Մինսկի խմբին կհաջողվի՞ արդյոք ամրապնդել Կրակովի հաջողությունը
«Չեմ հավատում կրակովյան առաջընթացի հաջողությանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով Կրակովում անցյալ տարի կայացած հանդիպման վերաբերյալ վերջերս տարածված տեղեկություններին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կատարելիք այցին տարածաշրջան: Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն օրերս ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Կրակով քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել՝ ավելացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի թիմի անդամների թիվը:
«Հայաստանը միշտ կողմ է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունների ընդլայնմանը: Դա հակամարտության գոտում միջազգային կառույցի կողմից դիտորդական առաքելություն իրականացնող միակ կառույցն է, և, իհարկե, եթե ավելացնենք այդ առաքելությունների թե՛ քանակը, թե՛ արդյունավետությունը, այսինքն՝ ավելի ինտենսիվ դարձնենք այդ մոնիտորինգային առաքելությունները, ապա դա կարող է նպաստավոր լինել հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը և 1994-1995 թվականներին զինադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնություններին»,- ասել էր Նալբանդյանը:
Նա հիշեցրել էր, որ այս մասին պայմանավորվածություններ էին ձեռք բերվել դեռևս Վիեննայում, մի քանի առաջարկ էր արվել այն ժամանակ ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի կողմից: «Հայկական կողմերը՝ Հայաստանն ու Արցախը, դրան տվել էին իրենց համաձայնությունը: Սակայն Կասպրչիկի թիմի հնարավորություններն ընդլայնել հնարավոր չեղավ, որովհետև Ադրբեջանը շատ խոչընդոտներ առաջ բերեց:
Կրակովում նախարարների մակարդակով սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել՝ մեկ քայլ առաջ անել՝ 7-ով ավելացնելով Կասպրչիկի թիմի միջազգային անձնակազմը»,- նշել էր ՀՀ ԱԳ նախարարը:
Նա ընդգծեց, որ թե՛ եռանախագահող երկրները, թե՛ Հայաստանն իրենց հայտարարություններում նշեցին այս մասին՝ ի տարբերություն Ադրբեջանի, որն իրեն յուրահատուկ ստեղծագործ մոտեցում է ցուցաբերում հանդիպումներից հետո, պատահական չէ, որ այդ երկրի հայտարարություններն ամբողջովին տարբերվում են այն հայտարարությունից, որն անում է Հայաստանը կամ եռանախագահող երկրները: «Նույնը պատահեց Կրակովից հետո: Ադրբեջանը դեռ լռում է, որևէ բան չի ասել նման համաձայնություն ձեռք բերելու մասին: Այդ մասին ասում են Հայաստանն ու եռանախագահող երկրները: Մոտ օրերս համանախագահներն այցելելու են տարածաշրջան՝ լինելով Ադրբեջանում, Հայաստանում և Արցախում: Հույս ունենանք, որ այդ պայմանավորվածությունը կիրագործվի, և ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ հետքայլ չի անի»,- ասել էր Նալբանդյանը:
Ալեքսանդր Ռարն ասաց, որ, բացի Նալբանդյանից, վերջին օրերին ակտիվորեն թեմային անդրադարձել է նաև ռուսական կողմը՝ ակնարկելով նույն այդ պայմանավորվածությունների մասին: Ըստ նրա՝ հետաքրքրական է, որ այս անգամ նախարարական հանդիումից հետո կոնկրետ պայմանավորվածության մասին խոսվեց, որն առարկայական էր և ըստ էության չհերքվեց նաև ադրբեջանական կողմից, թեև այս հանդիպումից հետո ևս հեռակա փոխհրաձգություն տեղի ունեցավ՝ կողմերի միջև հայտարարությունների տեսքով:
«Հայտարարությունների միջոցով մի քանի անգամ հաստատվեց նաև այն, որ առաջիկայում նախատեսվող եռանախագահների այցը տարածաշրջան հստակեցնելու է Կրակովյան հանդիպման արդյունքները: Սա փաստում է, որ Կրակովում կոնկրետ պայմանավորվածության են հասել կողմերը, բայց ինչպե՞ս է դա տեղի ունեցել: Հարցն այն է, որ հնարավորության դեպքում ադրբեջանական կողմը կրկին առաջ կմղի բովանդակային բանակցություններ անցկացնելու հարցը՝ չհամաձայնելով այս մեխանիզմների ներդրման առաջարկներին, բայց Բաքուն հայտնվել է մի իրադրության մեջ, երբ իրեն անհրաժեշտ է շարունակել այս բանակցությունները՝ առանց վերահսկողության սահմանին, ինչը ներկայումս, փաստորեն, անհնար է դարձել, քանի որ այդ հարցում կոնսենսուս է ձևավորվել թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի, և թե՛ Արևմուտքի միջև, ստացվում է, որ այդ միջոցներին դեմ է միայն Ադրբեջանը, այս դեպքում չունենալով աջակիցներ՝ Ադրբեջանը ժամանակավորապես զիջել է իր դիրքերը, սակայն, կարծում եմ, որ Ադրբեջանը վերջին պահին այլ լուծում գտնելու է՝ չհամաձայնելով Կասպրչիկի առաքելության ընդլայնմանը»,- ասաց Ռարը:
Սակայն, նրա կարծիքով՝ հրապարակավ համաձայնություններից հետո դրանք խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Ադրբեջանի հեղինակության վրա՝ ԵԱՀԿ ՄԽ-ին դրդելով ճնշումների:
Ըստ գերմանացի քաղաքագետի՝ այդ ճնշումները լայնածավալ տեսքով արդեն սկսվել են: Նրա խոսքով՝ երբ բոլոր համանախագահները, միջնորդ երկրների ԱԳ նախարարները խոսում են կոնկրետ պայմանավորվածության մասին, նրանք ճնշում են գործադրում, այս դեպքում դժվար է հրապարակային հերքել, որ նման պայմանավորվածություն չի եղել:
Ալեքսանդր Ռարն ասաց, որ համանախագահների այցը տարածաշրջան այս օրակարգով էլ կավարտվի, քանի որ նույն այդ հայտարարություններում ակնհայտ է, որ կողմերը բուն բանակցային հարցերում հեռու են համաձայնությունից: