Տնտեսության հիմնական ոլորտների «վարքագիծը»՝ 2017 թվականին

Ազգային վիճակագրական ծառայությունը դեռ հունվարի 25-ին հրապարակել էր նախնական մակրոտնտեսական ցուցանիշները՝ 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար։

Հիշեցնենք, որ գրանցվել է տնտեսական ակտիվության բավականին բարձր՝ 7.7%-անոց աճ։ Նախնական տվյալներից երևում էր, որ աճն ապահովվել է գլխավորապես արդյունաբերության և ծառայությունների ոլորտների հաշվին։
Այժմ պաշտոնական վիճակագրությունը հրապարակել է ավելի մանրամասն տվյալներ, որտեղից երևում է, թե ինչի հաշվին են աճել առանձին ոլորտները։

Ծառայությունների ոլորտ

Ծառայությունների ոլորտի ծավալը՝ առանց առևտրի, 2017 թվականին կազմել է 1 տրլն 453.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով 14.4%-անոց աճ։ Ծառայությունների խմբում ամենամեծ կշիռը՝ 20.8%, ունի ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, որը նախորդ տարվա համեմատ՝ աճել է 20.6%-ով։ Ընդ որում, բանկերի գործունեությունն աճել է, ապահովագրականներինը՝ նվազել։

2017 թվականի ընթացքում ծառայությունների ոլորտի աճին մեծապես նպաստել է նաև շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը։ 2016 թվականի համեմատ՝ այս ոլորտն աճել է 22.5 %-ով և իր ծավալներով ընդհուպ մոտեցել ֆինանսական ոլորտին՝ 275.9 մլրդ դրամ (ընդհանուր ծառայությունների 19%-ը)։
Իհարկե, մոլախաղերի տարածմամբ աճ ապահովելու մեջ ոչ մի ուրախալի բան չկա։

Փոխարենը՝ ծառայությունների շարքում բավականին ուրախալի է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 30%-անոց աճը։ 2017 թվականին ՏՏ ոլորտի ծավալը կազմել է 75.8 մլրդ դրամ կամ ընդհանուր ծառայությունների 5.2%-ը։
Կացության և հանրային սննդի կազմակերպման ծառայություններն աճել են 19.6%-ով (ծավալը՝ 112 մլրդ դրամ)։

Ներքին առևտուր

Ներքին առևտրաշրջանառությունը 2017 թվականին՝ 2016 թվականի համեմատ, աճել է 14%-ով։ Հաշվի առնելով նախորդ տարիների ներքին առևտրի լճացած վիճակը, սա բավականին տպավորիչ ցուցանիշ է, ինչը մասամբ պայմանավորված է ստվերի կրճատմամբ։

Սակայն կան նաև որոշ ոչ միանշանակ կետեր։
Օրինակ, մանրածախ և մեծածախ առևտրի աճի տեմպերի մեջ շոշափելի տարբերություն կա. մեծածախ առևտուրն աճել է 25.8%-ով, մանրածախը՝ ընդամենը 5.5%-ով։ Սա կարող է բացատրվել այն հանգամանքով, որ մանրածախ առևտրի ոլորտում ստվերն ավելի դանդաղ է նահանջում։

Հաջորդ մտահոգիչ կետն այն է, որ մանրածախ առևտրի ոլորտում կենտրոնացումը խորանում է։ Այսպես, մեծ խանութների միջոցով իրականացած մանրածախ առևտրաշրջանառության ծավալն աճել է 8%-ով, իսկ, օրինակ, կրպակներինը՝ նվազել 1.2%-ով։ Արդյունքում՝ խոշոր խանութների կշիռը մանրածախ առևտրաշրջանառության մեջ արդեն մոտենում է ընդհուպ 80%-ի։

Արդյունաբերություն

Արդյունաբերության ոլորտը 2017 թվականին տվել է 1 տրլն 661 մլրդ դրամի արտադրանք։ 2016 թվականի համեմատ՝ արդյունաբերության ոլորտի իրական հավելաճը 12.6% է։ Արդյունաբերության կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունի մշակող արդյունաբերությունը՝ 62.6%։ Հանքարդյունաբերությանը բաժին է ընկնում արդյունաբերության 20.3%-ը, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարմանը՝ 15.6%-ը, ջրամատակարարմանն ու կոյուղուն՝ 1.5%-ը։
Հանքարդյունաբերության ոլորտը 2016 թվականի համեմատ՝ աճել է 13.9%-ով և տվել 337.7 մլրդ դրամի արտադրանք։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ չի կարելի ընդհանուր արդյունաբերության աճը պայմանավորել հանքարդյունաբերությամբ։

Մշակող արդյունաբերությունը նույն ժամանակահատվածում աճել է 15.7%-ով և կազմել 1 տրլն 39.4 մլրդ դրամ։ Այսինքն՝ հաշվի առնելով ծավալները, մշակող արդյունաբերությունն ավելի մեծ չափով է նպաստել արդյունաբերության ոլորտի երկնիշ աճին։

Իսկ մշակող արդյունաբերության երկնիշ աճին ամենից շատ նպաստել են խմիչքների և ծխախոտի արտադրությունը։ Մասնավորապես, խմիչքների արտադրությունն աճել է 34%-ով և կազմել 149.2 մլրդ դրամ, իսկ ծխախոտային արտադրատեսակների արտադրությունն աճել է 18.7%-ով (ծավալը՝ 157.7 մլրդ դրամ)։ Տպավորիչ աճեր են գրանցել նաև հագուստի արտադրությունը (34.2%), ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը (35.7%), կահույքի արտադրությունը (35.3%), էլեկտրական սարքավորանքի արտադրությունը (2.3 անգամ)։ Սակայն դրանց ծավալները համեմատաբար փոքր են։

Մշակող արդյունաբերության ամենամեծ ենթախումբը՝ սննդամթերքի արտադրությունը, աճել է ընդամենը 2.6%-ով և կազմել 296.6 մլրդ դրամ։

Շինարարություն

Այն, որ շինարարությունը տարվա արդյունքներով դուրս կգար անկումային շրջանից, ուրվագծվել էր դեռ օգոստոս-սեպտեմբեր ամիսներից սկսած, երբ շինարարության ցուցանիշները սկսեցին բարելավվել։ 2017 թվական արդյունքներով շինարարության ոլորտը գրանցեց 2.2% աճ՝ 2016 թվականի համեմատ։ Իրականացված շինարարության ծավալը կազմեց 415.9 մլրդ դրամ։

Նշենք, սակայն, որ շինարարության որոշակի առողջացումն ապահովվել է հիմնականում միջազգային վարկային միջոցների (մասնավորապես՝ Ասիական զարգացման բանկի) հաշվին կատարված պրոյեկտների հաշվին։
Բնակչության միջոցներով կատարված շինարարության ծավալը չի փոխվել և կազմել է 102.2 մլրդ դրամ։ Իսկ կազմակերպությունների կողմից իրականացված շինարարության ծավալը նվազել է 0.8%-ով և կազմել 186.4 մլրդ դրամ։ Այդ թվում, օտարերկրյա ներդրողների կողմից իրականացված շինարարության ծավալը կազմել է 43.7 մլրդ դրամ, ինչը 4 անգամ գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը։

Նշենք, որ օտարերկրյա ներդրողների կողմից իրականացված շինարարության առյուծի բաժինն Ամուլսարի ոսկու հանքավայրն է։ Սա նշանակում է, որ առանց այդ նախագծի՝ կազմակերպությունների կողմից իրականացված շինարարության ծավալների անկումն է՛լ ավելի խորը կլիներ։

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսությունը միակ ոլորտն է, որին չհաջողվեց խուսափել անկումից։ 2017 թվականին՝ 2016 թվականի համեմատ, գյուղոլորտի իրական նվազումը 3% է, ծավալը՝ 906.8 մլրդ դրամ։

Անկումը պայմանավորված է բուսաբուծության ոլորտի ցուցանիշներով. 2017 թվականին բուսասուծության արտադրանքը նվազել է 7.2%-ով և կազմել 468.4 մլրդ դրամ։ Անասնաբուծությունը, հակառակը՝ աճել է 2.2%-ով (ծավալը՝ 438.3 մլրդ դրամ), սակայն այդ աճը բավարար չի եղել բուսաբուծության ոլորտի անկումը փոխհատուցելու համար։

Գյուղոլորտի անկումը ոմանք բացատրում են եղանակային պայմաններով, մյուսները՝ գյուղատնտեսական վիճակագրության ճշգրտմամբ։ Ամեն դեպքում, կառավարությունը հույս ունի իր կողմից իրականացվող ծրագրերի միջոցով 2018 թվականին գյուղատնտեսությունը դուրս բերել անկումային վիճակից։

Տեսանյութեր

Լրահոս