Գնաճի պաշտոնական դեմքը
Գնաճն արդեն մի քանի ամիս շարունակում է մնալ քաղաքական հիմնական թեման: Մեկը մյուսի ետևից խորհրդարանական քաղաքական փոքրամասնությունները փորձում են օրենսդրական կարգավորում գտնել գնաճի դեմ պայքարելու համար:
«Ելք» խմբակցությունը նույնիսկ փորձում է միտինգային պայքարով լուծում գտնել: Ու այս գործընթացին զուգահեռ՝ մեր վիճակագիրներն անվրդով ու անհողդողդ շարունակում են սպառողական գների ինդեքս արձանագրել: Արձանագրել ու հրապարակել` բնականաբար: Հունվարը դեռ չավարտված՝ արդեն հրապարակվել է առաջին ամսվա գների պաշտոնական վիճակագրությունը:
Մեր վիճակագիրները հունվարին արձանագրած գները նախ՝ համեմատել են անցած տարվա հունվարի գների հետ: Ապա նոր հաշվարկածը համեմատել են անցած տարվա դեկտեմբերին գրանցված գների հետ: Նախ՝ նշվում է, որ 2017-ի հունվարի գների համեմատ՝ 2018-ին 2,7 տոկոս աճ է գրանցվել: Դժվար է հավատալը, բայց պարզվում է, որ ճիշտ նույն 2,7 չափով գնաճ է արձանագրվել նաև անցած տարվա դեկտեմբերի գների համեմատ:
Ասեք, որ նման տարօրինակ զուգադիպությամբ 2,7 տոկոսանոց գնաճ արձանագրելն ամեն մարդու հունարի բան չէ: Հատկապես, որ մեր վիճակագիրները չեն թաքցնում, որ անցած ամսվա գների համեմատ՝ բանջարեղենի գներն աճել են 34,3 տոկոսով: Եվ սա միջին ցուցանիշ է, որովհետև ըստ պաշտոնական վիճակագրության՝ հանրապետության բոլոր քաղաքներում բանջարեղենի գնաճը կազմել է 26,2-38,6 տոկոսի միջակայքում:
Մրգի գնաճը նույն ժամանակահատվածում կազմել է 10 տոկոս: Հիշեցնենք, որ գնաճի մասին առաջին «թունդ» ելույթները կարագի շուրջ սկսվեցին: Առանձին «բեդնի» ու ոչ այնքան «բեդնի» պատգամավորներ բնակչությանը գնաճի դեմ բողոքելու փոխարեն՝ առաջարկեցին կարագի փոխարեն՝ կարտոֆիլ ուտել: Իշխող կուսակցության պատգամավորները, ցավոք, դեռ տեղյակ չէին, որ բանջարեղենը շուտով ու շատ թանկանալու է: Ավելին՝ բանջարեղենի գնաճի մեջ իր համեստ մասնաբաժինն է ունենալու կարտոֆիլը:
Գնաճի պաշտոնական հաշվետվության հետ հրապարակված «Մրգի և բանջարեղենի առանձին տեսակների սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2018թ.» հավելվածում նշվում է, որ կարտոֆիլն անցած ամսվա հետ համեմատած՝ թանկացել է 5 ու կես տոկոսով, իսկ նախորդ տարվա հունվարի հետ համեմատած` 17,3 տոկոսով: Փաստորեն, կարտոֆիլի թանկացման փաստի պաշտոնական հաստատումից հետո մեր խորհրդարանականների «հայրական» ու հոգատար խորհուրդները կորցրեցին իրենց արդիականությունը:
Թանկացումների աճի ցուցանիշներին հետևող ամենաուշադիր մասնագետն անգամ չի կարողանա որոշել, թե ինչ մեթոդով են վիճակագիրները նախորդ տարվա համեմատ՝ ընդամենը 2,7 տոկոսանոց գնաճ ամրագրում: Տեսեք, պաշտոնապես ընդունվում է, որ նախորդ ամսվա համեմատ՝ 2 տոկոս թանկացած մսամթերքի մեկ տարվա գնաճը կազմել է 13,1 տոկոս: Ի վերջո, առեղծվածային է մնում հարցը, թե ինչի հաշվին կարելի է ընդհանուր գնաճի ցուցանիշը նվազեցնել 3 տոկոսից:
Կարագի մասին հիշելն այս անգամ չի օգնի: Ճիշտ է, կարագը վերջին ամսում «էժանացել» է, բայց մեկ տոկոսի չափով: Վերջին տարում պաշտոնապես՝ 13,5 տոկոսանոց գնաճից հետո: Նույնիսկ ձվի գնանկումը հույսեր չի տալիս: Հավկիթը պաշտոնապես կես տոկոսով է գնանկել: Միակ ու հիշատակության ու հարգանքի արժանի գնանկումը վիճակագրությունն արձանագրել է շաքարավազի պարագային: Վերջին մեկ տարում շաքարավազի գնանկումը կազմել է 8,1 տոկոս (նախորդ ամսվա համեմատ՝ գնանկումը 0.4 տոկոս է):
Բայց սա չէր կարող ապահովել միջին ու մոգական 2,7 տոկոսը: Մեր վիճակագիրները միայն պարենային մթերքների գնաճը չէ, որ ներկայացնում են: Նրանց հրապարակումներից պարզ է դառնում, որ նախորդ ամսվա համեմատ՝ բենզինի գնաճը 5,4 տոկոս է, դիզվառելիքինը՝ 16,3, իսկ ավտոմեքենաների լիցքավորման համար գազի գները` 11,8 տոկոս:
Այս պատկերն ավելի աղետալի տեսք է ստանում, երբ նույն` ոչ պարենային ապրանքների գները համեմատում ես նախորդ տարվա հունվարի գների հետ: Վերջին մեկ տարում բենզինի գինն աճել է 28,7 տոկոսով, դիզվառելիքինը՝ 37,3 տոկոսով, իսկ փոխադրամիջոցների լիցքավորման գազինը՝ 10,9 տոկոսով:
Եթե պարզ տրամաբանությունը հուշում է, որ փոխադրումների ոլորտում վառելիքի գնաճը համապատասխանաբար պիտի հանգեցնի բոլոր ապրանքների գնաճի, ապա փորձեք ինքներդ պարզել, թե ինչ հրաշագործ մեթոդաբանություն է կիրառում պաշտոնական վիճակագրությունը 2,7 տոկոսանոց համեստ գնաճ հայտարարելու համար: Ես, անկեղծ ասած, թվաբանությունը նիհիլ հայտարարելու աստիճան վառ երևակայություն չունեմ: