Ադրբեջանը նպատակաուղղված կերպով ձգձգում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը. Արցախի ԱԳ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախ-Ադրբեջան-Հայաստան եռակողմ բանակցությունների վերսկսմանը, այլ ոչ թե նոր բանակցային ճարտարապետության ստեղծմանը։

Այսպես է կարծում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Անդրադառնալով Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեհլերի այն մտքին, որ «ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային սեղանին առկա են վերջնական կարգավիճակի մասին որոշ սկզբունքներ, սակայն չկա բանակցային գործընթացի իրական ճարտարապետություն»` պաշտոնյան ասել է, որ լիարժեք են այն բանակցությունները, որոնք տարվում են 1994 թվականի մայիսին հրադադարի մասին համաձայնագիր ստորագրած երեք կողմերի՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև։

Եվ հենց այդ ձևաչափն է ամրագրված ԵԱՀԽ/ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում։ «Անհրաժեշտ է նաև նշել, որ լիարժեք ձևաչափով բանակցությունների բացակայությունը Ադրբեջանի ղեկավարության՝ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու քաղաքական կամքի բացակայության ածանցյալն է։ Խոչընդոտելով Արցախի ուղղակի և լիարժեք մասնակցությամբ եռակողմ բանակցությունների վերսկսումը, հրաժարվելով կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված խաղաղարար նախաձեռնությունների իրականացումից, վարելով հակամարտության սրման հետևողական քաղաքականություն՝ Ադրբեջանը նպատակաուղղված կերպով ձգձգում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը»,-ասել է Արցախի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը:

Նա հիշեցրել է, որ լիարժեք ձևաչափով բանակցությունները ժամանակին ընդհատվել են ադրբեջանական կողմի մեքենայությունների արդյունքում։ Պաշտոնյայի խոսքով` մեծ քաղաքական համաձայնագրի մշակման համար տարվող բուռն աշխատանքների ժամանակ Ադրբեջանը սկսել է պնդել կարգավորման սկզբունքների մշակման վրա՝ որպես բանակցությունների շարունակման հիմք։ Իսկ այժմ հենց այդ երկիրն առաջարկում է հրաժարվել հակամարտության կարգավորման սկզբունքների իր իսկ նախաձեռնած քննարկումից: «Ադրբեջանն սկսել է ինչ-որ կառուցվածքավորված բանակցություններ: Ադրբեջանական իշխանությունների նմանատիպ անհետևողականությունը կասկած չի հարուցում նրանում, որ տվյալ նախաձեռնությունը, ինչպես և նախորդները, ընդամենը հնարք է, որը պայմանավորված է Ադրբեջանի դժկամությամբ՝ ընդունելու Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքը որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հիմք»,-եզրափակել է Մասիս Մայիլյանը:

Տեսանյութեր

Լրահոս