«Ալիևը գիտականորեն լիովին հիմնավորված ագրեսոր է. պետք է լուրջ վերաբերվել նրա հայտարարություններին»

Վերջին օրերին հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ ելույթն իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության 6-րդ համագումարում, որտեղ նա հայտարարել էր, թե Ադրբեջանի քաղաքական և ռազմավարական նպատակը Երևանը վերադարձնելն է՝ նշելով, որ այն «իրենց պատմական տարածքն է»:

«Երևանը մեր պատմական տարածքն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ պատմական հողեր: Դա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է, որին մենք պետք է աստիճանաբար մոտենանք»,- նշել է Ադրբեջանի նախագահը: Ալիևն Ադրբեջանի պատմական տարածքներ է անվանել նաև Գյոյչե (Սևան) լիճն ու Զանգեզուրի շրջանը՝ նշելով, որ այդ մասին պետք է իմանա ամբողջ աշխարհը: Նաև հավելել էր, թե Ադրբեջանում ներկայումս «պատմական հողերի հետ Ադրբեջանի կապի մասին գրվում են խոշոր գիտական աշխատություններ, նկարահանվում են ֆիլմեր, կազմակերպվում են ցուցահանդեսներ»:

Ալիևյան սպառնալիքները ՀՀ իշխանությունները մեծամասնությամբ «զառանցանք» որակեցին, ոմանք հռետորաբանության մակարդակում առանձնապես չկարևորեցին և լուրջ չվերաբերվեցին Երևանը գրավելու՝ Ալիևի մտադրությանը:

«168 Ժամն» Ալիևի վերոնշյալ հայտարարության, ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին զրուցել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ:

– Պարոն գեներալ, Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հիշել է Երևանի մասին՝ այս անգամ նշելով, որ Ադրբեջանի քաղաքական և ռազմավարական նպատակը Երևանը, Սևանա լիճն ու Զանգեզուրի շրջանը վերադարձնելն է: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:

– Ես վստահ կարող եմ նշել, որ Ալիևը գիտականորեն լիովին հիմնավորված ագրեսոր է, իսկապես ագրեսոր: Նրան հիմար անվանելը տեղին չէ, քանի որ նա այն մասշտաբի ագրեսոր է, որն իր վախկոտության պատճառով դահիճ է դարձել: Ադրբեջանը պանթյուրքիզմի քաղաքականություն է վարում` օտար երկրների տարածքների գրավման միջոցով սեփական բանտային պետության ստեղծման ձգտում այդ ազգերի ստրկացման, նրանց ոչնչացման միջոցով:

Եթե Արևմտյան Հայաստանի դեպքում Թուրքիան Գալիպոլիի կողմից հայերին ոչնչացնում էր, հարստահարում, տարածքները գրավում, մեր հայ ազգին ոչնչացնում, ապա այս կողմից արդեն Ալիևն է առաջադրանքներ ստացել, քանի որ Ալիևի Ադրբեջանը երկրորդ թուրքական պետությունն է, ուստի այդ ագրեսիան հասկանալի է: Ինձ համար ցավալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի նկատում, որ Ալիևը խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ագրեսիվ, ատելության դիրքերից է հանդես գալիս անկախ երկրի հանդեպ, ԱԽ-ն միջոցներ չի ձեռնարկում:

Չգիտես՝ ինչու, Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ նախագահը, ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարությամբ չեն դիմել ԱԽ-ին՝ այդ ագրեսորին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Չէ՞ որ այդ ագրեսորը մշտապես ռազմատենչ հայտարարություններ է անում անկախ պետության հանդեպ՝ նենգափոխելով պատմական փաստերը: Ալիևն իր ազգին ատելությամբ է լցնում հայ ժողովրդի նկատմամբ այն նպատակով, որպեսզի նոր սերունդները ևս պատերազմեն Հայաստանի դեմ, իբրև թե հանուն ադրբեջանական տարածքների ազատագրման: Հայաստանում հենց դա պետք է հասկանան, որ նա ագրեսոր է: Վրաստանի Մառնեուլի քաղաքի դպրոցների 8-րդ դասարանի պատմության դասագրքում նույնիսկ նշված է, որ, իբրև թե Թբիլիսին ևս ադրբեջանական տարածք է, նույնիսկ եղել է դեպք, որ Ալիևը նշել է` Դաղստանի Դերբենդն է ադրբեջանական:

Նա այդպիսին է: Իսկ մեր Գիտությունների ակադեմիան, մեր երկիրը, մեր Հայաստանը շատ քիչ հոդվածներ է հրապարակում մեր հայրենիքի, մեր պատմության ու տարածքների մասին, Ադրբեջանի կազմավորման մասին: Խանություններ կային, այդպես էին անվանում` Երևանի խանություն, Գալիպոլիի խանություն, մեր երկիրը բաժանվել էր երկու մասին, թուրքերն էին գրավել և պարսիկները, մեր տարածքները կոչվում էին խանություններ մինչև 1813 թվականին Գյուլիստանի համաձայնագիրը,Արևմտյան Հայաստան, Արևելյան Հայաստան, այդ տարածքներում ապրել են և՛ քրդեր, և՛ եզդիներ, բայց դրանք հայկական տարածքներ են: Մենք մեր պատմական հողերն ազատագրեցինք, բայց մինչև Քուռ գետը պետք է ազատագրեինք:

– Այս վերջին հայտարարությունից հետո Հայաստանում շատերն են ծաղրում Ալիևին, կատակի վերածում նրա սպառնալիքները: Ըստ Ձեզ` Ալիևը կատա՞կ է անում: Որքանո՞վ պետք է լուրջ վերաբերվել այս հայտարարություններին, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել:

– Մենք` հայերս, երբեք չպետք է ծաղրենք այդ ագրեսորների հայտարարությունները, որոնք գիտականորեն ապացուցում են, որ իբրև թե դրանք իրենց հողերն են, և այլն: Այս հարցի վերաբերյալ կատակները տեղին չեն, պետք է շատ լուրջ ընդունել այս ագրեսիվ արտահայտությունները, պետք է հասկանալ, որ սա կարծիքի հետախուզություն է, երբ բոլորը ծաղրում են, բայց դրա ներքո լուրջ ծրագրեր են թաքնված, և նման հայտարարություններով հետախուզություն է տեղի ունենում:

Երբ հայկական կողմը լրջորեն չի արձագանքում, Ալիևը մտածում է, որ իր քաղաքականությունն անցնում է, անում է հաջորդ քայլը, հետո` հաջորդը, և այդպես շարունակ: Կատակներ է անում նա, ով հիմար է, իսկ գիտակից անձնավորությունն այդ հարցով կատակ չի անում, ես ինչպե՞ս կարող եմ կատակել: Ինչո՞ւ են կատակում, այս ամենը չափազանց լուրջ պետք է ընկալել:

Օրինակ` Հիտլերն ասում էր, որ սա իր հողն է, նա չէր կատակում, նա հարձակվում էր, Թրամփն ասում է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի թշնամին է, Չինաստանը ԱՄՆ-ի թշնամին է, նշանակում է, որ նա անպայմանորեն հարձակվելու է, և միայն Ռուսաստանի ու Չինաստանի հզորությունը թուլ չի տա հարձակվել, քանի որ հարձակման դեպքում ԱՄՆ-ը կոչնչացվի այնպես, ինչպես ցանկացած երկիր, քանի որ Ռուսաստանն ունի զինված պայքարի համար անհրաժեշտ բոլոր միջոցները:

Վերադառնամ հայկական թեմային. ոչ մի հայ իրավունք չունի կատակել, երբ իրեն ծաղրում են և հայկական հողը ճանաչում՝ որպես ադրբեջանական: Նա մեր հողն անվանում է ադրբեջանական, ո՞րն է այստեղ կատակը: Այդ ագրեսորը սկսում է մեզ սպառնալ և ասել, որ կոչնչացնի մեզ, իրեն մեր հողն է պետք, իսկ մենք` ոչ: Նրանք Ղարաբաղը ցանկանում են՝ առանց ժողովրդի, ժողովուրդն իրեն պետք չէ, այդ ժողովուրդը, ըստ նրա, պետք է ոչնչացվի, սա պանթյուրքիզմ է, նրանք թուրքեր են:

Խոսեմ քայլերից: Հայաստանը պետք է լուրջ բողոք արտահայտի այս հայտարարությունների վերաբերյալ խորհրդարանական, նախագահական մակարդակներում, ՄԱԿ-ի, ԱԽ-ի հարթակներում այս տականքին պատասխանատվության կանչելու նպատակով ատելություն սերմանելու համար նա հիմարացնում է իր ժողովրդին, աղքատության մեջ է պահում, սակայն՝ զինվում ամենաբարձր մակարդակով:

Նա ցանկանում է ոչ միայն Ղարաբաղի, Հայաստանի, այլև Իրանի վրա հարձակվել, սա շատ վտանգավոր ագրեսոր է, և նրա հետ կատակել չի կարելի: Հայկական զորքերը միշտ ռազմական պատրաստականության վիճակում պետք է լինեն, բարձր աստիճանի մարտունակության պետք է բերվեն, ցանկացած սխալի դեպքում պետք է հարվածներ հասցնել, Ադրբեջանի ցանկացած «փռշտոցի» պետք է պատասխանել հարվածներով և հայտարարել այդ մասին ողջ աշխարհին: Այսպես է պետք գործել, այլ ոչ թե՝ ծիծաղել, ասել, որ նա հիմարիկ է: Նա հիմարիկ չէ:

Վերջերս, նկատի ունեմ՝ երկու-երեք տարի առաջ, նա կարողացավ ռուսական երկու գյուղ գրավել, և Ռուսաստանը լռում է, իսկ դա արել է ընկեր Մեդվեդևը, Ալիևը քիչ-քիչ գրավում է ամեն ինչ, իսկ Հայաստանի ուղղությամբ ավելի ագրեսիվ քաղաքականություն է վարում, ինչո՞ւ երկրորդ երկաթգիծը կառուցեց Հայաստանի շուրջ, նա կարող է նաև թիրախավորել Դաղստանը, Ռուսաստանի Դաշնությանը, Ռուսաստանը նրա ընկերն է իբրև թե, բայց Ադրբեջանն ու Թուրքիան չափազանց անպիտան, ագրեսիվ, ցեղասպան պետություններ են, այսօր նրանք ժպտում են, ընկերական և եղբայրական հարաբերությունների մեջ են, իսկ վաղը կարող են մեջքին այնպիսի դավաճանական հարված հասցնել, ուշ կլինի, քանի որ նա կգրավի և կստրկացնի: Այս մարդկանց հետ կատակել չի կարելի: Այստեղ ուժ է պետք՝ ճնշելու համար, հզոր հարվածներով պատասխանելու համար:

– ԱՄՆ Ազգային հետախուզությունը փետրվարի 13-ին զեկույց է հրապարակել աշխարհում հնարավոր սպառնալիքների առնչությամբ: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որտեղ ամերիկյան կողմը 2018թ. բռնության նոր դրսևորումների ռիսկ է տեսնում: Այս տարի կա՞ արդյոք ռազմական գործողությունների վերսկսման վտանգ:

– Այստեղ, նույնիսկ առանց Ամերիկյան հետախուզության էլ, ամեն ինչ պարզ է, եթե այդ երկրի իշխանությունն արդեն նշում է, որ ոչ թե Ղարաբաղն է իրենը, այլ Երևանը, նա հզորանում է, զինվում: Իսկ Դուք գիտեք, չէ՞, եթե զենքը կախված է, այն անպայմանորեն կրակում է: Ադրբեջանն այնքան սպառազինություն, ռազմական միջոցներ է ձեռք բերել, որ կարող է ցանկացած պահի հարձակվել, նա պարզապես պահ է փնտրում, հարմար ակնթարթ, երբ հայկական կողմի զգոնությունը կթուլանա, երբ միջկառավարական լարված հարաբերություններ կլինեն, երբ երկրի ներսում խժդժություններ կլինեն:

Այսինքն` ցանկացած պահի նա կարող է հարված հասցնել և պատերազմ սկսել, ուստի մեր խնդիրն է՝ զգոն լինել, զբաղվել ռազմական պատրաստություններով, զինվել, փոխել համակարգի կառուցվածքը, փոխել տակտիկան, պաշտպանությունը, փոխել կրակի համակարգը, փոխել կոորդինացիոն համակարգը, կատարելագործվել պարուրաձև, ոչ թե՝ շրջանակային, և շատ լուրջ վերաբերվել մեր երկրների անվտանգությանը:

– Ձեր գնահատմամբ՝ հայկական կողմը պատրաստվո՞ւմ է այնպես, ինչպես Դուք եք նշում:

– Դա հայկական կողմի խղճին է, ես իշխանության շարքում չեմ, ես միայն գիտեմ, որ կան Զինված ուժերը, որը մենք ստեղծել ենք հայոց պատմության մեջ առաջին անգամ, ես մասնակից եմ այդ գործընթացին: Այն ժամանակ Ադրբեջանի նպատակը հետևյալն էր` Ղարաբաղի գրավում, Զանգեզուրի գրավում, միացում Նախիջևանի հետ, Նախիջևանից հարձակում Երևանի վրա: Սա էր ծրագիրը, բայց մենք այն ժամանակ ջարդեցինք այս մտադրությունը և ազատագրեցինք մեր Արցախը, Ադրբեջանը պարտվեց, բայց այդ գաղափարն ապրում է, փաստորեն ապրում է, նա շարունակում է զինվել, քանի որ սխալ փաստաթուղթ ստորագրվեց հրադադարի մասին, հիմարություն, ապաշնորհ մարդիկ սխալ փաստաթուղթ ստորագրեցին պատերազմը դադարեցնելու մասին. կրակը դադարեցնել, ի՞նչ հիմարություն էր դա:

Պատերազմն ավարտվում է և անակնկալ կերպով 45 թվականին սովետական իշխանությունը, Ստալինը կրակի դադարեցման պայմանագի՞ր կնքեց, ոչ, եղավ կապիտուլյացիա, քանի որ նրանք պարտվել էին և խնդրեցին դադարեցնել ռազմական գործողությունները, Ալիևը խնդրել էր, ուրեմն պետք էր կապիտուլյացիա պահանջել, սահման և Արցախի անկախություն: Ոչ, կնքեցին հրադադար, բայց նա չի դադարեցնում կրակը, նա խախտում է այդ համաձայնագիրը և երբեք չի դադարեցնի, քանի որ նա ագրեսոր է, նա պարտվել է, բայց նա անպայման ցանկանում է հաղթել, հատկապես, երբ տեսնում է, որ Հայաստանն այնքան էլ հարուստ չէ, բայց նա մոռանում է, որ հայերն արդեն այն ժողովուրդը չեն, սա զինված պետություն է, ունի բանակ, և որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե ով կհաղթի, պատերազմի դեպքում ոչ մեկը նման կանխատեսում անել չի կարող:

Ամեն բան կարող է պատահել, կարող է և՛ մեկ, և՛ մյուս կողմը ոչնչանալ, պատերազմն անկանխատեսելի ընթացք է այնպես, ինչպես ապրիլյան գործողությունների ժամանակ, երբ նրա հաշվարկները սխալ դուրս եկան, նրա գեներալները չկարողացան դրված խնդիրը լուծել, նրանք կրկին պարտվեցին:

Տեսանյութեր

Լրահոս