«Ադրբեջանը չէր կարող «լռել», երբ Մինսկի խումբը ջանում է կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները». Տարասով
Մինչ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը տարածաշրջանում քննարկում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, բանակցությունների հեռանկարը, ադրբեջանական կողմի արձակած կրակոցից Արցախի ՊԲ զինծառայող է զոհվել:
Նշենք, որ նախօրեին ՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: Ուշագրավ է նաև, որ այս օրերին ադրբեջանական կողմը շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածել: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների հերթական սուտ տեղեկությունը՝ հայկական կողմի դիվերսիոն փորձի և վիրավորներ ունենալու մասին:
«Գրվածը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է ՊԲ մամուլի քարտուղարը: ՀՀ պաշտպանության նախարար Արծրուն Հովհաննիսյանը ևս ապատեղեկատվություն է որակում ադրբեջանական կողմի տարածածը:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ժամկետի փոփոխությունը թույլ է տալիս կանխատեսել, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի ներքաղաքական օրակարգից որոշ ժամանակով դուրս է գալու Ղարաբաղյան հակամարտությունը, քանի որ երկրի ողջ ռեսուրսն ուղղվելու է ապրիլին կայանալիք ընտրություններում Ալիևի համար ցանկալի արդյունքների ձեռքբերմանը:
Սակայն, ըստ նրա, ադրբեջանական դիվանագիտական և ռազմական ոճը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ ադրբեջանական կողմը չէր կարող «լռել», երբ Մինսկի խումբը հենց այս պահին ջանում է կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների այն հատվածը, որը վերաբերում է Անջեյ Կասպրչիկի գրասենյակի հնարավորությունների ընդլայնմանը, դիտորդների թվի ավելացմանը:
«Փաստը, որ այս օրերին անցկացվող դիտորդական առաքելության ընթացքում զոհ է գրանցվել շփման գծում, ցույց է տալիս, որ Կասպրչիկի առաքելության հնարավորությունների ընդլայնումից բացի, կարևոր են հետաքննական մեխանիզմները շփման գծի ողջ երկայնքով, քանի որ դիտորդները դիտորդական աշխատանքներ են իրականացնում շփման գծի մի հատվածում, իսկ պատահարներ են գրանցվում այլ հատվածներում:
Սա նաև պետք է անընդհատ գործընթաց լինի, անընդհատ կերպով պետք է տվյալներ հավաքագրվեն իրավիճակի մասին, տեղում պետք է լինի պատահարներին արձագանք, յուրաքանչյուր դեպքին պետք է տրվի գնահատական և ուսումնասիրվի»,- նման տեսակետ հայտնեց Ստանիսլավ Տարասովը: Վերջինիս կարծիքով՝ վերջին ողբերգական դեպքը շփման գծում պետք է դիտարկել այս պայմանավորվածությունների խափանման կոնտեքստում: «Ադրբեջանը միշտ գտնում է ելքը՝ տապալելու պայմանավորվածությունները, թեև այստեղ խոսքը նույնիսկ լուրջ գործընթացի մասին չէ»,- նկատեց վերլուծաբանը:
Նրա կանխատեսումների համաձայն՝ արդեն ակնհայտ է, որ համանախագահների այս այցը կավարտվի առանց պայմանավորվածությունները վերջնականապես համաձայնեցնելու, որից հետո և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կընկղմվեն նախագահական քարոզարշավի գործընթաց, որի արդյունքում Ղարաբաղյան բանակցությունները երկրորդական պլան կանցնեն: «Ներկայումս, փաստորեն, հակամարտող երկու կողմն էլ ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցն են, և կարծում եմ՝ այդպես էլ կլինի: Գլոբալ գործընթաց դեռ չի նշմարվում»,- ասաց Տարասովը: