Բաժիններ՝

Հարկային օրենսգրքի «թակարդները» բացահայտվում են

Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգիրքը հարկ վճարողների համար լարված «թակարդների» մի ամբողջ փունջ բերեց, որոնք օր օրի բացահայտվում են։ Այդ թակարդներից հերթականն արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների շրջանակներում առկա խնդիրներն են, որ հաշվառման կանոնները սահմանում է ՀՕ Հոդված 16-ը.

«1) ապրանքների ներմուծման կամ արտահանման գործառնությունների մասով ձևավորվող հարկման բազաները և ապրանքների սկզբնական արժեքները որոշվում են՝
ա. ԵՏՄ անդամ չհամարվող պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում՝ համապատասխանաբար ապրանքի ներմուծման կամ ապրանքի արտահանման մաքսային հայտարարագրի գրանցման ամսաթվի դրությամբ (անկախ հետագայում այդ գործառնությունների մասով ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքի ներմուծման ճշտված մաքսային հայտարարագիր կամ ապրանքի արտահանման ճշտված մաքսային հայտարարագիր ներկայացնելու հանգամանքից)՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից,

բ. ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում՝ համապատասխանաբար ապրանքի ներմուծման կամ ապրանքի արտահանման հարկային հայտարարագրի ամսաթվի դրությամբ (անկախ հետագայում այդ գործառնությունների մասով ապրանքի ներմուծման ճշտված հարկային հայտարարագիր կամ ապրանքի արտահանման ճշտված հարկային հայտարարագիր ներկայացնելու հանգամանքից)՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից»:

Այս դրույթները բուռն քննարկումների տեղիք են տվել տնտեսվարողների ու հաշվապահների շրջանում: «Հարկ վճարողների պաշտպանություն» հ/կ-ն խմբավորել է այդ քննարկումներն ու առաջարկները և ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեին` մտորումների համար:

Ըստ այդմ` տնտեսվարողները գտնում են, որ ոչ ԵՏՄ երկրներից ներմուծման դեպքում սկզբնական արժեքի որոշման իմաստով ներմուծման օրվա ԿԲ-ի կուրսը հիմք ընդունելը նորմալ է, որովհետև հենց այդ օրն էլ այն կազմվում է, իսկ ԵՏՄ-ից ներմուծման դեպքում ներմուծման հայտարարագիր ներկայացնելու օրվա կուրսը ապրանքի ինքնարժեքի հաշվարկման համար հիմք ընդունելն ամբողջովին սխալ կլինի։

Ստացվում է, որ 50-20 օր ժամանակ է տրվում ԵՏՄ-ից ներմուծած ապրանքի համար հայտարարագիր ներկայացնելու և ԱԱՀ-ն վճարելու համար, բայց իրականում այս հոդվածով ստիպում են հենց ներմուծման օրը հապշտապ կազմել ներմուծման հայտարարագիրը, վճարել ԱԱՀ-ն ու այդ կուրսով ինքնարժեք ձևավորել, որ այդ օրվանից սկսած հնարավոր լինի նաև վաճառքի գին սահմանել ու վերջապես վաճառել ապրանքը։

Փաստորեն, եթե ԱԱՀ-ն նույն օրը չվճարվի, այդ դեպքում ապրանքի իրական ինքնարժեքի որոշման առումով տնտեսվարողները հաշվապահորեն պարտավոր են ներմուծման օրվա ԿԲ-ի կուրսով ինքնարժեք հաշվել, իսկ հարկային հաշվառման մասով էլ` առանձին: Հաշվապահների համար սա վերածվել է տանջանքի և լուրջ դժգոհություն է հարուցել ՀՕ հեղինակների հանդեպ: Այս իրավիճակը միանշանակ բնորոշվում է՝ որպես դեգրադացում, հետընթաց, և հիշեցնում է 1997թ., երբ հաշվետվության վրա հասցեի «ք. Երևան» բառի բացակայության պատճառով հարկայինը հետ էր ուղարկում այն:

Ընդ որում` ՀՕ պահանջներն այնքան շատ են, որ կատարելու համար ընկերությունը պարտավոր է լինելու մի քանի հաշվապահ ու հաշվետար պահել. աշխատողին աշխատանքի ընդունում-ազատում նույն օրում, ներմուծում-արտահանում նույն օրում, եկամտային հարկի հաշվարկում՝ նաև տաբելի վարում, ՀԴՄ-ն ծախս կհամարվի միայն հուլիսի 1-ից, ՀԴՄ վաճառքում չկա, բայց գինն արդեն 3 անգամ թանկացել է, դրոշմանիշերը պետք է 2018-2019թթ. ըստ եռամսյակների պահանջվող քանակների կանխատեսել… ՊԵԿ-ն աշխատողների մասին անգամ այնպիսի տեղեկատվություն է պահանջում այս օրերին, որն իրենց մոտ արդեն մի քանի տարի կա:

Հանուն արդարության՝ հարկ է նշել, որ ՊԵԿ-ի աշխատակիցների մի մասը գոհունակություն է հայտնում առկա խնդիրների բարձաձայնման համար, քանի որ նրանք էլ շահագրգիռ են, որ հստակություն լինի: Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունները շատերն անօգուտ են համարում և կարծում են, որ ավելի հեշտ կլինի նորը մշակել, քան եղած թերացումներն ու թակարդները վերացնել:

Թե ի՞նչ լուծում կգտնեն կամ կցանկանա՞ն գտնել պատասխանատու չինովնիկները, գիտեն միայն իրենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս