«Ես չեմ ներել իմ թշնամիներին ու չեմ պատրաստվում դա անել». Մայա Պլիսեցկայա
Մայա Պլիսեցկայա՝ բալետի արտիստուհի, թատերական Մեսսերեր-Պլիսեցկիներ տոհմի ներկայացուցիչ, ԽՍՀՄ Մեծ թատրոնի պրիմա պարուհի 1948-1990թթ.: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 20-րդ դարի բալետի հզորագույն պարուհու որոշ շատ անկեղծ մտքեր:
1. Իմ կյանքի նպատակը միշտ պարն է եղել: Եվ ես հասել եմ այդ նպատակին:
2. Ես միշտ էլ ծուլացել եմ: Եթե որոշ կոմբինացիա կարելի էր անել մեկ անգամ, ես անում էի մեկ անգամ, այլ ոչ 10: Միշտ չէր, որ ստացվում էր ֆուետեն: Հետո՞ ինչ: Եվ նույնիսկ հիմա մտածում եմ, որ իմ ծուլության շնորհիվ՝ ես կարողացել եմ պահպանել ոտքերս:
3. Փոքր տարիքից տանել չեմ կարողանում սուտը: Այն ինձ հունից հանում է այնպես, ինչպես կարմիր կտորը՝ ցուլին:
4. Հայրս հավատում էր, որ նոր կառուցվող հասարակությունում մարդկային հարաբերությունների համակարգն ավելի արդարացի կլինի, քան եղել է նախորդ դարերում: Բայց տասնամյակներն անցնում են, իսկ մարդկային հարաբերությունների համակարգը դեպի լավը չի փոխվում:
5. Ինձ ու ամուսնուս՝ Ռոդիոն Շչեդրինին, ծանոթացրել է Լիլյա Բրիկը, ով պաշտում էր ծանոթացնելը:
6. Մենք բնակարան ենք վարձում, ինչպես հնում էին ասում, կահույքապատ սենյակներ: Շքեղությունն ինձ հրճվանք չի պատճառում: Տուն ունենալն ինձ համար հոգս է: Երբ տուն ես ունենում, այն պետք է հավաքել, պահել: Դա ինձ պետք չէ: Իսկ այսպես, հյուրանոցում ապրելն ինձ հարմար է:
7. Լինում է այնպես, որ արվեստի մարդիկ, անգամ՝ ամենամտերիմները, նախանձում են միմյանց: Իմ ամուսնու՝ կոմպոզիտոր Շչեդրինի պարագայում դա հնարավոր չէ: Նա իմ ամենահավատարիմ երկրպագուն է:
8. Եթե մենք անգամ մեկ երեխա ունենայինք, մենք բոլորովին այլ կյանք կունենայինք, հոգ կտանեինք միայն նրա մասին, կմտածեինք նրա մասին, կապրեինք միայն նրա համար: Իսկ այդ ժամանակ ես այդպիսի զոհողության պատրաստ չէի: Երեխայի ծնունդը նշանակում էր՝ կարիերայի առնվազն մեկ տարվա դադար: Ես վստահ չէի, որ կազմվածքս փչացնելով և մեկ տարի բաց թողնելով՝ կկարողանայի հետո բեմ վերադառնալ: Ռիսկը հսկայական էր, և ես չհամարձակվեցի:
9. Բալետի վրա Ռուդոլֆ Նուրեևի ազդեցությունը հսկայական էր: Բայց այսօր նա այդպիսի իրարանցում չէր առաջացնի բալետային աշխարհում: Այսօր շատերն են այդպես պարում:
10. Խորհրդային իշխանության հիմարությունը սահմաններ չէր ճանաչում: Մենք նույնիսկ բալետում էինք միայն լավատեսույթուն պարում, հաղթում էինք չար հանճարին:
11. Երբ դիրիժորներն ինձ հարցնում էին տեմպի մասին, ես միշտ ասում էի՝ նվագեք այնպես, ինչպես կոմպոզիտորի պարտիտուրայում է: «Իսկ եթե մենակատարներից ինչ-որ մեկը չի հասցնո՞ւմ»,- հարցնում էին ինձ, ինչին ես պատասխանում էի՝ այդ դեպքում թող տուն գնա:
12. Ծունկս միշտ ցավում է, ողջ կյանքս: Ես կարծում եմ, որ ընդհանրապես ոչ մի վնասվածք չի անցնում, չի բուժվում: Մարզիկների մոտ նույնն է, անգամ ավելի վատ: Նրանք կաղ են ու ծուռ, քանի որ տևական ժամանակ բռնություն են կիրառել իրենց մարմնի վրա:
13. Ես միշտ շատ եմ կերել ու որևէ սննդակարգի չեմ հետևել: Ու միշտ իմ քաշը հարկ եղածից փոքր-ինչ ավելի է եղել:
14. Հացն ու կարագը լավագույն բանն է, ինչ մարդիկ մտածել են:
15. Չկա այնպիսի մարդ, ով ինձ առաջին անգամ տեսնելիս՝ չասի՝ օյ, իսկ ես կարծում էի՝ դուք բարձրահասակ եք: Իմ հասակը 165 սմ է, և դա նորմալ է:
16. Ես միշտ պարել եմ հանդիսատեսի համար: Բեմից հեռանալուց հետո ոչ մի անգամ չեմ պարել: Ինչ-ինչ, բայց ինքս ինձ համար պարել մտքովս չի անցել:
17. Ես ծերության ու կնճիռների մեջ գեղեցկություն չեմ տեսնում, և ընդհանրապես, ծեր մարդկանցով առանձնապես չեմ հիանում: Իսկ ահա երիտասարդության հետևից նետված ծերուկներն ընդհանրապես ծիծաղելի են:
18. Հանդիսատեսն ինձ միշտ էլ սրտաբաց է ընդունել: Միգուցե պատճառն այդ է, որ ես այսքան երկար եմ ապրում:
19. Ես չեմ ներել իմ թշնամիներին ու չեմ պատրաստվում դա անել: Իսկ ինչո՞ւ պիտի դա անեմ: Ինչո՞ւ ներեմ նրանց, ասացեք խնդրեմ: Մարդիկ չեն փոխվում. Դա իմ խորագույն համոզմունքն է: Եվ թող իմանամ՝ ես ոչինչ չեմ մոռացել և ոչինչ չեմ ներել:
20. Փոխվելն ավելի դժվար է, քան օձիքիցդ բռնած քեզ ծնկած տեղից բարձրացնելը:
21. Ես կմեռնեմ, բայց Կարմենը՝ երբեք:
Մայա Պլիսեցկայան մահացել է 2015թ. մայիսի 2-ին, 89 տարեկան հասակում, Մյունհենում:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը