Բաժիններ՝

«Այն պաշտոնյաները, ովքեր իրենց ձեռքերը տաքացնում են այդ երեխաներին հասնող գումարներով, պետք է հիշեն, որ այդ երեխաներն իրենց երեխաներից չեն տարբերվում». Անահիտ Բախշյան

Հայաստանի հատուկ դպրոցներում «անմարդկային» պայմաններ են: Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը՝ բարձրաձայնելով հատուկ դպրոցներում առկա մի շարք խնդիրների մասին:

Նրա խոսքով՝ Երևանում 3 հատուկ դպրոց կա. «Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների» թիվ 2 դպրոցը, թիվ 6 դպրոցը և «Երևանի խոսքի ծանր խանգարում ունեցող երեխաների» թիվ 8 դպրոցը: Ա. Բախշյանը նշեց, որ ինքն այցելել է թիվ 6 դպրոց, և փաստեց, որ այնտեղ սովորող երեխաների մեծամասնությունը չունեն կրթության առանձնահատուկ պայմանի կարիք.

«Այդ երեխաներն այնտեղ, փաստորեն, պատանդ են: Դա տնօրենի համար ձեռնտու է, որովհետև ամեն երեխան թիվ է, իսկ ծնողներն իրենց սոցիալական խնդիրներից ելնելով՝ տանում են հատուկ դպրոց՝ առանց մտածելու, խորանալու նրա մեջ, որ վաղն իրենց երեխան ստանալու է վկայական, որտեղ լինելու է մտավոր թերզարգացում ունեցողների դպրոցի կնիք»:

Ա. Բախշյանի դիտարկմամբ՝ թիվ 6 դպորցում կան երեխաներ, որոնց մոտ մտավոր թերզարգացածության նշույլ անգամ չկա: Նա այդ հարցը բարձրացրել է դպրոցի տնօրենի մոտ. «Ինքը զարմանում է, ասում է՝ ես իրենց համար գիտե՞ք՝ ինչ պայմաններ եմ ստեղծել, այստեղ տաք է, ուտելիք կա, և այլն: Բայց դա դպրոց է, կրթօջախ է, այնտեղ պետք է կրթություն կազմակերպվի, իսկ դուք հրապուրում եք, այդ ծնողներին բերում եք, ու գուցե նրանք չեն էլ գիտակցում՝ ինչ են անում: Նույնը թիվ 2 հատուկ դպրոցում է: Թիվ 2 դպրոցում սովորում է 128 աշակերտ: Թիվ 2 հատուկ դպրոցը պետությունից ստանում է տարեկան 137 միլիոն 459 հազար դրամ, յուրաքանչյուր երեխայի հաշվով՝ 1 միլիոն 74 հազար դրամ է»:

Կարդացեք նաև

Բանախոսը նաև նշեց, որ այս 3 հատուկ դպրոցներում սովորողների թիվն անցյալ ուսումնական տարվա համեմատ՝ այս տարի ավելացել է. «Ավելացել է, որովհետև աղքատությունն աճել է: Այդ երեխաների մեջ առանձնահատուկ կրթության կարիք ունեցող տողի դիմաց գրված է 0, այնինչ՝ սովորում է 128 երեխա»:

Ա. Բախշյանը հայտնեց, որ այդ երեխաների իրավիճակի մասին ինքը հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: ՄԻՊ գրասենյակն առաջիկայում ուսումնասիրություն է կատարելու դպրոցներում այդ խնդրի վերաբերյալ:

«Այն պաշտոնյաները, ովքեր իրենց ձեռքերը տաքացնում են այդ երեխաներին հասնող գումարներով, պետք է հիշեն, որ այդ երեխաներն իրենց երեխաներից չեն տարբերվում: Իսկ ինչո՞ւ նրանք պետք է նման փակ հաստատության մեջ մնան»,- հայտարարեց Ա. Բախշյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս