Մտքով ամեն բան չես հասկանա
Թե որն էր սխալը
Կար, չկար, մի շնիկ կար: Շնիկը ծնվել էր աղբանոցում ու հենց այդպիսին էլ պատկերացնում էր աշխարհը: Նա միայն երկու օր էր, ինչ ոտքի էր ելել, երբ տեսավ աղջկան: 6-ամյա աղջիկը դպրոցից տուն էր գալիս. գեղեցկուհի էր` կապույտ աչքերով ու վառ կարմիր շուրթերով: Երբ նրա սրճագույն խոպոպները փայլփլում էին, շնիկին թվում էր, թե իրեն խաղալու էին կանչում: Աղջիկը ժպտաց սիրուն մռութիկով շանը, ու սա սկսեց հետևել աղջկան: Իրենց տան մոտ աղջիկը նորից ժպտաց շնիկին, ու միասին ներս մտան:
Աղջկա մայրը մանկական հոգեբանության մասին մի շարք հոդվածներ էր կարդացել ու գիտեր, որ չի կարելի փնովել մանկան այս բարության դրսևորումը: Նա աղջկան ասաց, որ կպահեն շնիկին, հենց ինքն էլ լողացրեց պստլիկ, գզգզված արարածին ու տարավ անասնաբույժի մոտ:
Անասնաբույժը պատվաստեց շնիկին` ինչպես կարգն էր, բայց, շնիկը մի շաբաթ էլ չապրեց, իսկ աղջկան ուժեղ փորացավի պատճառով տարան բժշկի:
Փորացավի մասին մայրիկը շատ հոդվածներ ու նույնիսկ մի գիրք կարդաց հիվանդանոցում: Եվ նստած ջերմության մեջ այրվող փոքրիկի կողքին` նա աղոթելով հազարերորդ անգամ փորձում էր հասկանալ, թե ինչն է ինքը սխալ արել ու հոգնածությունից ու հուսահատությունից լաց էր լինում:
Երբ հիվանդանում ենք, առաջին ցավերի հետ այցելում է միտքը, որ ինչ-որ բանի համար պատժվել ենք: Հիվանդության և մահվան մասին նախաքրիստոնեական պատճառահետևանքային պատկերացումները բացառապես պատժի գաղափարին են հանգում: Որքան մեծ էր լինում մարդուն տրված ցավը, ուրեմն այնքան մեծ էր եղել մեղքը, հանցանքը. այսպես էին կարծում Հոբի ընկերները, այդպես էին մտածում նաև Քրիստոսի աշակերտները: Պատասխանելով ի ծնե կույրի մասին նրանց հարցին՝ Քրիստոս պատկերում է հիվանդության նկատմամբ լիովին նոր հարթություն. «Ոչ նրա մեղքն է, ոչ՝ իր հոր ու մոր, այլ՝ որպեսզի դրա վրա Աստծու գործերը հայտնի լինեն»:
Մարդկային միտքը կարող է ըմբոստանալ այսպիսի իրավիճակի դեմ, քանի որ «ոճիր և պատիժ» համակարգը պարզ է, հասկանալի, իսկ սա ոչ մի տրամաբանության չի ենթարկվում: Խնդիրն այն է նաև, որ մարդը որոշակիության է ձգտում ոչ միայն իր հոգեմարմնավոր խնդիրների առումով, այլև՝ այլոց:
Հիվանդությունը մարդուն ոչ միայն ապաշխարության է հրավիրում, այլև այն փորձութուն է մարդու մեջ կամք, ամուր հավատ հաստատելու համար: «Հիվանդությունը տրվում է նաև դիմանալու և չարին համբերելու համար, ինչպես Հոբին տրված տառապանքները: Սուրբ հայրերը դիմանում են հիվանդություններին՝ ցուցադրելով ցավը կրելու մարդկային հնարավորության սահմանները: Այնպես որ, մի՛ տրվեք բժշկագիտությանը առանց օրհնության, և մի հրաժարվեք նրանից ձեր համառությամբ: Բայց մի խնդրեք Աստծուն, որ ասի ձեր պատժի պատճառները և հետո ազատի տկարությունից, այլ որ տա համբերություն՝ այրվելով դառնահամ դեղերից և բոլոր բժշկական պատիժներից՝ հիվանդության ընթացքին դիմանալու համար»,- ասել է Բարսեղ Մեծը:
Իմանալով, որ Ղազարոսը, ում Ինքը շատ էր սիրում, հիվանդ է, Հիսուս ասաց. «Այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծու փառքի համար է, որպեսզի դրանով Աստծու Որդին փառավորվի»: (Հովհաննես ԺԱ 3,4)
Հիվանդությունը հաճախ օրհնություն է. եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ այն մեզ տրվում է հանուն մեր հոգևոր աճի՝ առօրյա հոգսերից կտրվելու համար: Հաճախ այն մեր հոգու խնդրանքն է մարմնին՝ դադարեցնել անընդմեջ վազքը, շունչ առնել, և անշտապ քննել անցած «առողջ» ամիսները, նրանց արդյունքում ձեռք բերած մարմնավորն ու հոգևորը, կշռել անցողիկն ու մնայունը, անիմաստն ու կարևորը: Եվ նման հոգևոր աշխատանքի արդյունքում կարող ենք մենք էլ ասել. «Դրա համար էլ չենք տկարանում, այլ՝ թեպետև մեր այս արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե» (Բ Կորնթացիներ Դ 16): Այս համատեքստում ակնհայտ է հիվանդությունից ազատվելու համար աղոթելու սկզբունքը. աղոթել՝ հուսալով Աստծո ողորմածությունը, սակայն ոչ մի դեպքում րոպեական մոգական ազդեցություն չակնկալել: Եվ զգույշ է պետք լինել մեր խոհերում, որ թե՛ ինքներս մեզ, թե՛ մեր հարազատներին հիվանդության ժամանակ մխիթարել պատրաստվելիս չլինենք «Հոբի ընկերներ» ակումբի անդամների պես, որ վստահ էին, որ ամեն ինչ հասկանում են: Հիշենք, որ մեր աստվածաբան-բժշկագետ հայրերը, ապրելով վանքերում, աղոթքով, հոգևոր աշխատանքով, հիմնել ու զարգացրել են բժշկագիտության հոգեմարմնավոր համակարգ: Եվ թողնելով բազում դեղատոմսեր՝ նրանք մշտապես հավելել են. «Կօգնի, եթե Աստված կամենա»:
Հիմա արդեն դուք գտաք, չէ՞, թե հեքիաթում ո՞րն է սխալը: Կեցցե՛ք. չմոռանա՛ք:
Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ