«Սա շատ ավելի մտահոգիչ է, քան այլ խնդիրներ». Լևոն Մկրտչյանը՝ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի փոխդեկանի պահվածքի մասին

ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում «Արտասահմանյան գրականությունն» այլևս հիմնական առարկա չէ: Բուհի գիտխորհրդի որոշմամբ, եթե «Արտասահմանյան գրականություն» առարկան ուսանողներն անցնում էին 7 կիսամյակ, նոր փոփոխություններով առարկայի ուսուցման մասնաբաժինը կդառնա ընդամենը շուրջ 1,5 կիսամյակ: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով այս խնդրին՝ ասաց, որ այսօր այցելելու է ԵՊՀ ռեկտորին.

«Եթե դա հաստատվի, ապա անթույլատրելի է։ Համալսարաններն իսկապես պետք է լինեն անկախ, իրենք պետք է տնօրինեն, բայց չմոռանանք, որ համալսարանների մեծ մասի հիմնադիրը ՀՀ-ն է, և բնականաբար, իրենց առաքելությունը, իրենց ուղղվածությունը շատ կարևոր է»։

Ինչ վերաբերում է ուսանողների ակտիվությանը, նախարարը դա դրական է գնահատում. «Եթե երիտասարդները ցանկանում են մասնակից լինել համալսարանական կառավարմանը, դրական գործընթաց է, պարզապես պետք է լինի օրենքի շրջանակում, համալսարանական կարգ ու վարքի շրջանակում։ Ինձ համար շատ ավելի մտահոգիչ է փոխդեկանի հետ կապված իրավիճակը։ Ես 81 թվականից համալսարանից դուրս չեմ եկել, և այդպիսի խոսք որևէ անգամ չի եղել»։

Հիշեցնենք, որ  ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանն իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել: Ըստ հրապարակված տեղեկատվության` վիճաբանության պատճառը եղել է այն, որ փոխդեկանն ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկություններ է արել, նրա հարազատներն էլ եկել՝ փոխդեկանին հորդորել են նման պահվածք չցուցաբերել, ինչն էլ հանգեցրել է ծեծկռտուքի:

Նախարար Լևոն Մկրտչյանը նկատեց. «Սա շատ ավելի մտահոգիչ է, քան այլ խնդիրներ, որովհետև ինքը պետք է կարողանա մակարդակ պահել։ Ռեկտորը երևի կհստակեցնի՝ դա պրովոկացիա՞ է, թե՞ ոչ, որից հետո կխոսենք»։

Տեսանյութեր

Լրահոս