Բաժիններ՝

Ի՞նչ փոփոխություններ են եղել հարկային ստուգումների ոլորտում. պարզաբանում են ՊԵԿ-ից

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ նախկինում ստուգումները կարգավորվում էին «Ստուգումների մասին» օրենքով, իսկ հիմա հարկային ստուգումների և ուսումնասիրությունների հիմնական ընթացակարգերը սահմանվել են Հարկային օրենսգրքով և առանձնացվել են մյուս ստուգող մարմինների հսկողական ընթացակարգերից, սահմանվել են հարկային հսկողության հարակից ընթացակարգերը։

«Խոսքը վերաբերում է տարածքներ կամ շինություններ մուտք գործելուն, իրեր, փորձանմուշներ և փաստաթղթեր վերցնելուն, զննմանը, փորձաքննության ուղարկելուն, մասնագետի և թարգմանչի ներգրավմանը, կապարակնքմանը։ Սրանք արդեն Հարկային օրենսգրքով հստակ կանոնակարգվում են»,- ասաց  նա։

Համբարձումյանի խոսքով՝ նախկինում մանրամասն չէին սահմանվել ստուգողների և ստուգվողների իրավունքները և պարտականությունները, իսկ նոր Հարկային օրենսգրքով դրանք սահմանվել և հստակեցվել են.

«Օրինակ՝ հիմա, երբ մտնում են հարկ վճարողի որևէ օբյեկտ՝ չափագրումներ իրականացնելու, պարտադիր պետք է ցանկ ներկայացնեն։ Նախկինում մտնում, օրինակ՝ պահեստն էին ստուգում, կարող է աշխատավարձի հաշվարկ կամ բանկի քաղվածք էլ պահանջեին, իսկ հիմա կոնկրետ փաստաթղթերի ցանկը պարտադիր պահանջ է դարձել օրենքով, որ պետք է ստուգողը պահանջի։

Նախկինում հետաքննության մարմնի կամ քննիչի՝ ստուգում նշանակելու մասին պատճառաբանված որոշումը հարկ վճարողին չէր ներկայացվում, իսկ հիմա, օրենքի պահանջով, պարտադիր պետք է ներկայացնեն։ Նախկինում առկա էին կրկնակի և հանդիպական ստուգումներ հասկացողությունները․ նոր Հարկային օրենսգրքով կրկնակի ստուգումը հանվել է, իսկ հանդիպակաց ստուգումը վերածվել է ուսումնասիրության տեսակի, որի համար պատասխանատվություն չի կիրառվում»։

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ, եթե ուսումնասիրության ժամանակ խախտում է հայտնաբերվում, որը ստուգման նշանակման հիմք է, ապա պետք է նշանակվի ստուգում.

«Նախկինում ստուգման ժամանակ միանգամից հնարավոր էր խախտումներն արձանագրել։ Նախկինում ստուգումների ժամանակ կասեցման դեպքերում հրամանում հիմքերը չէին նշվում, իսկ հիմա պարտադիր պահանջ է դարձել հիմքերը նշելը։ Կասեցման հետ կապված, եթե նախկինում ստուգումների ժամանակ արտերկիր հարցումներ կատարելու դեպքում ստուգումը կասեցվում էր, որևէ ժամկետ չկար նշված, ապա այժմ այն սահմանափակվել է 180 օրով, և, եթե 180-րդ օրը լրացավ, ուրեմն՝ ստուգումը պետք է փակվի»։

Նրա խոսքով՝ նախկինում ստուգման ընթացքում ստուգվող ժամանակաշրջանների համար հաշվետվությունների ճշտումն արգելվում էր, իսկ հիմա այն թույլատրվում է. «Դա խնդրահարույց էր և նույնիսկ կոռուպցիոն ռիսկ էր պարունակում, որովհետև ստուգվողների և ստուգողների միջև կային հետաքրքիր փոխհամաձայնություններ, բայց հիմա արդեն ստուգման ժամանակ, եթե ստուգողը նկատում է խնդիրը, կարող  է ճշտումը տալ և ազատվել տուգանքից՝ վճարելով միայն մայր գումարը։ Նախկինում, ստուգման ժամանակ ցանկացած գումար պակաս ցույց տալու դեպքում կիրառվում էր տուգանք, իսկ հիմա, եթե այդ գումարը դու նախորդ ժամանակաշրջանում ես ցույց տվել, տուգանք չկա։ Եթե դրանից հետո ես ցույց տվել, ապա տուգանքը կիսով չափ է»։

Համբարձումյանն ընդգծեց, որ նախկինում ստոգման մասին ծանուցում ստանալուց հետո անորոշ վիճակ էր, որևէ կարգավորում չկար, իսկ հիմա 30-օրյա ժամկետ է տրվել.

«Ստուգման մասին ծանուցվելուց հետո 30-օրյա ժամկետում ստուգում չսկսելու դեպքում հանձնարարագիրը համարվելու է անվավեր։ Առարկության հետ կապված նախկին 5 օրը դարձել է 10 օր, ժամկետն է երկարացվել, ծանուցման եղանակներից ավելացվել է էլեկտրոնայինը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս