Բաժիններ՝

«Մենք էլ ենք ուզում, որ ապրանքները չթանկանան». ՊԵԿ պաշտոնյա

«Վերստուգումների դեպքում նախկին ակտով արձանագրված խախտումների մասով չէին գործում հարկային պարտավորությունների առաջադրման ժամկետային սահմանափակումները։ Ենթադրենք՝ հայտնաբերվեց, որ 10 տարի առաջ հարկ վճարողը խախտում է արել, դա վերահաշվարկ էր արվում։ Հիմա վաղեմության ժամկետը գործում է նաև վերստուգումների ժամանակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը։

Նրա խոսքով՝ նախկինում հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար հարկվող 0.15%-ը վերածվել է 0.075%-ի. «Այսինքն՝ օրական տույժը կիսվել է, իսկ ժամկետը երկարացվել՝ նախկին 365 օրվա փոխարեն՝ դառնալով 730 օր։ Այսինքն՝ եթե հարկ վճարողը չի հասցրել վճարել, սկզբնական շրջանում շահեկան դիրքում է, իսկ եթե այնքան անպատասխանատու է, որ 1 տարուց ավելի է՝ չի վճարում, ապա 2 տարի էլ ժամկետը երկարում է.  գումարային առումով նույնն է ստացվում»։

Համբարձումյանը նշեց, որ, եթե նախկինում հաշվետվությունը սխալ կազմելու դեպքում գանձվում էր տուգանք՝ դրա հետևանքով պակաս հաշվարկված գումարի 10 տոկոսի չափով, հիմա այդ տուգանքը հանվել է. «Հարկային ավելի վնաս ցույց տալու դեպքում տուգանվում էր 20 տոկոս, այդ տուգանքը նույնպես հանվել է։ Ստուգումների համար հարկ վճարողների մոտ ստուգման գրանցամատյան պահելու պարտադիր պահանջ կար, հիմա այդ պահանջը հանվել է»։

Կարդացեք նաև

Անդրադառնալով դրոշմանիշերին ու դրոշմապիտակներին՝ նա ասաց, որ մինչև հունվարի 1-ը դրանք տրամադրվում էին վճարովի հիմունքներով, որը հետագայում հանվում էր հարկային պարտավորություններից և հաշվառում պահանջում. «Հունվարի 1-ից դրոշմանիշերն ու դրոշմապիտակները տրամադրվում են անվճար»։

Նա հավելեց, որ միասնական հաշվի ներդրմամբ վերացել է հարկ վճարողներից գերավճարներ գանձելու իմաստը. «Հիմա հունվարի 1-ից հարկ վճարողն ինչքան էլ գումար վճարի, մեկ է՝ դա պետական բյուջե չի մուտքագրվելու, մինչև իր պարտավորությունը չառաջանա։ Այսինքն՝ գումարը վճարելիս գնում է արտաբյուջետային հաշվին կախված»։

Խոսելով ակցիզային հարկի մասին՝ նա ասաց, որ դա ազդել է գնաճի վրա, բայց դրանից, նրա խոսքով՝ տնտեսվարողները չեն տուժում, այլ տուժում են սպառողները. «Մենք էլ ենք ուզում, որ ապրանքները չթանկանան։ Բայց պետական եկամուտների հավաքագրումը պետության ռազմավարության համար շատ կարևոր գործիք է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս