ազդանշան տվեց հայկական կողմին և միջնորդներին, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում և դրանից հետո մի որոշ ժամանակ մոռանալու է բանակցային գործընթացի մասին, պետք է մոռանալ առաջընթացների և այլնի մասին:

Նախընտրական փուլից հետո այս հռետորաբանությունը կսկսի մեղմանալ:

Ներկայումս բանակցային գործընթացը Բաքվին բացարձակ չի հետաքրքրում: Որքանով ես եմ հասկանում, սա համաձայնեցվում է նաև Երևանի դիրքորոշումների հետ, նման տպավորություն ունեմ, քանի որ Երևանը ևս առաջընթաց չի ակնկալում բանակցություններից այս փուլում, և Հայաստանում դեռ շարունակվում է պարզորեն լսվել «ապրիլյան արձագանքն» այն մասին, թե «ինչի մասին մենք պետք է խոսենք Բաքվի հետ»: Հետաքրքիրն այն է, որ կողմերը շատ հեշտությամբ կոնսենսուս են ձեռք բերում միայն մեկ հարցում` բանակցություններն ակտիվորեն չշարունակելու հարցում:

– Ձեր կարծիքով՝ հետընտրական շրջանն ինչպիսի՞ն կլինի՝ հաշվի առնելով Ալիևի այս հայտարարությունները և սպասվող ներքաղաքական լարումներն Ալիևի հավանական հաղթանակի դեպքում:

– Կարծում եմ` հետընտրական բանակցային դադար կլինի: Դժվար է պատկերացնել, որ ընտրությունների հաջորդ օրը բանակցությունները վերսկսվեն, կամ նախագահները զանգահարեն միմյանց ու ներողություն խնդրեն՝ առաջարկելով շարունակել նախորդ գործընթացը: Կարծում եմ՝ մի քանի ամիս դադար կլինի, ապա հետզհետե վերադարձ ավանդական բանակցային գործընթացին, իհարկե, եթե չլինեն բռնկումներ հակամարտության գոտում, ինչը, ցավոք սրտի, այս դեպքում միշտ կարող է պատահել:

– ԱՄՆ Ազգային հետախուզությունն օրերս հրապարակել էր գնահատական աշխարհում հնարավոր սպառնալիքների առնչությամբ: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որտեղ ամերիկյան կողմը 2018 թվականին բռնության նոր դրսևորումների ռիսկ է տեսնում: Համամի՞տ եք այն ռիսկերի հետ, որոնք ամերիկյան կողմն է թվարկում:

– Ինչպես ասացի, բախումների վտանգ միշտ կա: Սակայն այդ ռիսկերը ես կապում եմ հենց բանակցային գործընթացի ընդհատման հետ, քանի որ բանակցային գործընթաց ասելով՝ ես նկատի ունեմ ոչ միայն խաղաղության պահպանման ռազմավարական պայմանավորվածությունները, այլև տեխնիկական աշխատանքները, հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված քայլերը: Քանի որ այս հարցում ևս դադար են վերցնելու կողմերը, ապա ես չեմ բացառում, որ տաք գլուխներ կհայտնվեն այս կամ այն կողմում, որոնք կարող են հրապուրվել իրավիճակը սրելու հարցով և ինչ-որ հարցեր լուծելու հեռանկարով: Իսկ երբ տեխնիկական մոնիտորինգն ընթացքի մեջ է, դա մեծ լծակ է:

– Ամերիկյան զեկույցում նշված էր նաև հնարավոր պատերազմի դեպքում մոսկովյան արձագանքի մասին: Ըստ այդ զեկույցի՝ Մոսկվան կաջակցի Երևանին: Ինչպե՞ս իրեն կդրսևորի Մոսկվան:

– Քանի որ ես ակնկալում եմ, որ հնարավոր գործողությունները կլինեն պակաս ինտենսիվ, քան ապրիլյան պատերազմն էր, ապա կարծում եմ, որ Մոսկվան կփորձի օգուտներ քաղել, կարելի է ասել, երկշաբաթյա օգուտներ, կողմերին կհրավիրի Մոսկվա՝ ռազմական գործողությունների դադարեցման, բանակցություններն ակտիվացնելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս