«Մինչև մենք այդ ստվերի դեմը չառնենք, խաղողագործությունը հանրապետությունում չի զարգանա». Արտակ Սարգսյան
Հաայստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բնակլիմայական պայմաններից ելնելով՝ այսօրվա դրությամբ խաղողագործության առաջ երկու խնդիր կա. «Եթե տեղումներ չլինեն, կամ կլիմայի փոփոխություն չլինի փետրվար-մարտ ամիսներին, դա շատ վտանգավոր է։ Եթե եղանակն այսպես տաք շարունակվի, թաղված այգիները հողի տակ կհղիանան, կսկսվի հյութաշարժ, ինչը կբերի վատ հետևանքների, քանի որ բացելու դեպքում՝ աչքերը կվնասվեն, կամ գարնանային ցրտերի ժամանակ, որոնք անկանխատեսելի են և ամեն տարի լինում են, խաղողի վազերը կցրտահարվեն, և կունենանք բերքի կորուստ»։
Իսկ երկրորդ խնդիրը, ըստ մեր զրուցակցի՝ ավելի գլոբալ է և վերաբերում է ոչ միայն խաղողագործությանը, այլև ընդհանուր գյուղատնտեսությանը. «Գլոբալ խնդիրն ընդհանուր գյուղատնտեսության համար ոչ տեղումնառատ տարին է։ Եթե այսպես շարունակվի, կունենանք ոռոգման ջրի խնդիր, երաշտ։ Այդ երկու խնդիրն այս պահին կա մեր գյուղատնտեսության առաջ, խաղողագործության առաջ»։
Դիտարկմանը՝ նախորդ տարի խաղողագործների մի մասն այգեթաղ չէր կատարել, որի հետևանքով խաղողի վազերը ցրտահարվեցին, իսկ այս տարի այգեթաղ կատարել են, բայց այլ խնդիր է առաջանում, նա այսպես արձագանքեց. «Այս տարի էլ լիարժեք այգեթաղ չի արվել, բայց 2017 թվականի համեմատ՝ այգեթաղի աճ ունենք։ Իհարկե, նախալեռնային և Արարատյան դաշտի որոշ հողակտորներում այգեթաղ չի արվել։ Ոչ ոք չգիտեր, որ անոմալ կլիմայական պայմաններ են լինելու 2018 թվականի ձմռանը։ Այնպես որ, դա այգեթաղ կազմակերպողի մեղքը չէ։ Ովքեր այգեթաղ չեն արել, այս պահի դրությամբ որևէ խնդիր չի կարող լինել իրենց մոտ, որովհետև խաղողի այգու ցրտահարության վտանգ ամբողջ հանրապետությունում չունենք»։
Ինչ վերաբերում է խաղողի այգիների ծավալների կրճատմանը, Արտակ Սարգսյանն ասաց, որ 2015 թվականի խաղողի այգիների կրճատում ունենք. «Արդեն երրորդ տարին է՝ խաղողի տնկարկ չենք ունենում, եթե ունենում ենք, ապա շատ չնչին, այն էլ՝ տարբեր պատճառներից ելնելով։ Պատճառներից մեկը խաղողի ինքնարժեքի բարձր լինելն ու մթերման ցածր գինն է։ Երկրորդը՝ 2016 թվականի վայրիվերումներն են՝ մթերման, գնի հետ կապված, որոնք ժողովրդի մոտ ֆինանսական լուրջ պրոբլեմ ստեղծեցին։ Երրորդ և գլխավոր պատճառը ֆիլոքսերիան է, որի պատճառով խաղողագործին խնդրում ենք ինքնուրույն տնկարկներ չանել։ Մենք պետք է ֆիլոքսերիադիմացկուն սորտերով տնկարկներ կատարենք, բայց սայլը տեղից չի շարժվում։ Նման տեմպերով շարունակելու դեպքում՝ մարդու համար եկամտաբեր չէ խաղողագործությամբ զբաղվելը, դա է հիմնական պատճառը, որ մենք չունենք այգիների նոր տունկ և ընդլայնում»։
Խոսելով լուծումների մասին՝ նա ասաց, որ կառավարության հետ շփումներում և տարբեր հարթակներից շեշտում է՝ խաղողագործությանը մոտենալ այն տեսանկյունից, որ խաղողագործն ինքնարժեքով կամ ինքնարժեքից 20 դրամ բարձր գնով խաղող մթերելով՝ չի կարող խաղողագործությունը զարգացնել. «Խաղողը պետք է իրական գնով գնվի գյուղացուց։ Այստեղ կա մի ստվեր, որ մարդիկ կեղծ խաղողի հումքով արտադրանք են տալիս։ Մինչև մենք այդ ստվերի դեմը չառնենք, խաղողագործությունը հանրապետությունում չի զարգանա»։