«Պրովոկացիոն գործողություններով քաղաքական խնդիրներ լուծելու Ալիևի ռեսուրսն էլ է սպառվում». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Տարածաշրջանային այցի մասին հայտնի դարձավ արտգործնախարարների հանդիպումից հետո, և կարծում եմ, որ պետք է քննարկվեն այն պայմանավորվածությունները, որոնք ասում են, թե ձեռք են բերվել ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում, հատկապես` ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունների մեծացման հարցը: Հիմնական խնդիրը, կարծում եմ, տարածաշրջանային անվտանգությունն է, և սահմանային լարվածության նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը պետք է լինի քննարկումների հիմնական նպատակը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` անդրադառնալով հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին:

Ըստ նրա` առաջիկայում բանակցային գործընթացում լուրջ զարգացումներ չեն սպասվում` հաշվի առնելով Հայաստանում և Ադրբեջանում ներքաղաքական պրոցեսները, որոնք, որպես կանոն, սառեցնում են, ավելի պասիվացնում են բանակցային գործընթացը: Իհարկե, ինչպես նշեց քաղաքագետը, լարվածություն սահմանին, հնարավոր է՝ լինի, բայց դա միայն ներքաղաքական գործընթացներով պայմանավորելը ճիշտ չէ, քանի որ փորձը ցույց է տալիս, որ տասնյակ պատճառներ կան, որ կարող են ազդել սահմանային լարվածության վրա, և ընտրությունները դրանցից մեկն են:

«Բոլոր դեպքերում, իհարկե, պետք է սպասել պրովոկացիոն գործողությունների: Բայց պետք է ասել, որ այդպիսի քայլերով քաղաքական խնդիրներ լուծելու Ալիևի ռեսուրսն էլ է սպառվում, և իրենք դա շատ լավ հասկանում են` տեսնելով, որ հետզհետե բանակցային սեղանին իրենց դիրքերն ավելի են թուլանում այդ գործողությունների պատճառով: Հետևաբար, կարծում եմ՝ Ադրբեջանն էլ է փորձելու, այսպես ասած, խիստ անհրաժեշտության դեպքում միայն դիմել սահմանային լարվածությանը»,- ասաց Հ.Մելիք-Շահնազարյանը:

Նա կարևորեց, որ Ա. Կասպրչիկի առաքելության մեծացումը գործնականում լուրջ նշանակություն կունենա, այսինքն` հիմա դիտորդները քիչ են, ընդամենը մի քանի հոգի, և եթե պետք է նրանց 1-2 հոգի ավելանա, դա ձևականություն է. «Եթե իրականում նրանց թիվը մեծ լինի, սարքավորումները տեղադրվեն, և այլն, այդ ժամանակ կարելի կլինի ասել, որ ինչ-որ մի բան ձեռք բերվեց: Բայց հիմա այս պահին մենք տեսնում ենք, որ սիմվոլիկ լուծումները, սիմվոլիկ պայմանավորվածություններն անգամ հնարավոր չէ կյանքի կոչել»:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) փետրվարի 8-9-ը կլինեն Հայաստանում: Եռանախագահները կլինեն նաև Արցախի Հանրապետությունում՝ հանդիպելով տեղի իշխանությունների հետ: Նախքան Հայաստան այցելելը համանախագահներն այցելելու են Ադրբեջան:

Տեսանյութեր

Լրահոս