Արփիում ԵՄ-ն մի քանի հարյուր հազար եվրոյի ծրագիր է իրականացնելու
Եվրոպական միությունը կազմակերպել էր դահուկավազքի փառատոն: Այս կառույցը ներկայացնում է Հայաստանում տուրիզմի ոլորտի զարգացման նոր նախաձեռնություններ:
Հայաստանի Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան փետրվարի 3-ից 4-ը Շիրակի մարզի Աշոցք գյուղական համայնքում կազմակերպել էին դահուկավազքի փառատոն:
Փառատոնի շրջանակներում առաջարկվել էր դահուկային սպորտով հագեցած հանգստյան օրեր, այդ թվում մասնագիտացված մարզիչների կողմից տրամադրվող դահուկավազքի վարպետության դասեր, ձմեռային խաղեր և մանկական մրցաշար երեխաների համար, տղամարդկանց 5 կմ և կանանց 2.5 կմ դահուկային մրցավազք դասական ոճով, նաև հատուկ մրցանակներ և անվանակարգեր ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու կողմից:
Նշենք, որ մանկական փառատոնի ընթացքում անցկացվեցին մանկական ձմեռային խաղեր և մրցաշար, նաև պարգևատրման արարողություն:
Փառատոնը ԵՄ պատվիրակության կողմից երեխաների և մեծահասակների համար կազմակերպվող սպորտային միջոցառումների և մրցաշարարի շարքից է:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի և ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի համատեղ ճեպազրույցը՝ նվիրված զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր նախաձեռնություններին, կայացավ փետրվարի 4-ին՝ Աշոցքի դահուկավազքի կենտրոնում:
Փառատոնն իրականացվում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ: Փառատոնի կազմակերպմանն աջակցել է Շիրակի մարզպետը և Աշոցք համայնքի ղեկավարը: Աշոցքի դահուկավազքի փառատոնի բացման արարողության մասին հայտարարեց Պյոտր Սվիտալսկին:
«Վայելեք գյուղը, վայելեք դահուկավազքը, հաճելի մրցավազք ձեզ և կրկին եկեք Աշոցք: Եվրոպական միությունն այս ծրագրում ներգրավված է երկու պատճառներով: Իր օգնության համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով զբաղվող փոխնախարարին: Հուսով եմ, որ դահուկավազքը, որը գեղեցիկ սպորտաձև է և ընտանիքների համար լավ մարզաձև, նրանց կյանքի կարևոր և անբաժանելի մասը կդառնա: Մենք ցանկանում ենք աջակցել այս տարածաշրջանի՝ մասնավորապես Շիրակի մարզի զարգացմանը, հատկապես Աշոցքի, Արփիի և Ամասիայի զարգացմանը: Մենք Հայաստանի կառավարության հետ քննարկում ենք 2018 թվականի մեր գործողությունների ծրագիրը և ըստ ամենայնի՝ ծրագիրը կենտրոնանալու է երեք ուղղություններով՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն և ստեղծարար տնտեսություն: Եվ մենք կենտրոնացնելու ենք այս ծրագրի իրականացումն այստեղ, ինչպես նաև Հայաստանի մյուս երկու հյուսիսային մարզերում՝ Լոռիում և Տավուշում:
2018 թվականի գործողությունների ծրագրի ամբողջ ֆինանսական փաթեթը կազմելու է մոտ 40 միլիոն եվրո: Ուստի մենք այսօր այստեղ ենք զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավարի և Շիրակի մարզպետի հետ միասին, ում հետ մենք մանրամասնորեն քննարկում ենք զբոսաշրջության, բացօթյա ժամանցի և ակտիվ գործունեության այլ հնարավորությունները, ցանկանում եմ իրենց շնորհակալություն հայտնել շատ սերտ քննարկումների և ակտիվ ներգրավվածության համար և լիահույս ենք, որ մենք կկարողանանք ապագայի աշխատանքները միասին մշակել: Մենք չենք սպասում 2018 թվականի գործողությունների ծրագրին, արդեն սկսել ենք աշխատանքները: Ինչպես հիշում եք, նախորդ տարվա նոյեմբերին այստեղ էի Թվային ինկուբատորի բացմանը, որից հետո չեխ-հայկական ծրագրի բացմանը ներկա գտնվեցինք, նախատեսվում է նաև Արփիում գերմանացի և հայ գործընկերների հետ միասին մի քանի հարյուր հազար եվրոյի շատ գեղեցիկ ծրագրի մեկնարկ և ցանկանում եմ կրկին ընդգծել, որ շնորհակալ եմ մեր գործընկերներից իրենց գերազանց և շատ բարձր մակարդակի համագործակցության համար»,- իր ելույթի խոսքում նշեց Պ.Սվիտալսկին:
ՀՀ-ում ԵՄ դեսպանը հայտարարեց, որ Եվրամիությունը Շիրակի մարզում իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնց նպատակը տնտեսական զարգացման առումով նոր աշխատատեղերի ստեղծումն է:
«Գյումրիում նաև «Հայկական Կարիտաս»-ի հետ միասին մենք աջակցություն ենք ցուցաբերում հաշմանդամություն ունեցող երեխաների համար իրականացվող մի շատ օգտակար ծրագրերի, որի շրջանակներում Գյումրիում կբացվի սրճարան: Այստեղ է նաև փոխնախարար Վաչե Տերտերյանը, շատ մոտ ապագայում Ամասիայում կես միլիոն եվրո արժողությամբ ծրագիր կիրականացվի: Երկու մեծ ծրագրեր ունենք: Դրանք մշակույթի և կրթության ոլորտներին են վերաբերում: Հայ գործընկերների հետ նոր ծրագիր է մեկնարկելու՝ 1.5 միլիոն եվրո արժողությամբ, որով աջակցություն է ցուցաբերվելու տեղական համայնքներին: Հավատացած եմ, որ Շիրակի մարզի մի շարք համայնքներ այդ ծրագրից օգուտներ կքաղեն: Ցանկանում ենք գումարներ բերել Արփի և Աշոցք՝ բացօթյա մարզաձևերի զարգացման համար: Արփին կարող է դառնալ ամառային սպորտաձևերի՝ հեծանվային սպորտի զարգացման կենտրոն»,- նշեց Պ.Սվիտալսկին:
Վերջինս նաև նշեց, որ Եվրոպական միությունն ակտիվ է լինելու ամեն հարցում:
Ելույթ ունենալով՝ Շիրակի մարզպետը նշեց, որ մենք այստեղ հավաքվել ենք դահուկ, սահնակ քշելու, ուստի ինքը չի ցանկանում պաշտոնական ելույթներով ներկաներից ժամանակ խլել:
«Այսօրվա մեր միջոցառմանը, վստահ եմ, որ կլինի հաջողություն, կլինեն հաղթանակներ, սակայն պետք է հասկանանք, որ կարևորը ռեկորդ սահմանելը չէ, այլ մասնակցությունն է: Մի օր ընտանիքներով, աշխատակազմով, բոլորով միասին վայելենք նաև Շիրակի Աշոցքի բնությունը:
Եվրամիության ուշադրությունը կենտրոնացած է լինելու մարզի զարգացման վրա: Մենք դադարել ենք լինել մարզ, որն օգնության կարիք ունի: Մենք այժմ դիտվում ենք մարզ, որն ունի զարգացման մեծ պոտենցիալ թե՛ գյուղատնտեսության, թե՛ ստեղծագործ, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության բնագավառում, և մեր համագործակցությունը Եվրամիության, այլ միջազգային կառույցների հետ ունենալու է զարգացման նպատակ: Հույս ունեմ, որ այս միջոցառումը մեզ համար ավանդույթ կդառնա և ոչ միայն Աշոցքի և հարակից համայնքների, այլ Շիրակի մարզի մյուս համայնքների բնակիչները ևս իրենց ժամանակը կանցկացնեն այստեղ: Գոնե մենք մարզպետարանի 100 հոգի ընտանիքներով այստեղ ենք և հույս ունենք, որ մարզպետարանի այս քայլն օրինակ կլինի նաև մյուս հիմնարկ-ձեռնարկությունների համար»,- ասաց Արթուր Խաչատրյանը:
ՀՀ սպորտի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը ևս ներկա էր այս գեղեցիկ միջոցառմանը:
«Հարգարժան դեսպան, հարգելի ներկաներ, իրականում շատ գեղեցիկ միջոցառում է: Շնորհակալություն եմ հայտնում ԵՄ պատվիրակության ղեկավար պարոն Սվիտալսկուն, քանի որ արդեն երկրորդ տարին է, ինչ այստեղ անցկացվում է նմանատիպ միջոցառում: 2017 թվականին նոր մարզաձևի՝ լեռնային հեծանվավազքին նվիրված միջոցառում է կազմակերպվել և վստահ եմ՝ մեր համագործակցությունը շարունակական է: 2018 թվականին իրականացնելու ենք մի շարք մարզական միջոցառումներ»,- ասաց Գաբրիել Ղազարյանը:
Տուրիզմի պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի խոսքով՝ Հայաստանը շատ մեծ պոտենցիալ ունի ձմեռային սպորտաձևերը զարգացնելու և աշխարհում հանդես գալու որպես ձմեռային տուրիզմի զարգացման շատ գրավիչ երկիր, ինչը զբոսաշրջային սեզոնի երկարաձգման հիմնական գրավականներից է: Զբոսաշրջության կոմիտեն և Հայաստանում եվրոպական միության պատվիրակությունն ակտիվ և սերտ համագործակցության մեջ է զբոսաշրջային ծրագրերը Հայաստանում զարգացնելու համար:
Դահուկավազքի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանի համոզմամբ իրենց համար երազանք էր Աշոցքը դահուկային կենտրոն դարձնելը:
«Այս կենտրոնը լավագույն օրինակը կարող է դառնալ համայնքի, հասարակական կազմակերպության, կառավարության, միջազգային կառույցների՝ հանձինս ԵՄ պատվիրակության, թե ինչպես կարող է Հայաստանում տուրիզմը և սպորտը ներդաշնակ զարգանալ: Սա կարող է լավագույն օրինակը դառնալ Հայաստանում մարզական տուրիզմի զարգացման համար և այն կարծրատիպը, թե ձմեռային տուրիզմը կարելի է զարգացնել միայն ենթակառուցվածքներ ունեցող շրջաններում, կարծում եմ՝ կկոտրվի և տարիներ հետո մարդիկ կհասկանան, որ դահուկային մարզաձևերն առողջության պահպանման լավագույն միջոցներն են, նաև տուրիզմի զարգացման պետական ուղղություններից մեկը»,- ասաց Գագիկ Սարգսյանը:
Անահիտ Սիմոնյան