«Շիրակ» օդանավակայանի նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է նոր ավիաընկերությունների կողմից
«Արմենպրես»-ը զրուցել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ
-Պարոն մարզպետ, այս տարի լրանում է երկրաշարժի 30-րդ տարելիցը։ Աղետի գոտում ի՞նչ խնդիրներ են շարունակում չլուծված մնալ։ Դեռ քանի՞ անօթևան ընտանիք է սպասում բնակարանի։
-Իրապես, երկրաշարժը երբեմնի արդյունաբերական քաղաքի բոլոր հզորությունները կործանեց: Անդառնալի մարդկային կորստից զատ, լուրջ կորուստներ եղան բնակֆոնդի առումով: Տասնամյակների ընթացքում մարզում բավական լուրջ ու ծավալուն վերականգնողական աշխատանքներ են իրականացվել: Միայն 2017թ. իրականացված «Բնակարանների գնման վկայագրեր» (ԲԳՎ) ծրագրի միջոցով Գյումրի քաղաքում շահառու ճանաչված 82 ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ:
Դեռևս բնակարանային փոխհատուցում չեն ստացել մարզի 12 գյուղական բնակավայրերում երկրաշարժից անօթևան մնացած և ՀՀ քաղաքաշինության նախարարի /ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի/ համապատասխան հրամաններով բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված 162 ընտանիքներ: Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անհատական բնակելի տուն կորցրած և Գյումրու քաղաքապետարանի 01.11.2008թ. դրությամբ հաստատված երկրաշարժից անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված 94 ընտանիքների համար նույնպես դեռևս չի իրականացվել բնակարանային ապահովման ծրագիր:
Եթե ընդհանրացնեմ, ապա պետք է նշել, որ 1988թ. երկրաշարժից հետո մինչև օրս իրականացված բնակարանային շինարարության, ԲԳՎ տրամադրման միջոցով բնակարանային ապահովման, ինչպես նաև անհատույց ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրերի շրջանակներում բարելավվել են թվով 23133 (Գյումրի քաղաքում՝ 21184) անօթևան ընտանիքների բնակարանային պայմանները:
Այս ամենով հանդերձ, բնականաբար, անելիքներ դեռևս շատ կան: Քաղաքաշինության ոլորտում բարեփոխումների իրականացման համար դեռևս առկա հիմնախնդիրներից առավելապես կարևորվում է տասնյակ տարիներ շահագործված և երկրաշարժի հետևանքով 3-րդ աստիճանի վնասվածության թվով 118 (որից 88-ը՝ Գյումրիում) բազմաբնակարան բնակելի շենքերի ամրացման-վերականգնման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: ՀՀ Շիրակի մարզի 2019-2021 թ.թ. ՄԺԾ ծրագրի հայտում առաջարկվել է 118 շենքերից թվով 42 շենքերը, որոնք ընդգրկված չեն պատմամշակութային հուշարձանների ցանկում և իրենցից մշակութային արժեք չեն ներկայացնում ապամոնտաժել ու փուլ առ փուլ 874 ընտանիքների համար իրականացնել ԲԳՎ-ների տրամադրման ծրագիր (խնդրի լուծումը նման եղանակով կբերի շուրջ 3.101 մլրդ դրամ գումարի տնտեսում):
– Մարզում գործազրկության ինչպիսի՞ մակարդակ կա և ի ՞նչ
ներդրումային ծրագրեր են ակնկալվում, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով կնպաստեն աշխատատեղերի ստեղծմանը։
-2018 թվականի հունվարի մեկի դրությամբ Շիրակի մարզում գրանցված աշխատանք փնտրողների թիվը 16 հազար է, նրանցից 12886-ը ունի գործազուրկի կարգավիճակ: Գործազրկությունն ու աղքատությունը մեր մարզի գերխնդիրներն են շարունակում մնալ, այնպես, որ ոչ մեկի համար գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ աշխատատեղերի ստեղծումը մեզ համար առաջնային նշանակություն ունի: Նախորդ տարի մարզում փաստացի գրանցվել է 22.15 մլրդ դրաﬕ ներդրում, իսկ ընթացիկ տարի այդ թվի աճ ենք ակնկալում: Պետությունն էլ իր մասով առանձնացրել է, թե կոնկրետ Շիրակի մարզում ինչ ծրագրեր են նախատեսվում, և ըստ այդմ կազմվել է բյուջեն, հենց դրանով պայմանավորված կարող ենք ասել, որ ներդրումը կազմում է 26 մլրդ դրամից ավելի` ﬕայն արդյունաբերության, ՓՄՁ հատվածը՝ ներառյալ զբոսաշրջությունը:
Շիրակի մարզում 2018 թվականին արդյունաբերության ու ՓՄՁ հատվածի զարգացման շրջանակներում ակնկալվում է նոր աշխատատեղերի ստեղծում: Նոր աշխատատեղեր նախատեսվում են ինչպես փոքր ու ﬕջին ձեռնարկությունների, այնպես էլ` ՏՏ, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության ոլորտներում: Ասեմ, որ աշխատատեղերի ստեղծում նախատեսվում է ոչ ﬕայն մարզկենտրոնում, այլև մարզի մյուս բնակավայրերում՝ Ամասիա, Մարալիկ, Արթիկ:
-Ներդրումների համատեքստում բավական կարևոր են «Շիրակ» օդանավակայանում իրականացվող աշխատանքները։ Մարզում ինչպիսի՞ ակտիվություն է ակնկալվում
օդանավակայանում արվող ներդրումներին զուգահեռ։ Ենթակաոուցվածքների զարգացման ինչ ծրագրեր կան նախատեսված։
–Կառավարությունը «Շիրակ» օդանավակայանի գրավչության բարձրացման և զարգացման նպատակով քայլեր է ձեռնարկում: 2017թ-ին օդանավակայանում նոր ընկերություններ սկսեցին թռիչքներ իրականացնել: Օրերս ծանոթացա օդանավակայանի ուղևորների տեղաշարժի ցուցանիշներին, 2018 թվականի հունվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 10 876 մարդ: 2016 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 4624 մարդ: «Շիրակ» օդանավակայանում 2018 թվականի հունվար ամսին, նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած, 11 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
Սա վկայում է այն մասին, որ «Շիրակ» օդանավակայանի նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է՝ ինչպես այնտեղ արդեն իսկ ներկայացված, այնպես էլ նոր ավիաընկերությունների կողմից:
Իսկ եթե խոսենք ընդհանուր ենթակառուցվածքներին առնչվող ծրագրերի մասին, ապա նշեմ, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ էներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման, կառավարման ավտոմատացված համակարգի ընդլայնման ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում կիրականացվեն 190 մլն. դրամի աշխատանքներ:
Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի կողմից մարզում նախատեսվում է իրականացնել 67.583 մլն դրամի ներդրումային ծրագիր: Գերմանական KFW բանկի վարկային ծրագրի 3-րդ փուլով 2018թ. նախատեսվում է 17 մլն.դրամ գումարի շրջանակներում ավարտին հասցնել Գյումրու և մարզի թվով 13 համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերակառուցման աշխատանքները: Գերմանիայի զարգացման վարկերի բանկի ներդրումային ծրագրով նախատեսված 1730,0 մլն.դրամ գումարի շրջանակներում 2018թ. իրականացվելու է Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագիր (այդ թվում Կապսի ջրամբարի կառուցմանն ուղղված աշխատանքներ):
– Անդրադառնանք համայնքների խոշորացմանը։ Համայնքների միավորման գործընթացից ի՞նչ դրական և բացասական կողմեր կառանձնացնեք։ Արդյո՞ք դժգոհություններ կան կամ այս ընթացքում խնդիրներ եղել են։
-Ասեմ, որ մեր մարզում առաջին փուլով Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների 44 համայնքների միավորման արդյունքում ձևավորվեցին 4 համայնքներ` Ամասիա, Աշոցք, Արփի և Սարապատ: Իսկ երկրորդ փուլով 40 համայնքների խոշորացման արդյունքում` 3 համայնք` Մարմաշեն, Ախուրյան և Անի:
Այս համայնքներում արտառոց խնդիրներ չեմ հիշում, որ առաջացած լինեն, եթե եղել են, ապա առօրյա հարցեր, որոնք լուծվել են: Սրան հակառակ, համայնքներում իրականացվել են ծրագրեր, որոնք տարիներ շարունակ չէր հաջողվում անել:
Օրինակ, երկար տարիներ Ողջի բնակավայրը զրկված էր փողոցային լուսավորությունից, այժմ բնակավայրում անցկացվել է 20 կետ փողոցային լուսավորություն: Թարմացվել են Արեգնադեմ, Բանդիվան, Ամասիա, Գտաշեն բնակավայերի փողոցային լուսավորության ցանցերը, ձեռք է բերվել տեխնիկա: Ամասիայում 2016-2017 թթ. խստաշունչ և ձնառատ ձմռան ընթացքում ապահովվել է բոլոր բնակավայրերի փողոցների և դպրոցների, այլ օբյեկտների ճանապարհների մաքրումը:
Արփի համայնքի մեջ մտնող Բերդաշեն բնակավայրի ներհամայնքային 2կմ, Բերդաշեն-Զորակերտ և Զորակերտ-Ծաղկուտ բնակավայրերի ավազակոպճային տարբերակով միջհամայնքային 10 կմ ճանապարհի վերանորոգում է իրականացվել,
Զարիշատ և Գառնառիճ բնակավայրերի փողոցների լուսավորության ցանց է անցկացվել: Այսպիսի աշխատանքներ երկար կարելի է թվել, այնպես, որ խոշորացումը ես դիտարկում եմ կառավարման խոշորացման, միջոցների համատեղման համատեքստում, ինչը դրական արդյունքներ է արձանագրել:
Հարցազրույցը` Աննա Գզիրյանի
Ամբողջությամբ՝ այստեղ.