«Չի կարելի արհամարհել Ալիևի հայտարարությունները». Թևան Պողոսյան
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Ալիևի հայտարարությունները չի կարելի արհամարհել։
«Ալիևի ելույթը լավագույն ցուցիչն է, որ իրենց համար հակամարտություն չէ, իրենք էլ հակամարտող կողմ չեն․ իրենց համար դա պատերազմ է, և իրենք պատերազմի կողմ են։ Չգիտեմ՝ ինչու ենք ամեն անգամ փորձում «պուպուշիկ» երևալ՝ դիվանագիտության իմաստով, բայց երևի այսօրվա իշխանությունները որոշել են, որ դա ավելի ճիշտ բառապաշար է։ Ադրբեջանը կգնա սրացումների, եթե զգա, որ ինչ-որ բանով մի քիչ ավելի է, քան հայկական կողմը։ Այնպես որ, պատերազմի վտանգը միշտ կա, և սրացումների միակ զսպող ուժը մեր հզորությունն է։ Վաղն Ալիևն էլ չլինի, մյուսը լինի, նույնն է լինելու, որովհետև այն ատելությունը, որ քարոզվել է այս տարիներին, այն թույնը, որ ներարկվել է Ադրբեջանի հաջորդ սերնդի մեջ, պետք է հասկանանք, որ ով էլ գա՝ ապրելու է այդ պատմության մեջ»,- պարզաբանեց նա։
Հետևաբար, ըստ նրա՝ եթե ապագայում Ադրբեջանում ազգանուններ փոխվեն, դրանից ոչինչ չի փոխվելու. «Մենք միշտ ունենալու ենք այդ մարտահրավերը, և հարցի միակ լուծումն այն է, որ մեր տնային աշխատանքով այնպես անենք, որ լինենք հզոր, երկրորդ՝ դիվանագիտության ասպարեզում ունենանք այնպիսի գործողություններ, որտեղ ցանկացած ասած խոսք կամ երևույթ պետք է օգտագործենք ոչ միայն ուրիշներին մատնացույց անելու համար, այլև հասկանալու, թե դրա վերաբերյալ Հայաստանն ինչ վերաբերմունք պետք է ունենա։ Եթե չենք ցանկանում, որ ավելի շատ լսենք Ալիևի և նրա նմանների խոսքերը, որ Երևանն իրենցն է, Սևանում թեյ են խմելու, և այլն, ապա մի միջոց կա․ մինչև հիմա դա կոչվում էր ուժի լեզու, երբ նա կորուստ էր ունենում, դրա համար, եթե նման հայտարարություն է լինում, Ադրբեջանը պետք է կորուստ ունենա, թող դրանից հետո հետևի բառապաշարին»։
Պողոսյանը նկատեց՝ Ալիևի ելույթը մնաց պատմության մեջ, Ադրբեջանի գրքերում և այնտեղի հասարակության մեջ. «Ինչքան մենք արհամարհենք նրանց ցանկացած խոսք, դա իրենց գրքերում է մնալու, և դրանով դաստիարակվելու են նրանց սերունդները։ Հիմա, եթե այս սերունդն ասում է՝ եկեք՝ ուշադրություն չդարձնենք, բայց իրենք էլ, չէ՞ , մշտական չեն։ Հաջորդ սերնդին ի՞նչ Ադրբեջան են փոխանցելու։ Չի կարելի արհամարհել նմանատիպ հայտարարությունները»։