Բաժիններ՝

«Երկրները, որոնք դպրոցն ու մանկապարտեզը դիտում են՝ որպես «камера хранения», զոհաբերում են իրենց մարդկային կապիտալը՝ հանուն փող աշխատելու նպատակների»

«Հայաստանում հիմնական խնդիրը, որ ունենք, և որը կրթության ոլորտում շատ լավ արտացոլվում է, փակ և բաց մտածողության պայքարն է»,- այսօր լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Նրա դիտարկմամբ՝ մենք երկար տարիներ եղել ենք փակ մտածողությամբ հասարակություն, որտեղ միշտ փորձել են խնդիրները կոծկել, ծածկադմփոց անել. «Մարդիկ վախենում են կարծիք, տեսակետ հայտնել, տեսնում են, որ նորմալ երեխան գնում է հատուկ դպրոց, բայց ոչ ոք ձայն չի հանում: Սրանք տրամաբանական որոշակի շղթայի մեջ են, որովհետև  հատկապես՝ Հայաստանի պետական հիմնարկներում, եթե մեկն ինչ-որ տեսակետ է հայտնում, հաջորդ պահին իրեն կանչում և հաշիվ են պահանջում, թե՝ ո՞վ է քեզ իրավունք տվել կարծիք հայտնել, և այլն: Հայաստանի պետական համակարգում ընդունված է, որ դու պետք է ունենաս սեփական կարծիք, բայց երբեք չհամաձայնես քո սեփական կարծիքի հետ, որովհետև դու պետք է լինես ինչ-որ մի ընդհանուր կարծիքի ջատագովը, երբեք չունենաս քո սեփական ուղեղը, մտածողությունը: Այդ իմաստով խնդիրներն ավելի խորն են արտահայտվում փակ հաստատություններում: Եթե ինձ հարցնեն՝ ո՞րն է Հայաստանի թիվ մեկ խնդիրը, ես կասեմ՝ ո՛չ արտագաղթն է, ո՛չ ներդրումներ բերելն է, ո՛չ դրսից փող բերող մարդկանց Հայաստան բերելն է, այլ կասեմ՝ Հայաստանի գլխավոր խնդիրը երկրում առկա մարդկային կապիտալը նորմալ զարգացնելն է, բացելն է, այդ կապիտալի արդար կառավարումն է»:

Ս. Խաչատրյանի կարծիքով՝ եթե Հայաստանը կարողանա առկա մարդկանց նորմալ կրթություն տալ, արդար կառավարել, այլևս ոչ մի խնդիր էլ չի ունենա, որովհետև այդ մարդիկ լիքը փող կբերեն Հայաստան. «Քանի որ այդ մարդկային կապիտալը մենք չենք զարգացնում, ներդրումը գա Հայաստան՝ ի՞նչ անի, ո՞ւմ հետ աշխատի, եթե համակարգը փակ է, եթե մենք նորմալ երեխային տանում ենք հատուկ դպրոց և կործանում ենք այդ երեխայի ապագան: Այսօր ամբողջ աշխարհը մարդկային կապիտալի վրա է հիմնված: Այն երկրները, որոնք կարողանում են իրենց մարդկային կապիտալը վաղ մարդկությունից սկսած զարգացնել, նրանք հասնում են հաջողության, իսկ նրանք, ովքեր դպրոցն ու մանկապարտեզը դիտում են՝ որպես «камера хранения», այսինքն՝ մի տեղ, որտեղ պետք է երեխաներին պահենք, որովհետև այս երեխուն հատկացվող գումարը 1 միլիոն է, ու արժի, որ միլիոնանոց էրեխեք շատ ունենանք, որպեսզի շատ փող ստանանք, այդ դեպքում մենք զոհաբերում ենք մեր մարդկային կապիտալը՝ հանուն փող աշխատելու նպատակների»:

Հիշեցնենք, որ այսօր ասուլիսի ժամանակ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը բարձրացրեց այն խնդիրը, որ հատուկ դպրոցներում սովորում են երեխաներ, որոնք դրա կարիքը չունեն:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս