Բաժիններ՝

«Կարծում եմ, որ ոչ մեկիս մոտ իլյուզիա չկար, որ գործող բլոկը պետք է ընդմիշտ աշխատեր»

Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի կյանքի երկարաձգման 300 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի մեծ մասն անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումներն են: Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը` ի պատասխան հարցին, թե ինչպես կարող է ատոմակայանի հարցը փոխշահավետ լուծում ստանալ` հաշվի առնելով ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:

«Բանակցություններն ավարտվել են, դրանց արդյունքը հստակ ձևակերպված է ՀՀ-ԵՄ համաձայնագրի մեջ, որում ասվում է, որ Հայաստան պետք է ներկայացնի ներկա գործող էներգաբլոկի ապագործարկման ճանապարհային քարտեզը: Սա է ֆիքսված, կարծում եմ, որ ոչ մեկիս մոտ իլյուզիա չկար, որ գործող բլոկը պետք է ընդմիշտ աշխատեր: Բավականին մեծ ներդրումներ արել ենք ու դեռ շարունակում ենք անել անվտանգության ստանդարտների վրա: Երկարացումը նախատեսվում է 10 տարով, որից հետո նախատեսվում է ապագործարկումը: Այստեղ որևէ արտառոց բան չկա»,-ասաց փոխնախարարը:

Ատոմակայանի հետագա գործարկման վերաբերյալ հարցին Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության, Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը պատասխանեց. «Մենք հավատացած ենք, որ հնարավորինս շուտ պետք է փակվի Ատոմակայանը, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որ ամբողջովին համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին: Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար կարևոր է էներգետիկ անվտանգությունը, ինչի հետ պետք է հաշվի նստել»: Եվրոպացի պաշտոնյանի խոսքով` ներկայում ԵՄ-ն աշխատում է Ատոմակայանի բարելավման ուղղությամբ: «Ֆուկուշիմայի ողբերգական դեպքից հետո Եվրամիությունում գտնվող ատոմակայանների սթրես-թեստեր անցկացրեցինք, այդպիսին նաև Հայաստանն իրականացրեց: Այժմ կարևոր է դրանց արդյունքները կյանքի կոչել ու անել ամեն ինչ անվտանգության մակարդակը բարձրացնելու համար»,-ընդգծեց Դիրկ Լորենցը:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո առաջին անգամ Երևանում անցկացվել է էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի նիստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս