Բաժիններ՝

«Ես մարդկային թուլությունները կարող եմ գնահատել, բայց իրականության առջև աչքերս փակել չեմ կարող». Ռազմիկ Դավոյան

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն ու գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին 1988 թվականի շարժման 30-ամյակի, պահանջների ու անցած ճանապարհի մասին:

«Դժբախտաբար, 1988-ի շարժումից արդեն 30 տարի անց պետք է արձանագրել, որ հրաժարվել ենք շատ կարևոր բաներից, ինչպիսին տնտեսությունն էր, զարգացումն ու առաջընթացը, հայտնվելով մի իրավիճակում, որ կոչվում է անկախություն,- մեկնարկելով ասուլիսը՝ հայտարարեց գրականագետ Դավիթ Գասպարյանն ու մեկնաբանեց,- «Անկախություն» բառն իրապես հրաշք է, երկիրը, ինքնուրույնությունն ու պետականությունը բացառիկ բարձր արժեքներ են, բայց, դժբախտաբար, վրա հասավ այն ամենասարսափելի պահը, երբ ժողովուրդը սկսեց ծաղրել այդ անկախությունը, ինչն էլ իր առաջին ալիքի բարձր ոգևորությունից աստիճանաբար իջավ ու դարձավ արտագաղթ՝ փախուստ երկրից:

Այն երազանքից, որ ուրվագծում էր պետական, ինքնուրույն և անկախ իրականություն, հայ մարդը հանկարծ փախավ: Արդյունքում՝ հիմա մենք կանգնած ենք մի իրականության առջև, որ շատ մանրամասնելու կարիք էլ չունի: 1988 թվականի անդրադարձը 2018 թվականն է: Նայեք՝ ինչպե՞ս է ապրում մեր ժողովուրդը, ի՞նչ խնդիրներ ու ցավեր ունի, և հետևություններ արեք՝ այդ է մեր ձեռքբերումը: Կորցրեցինք վիթխարի տնտեսություն և ժողովրդի կեսին, որ հիմա դրսում է, ուրեմն գոնե եղածը կարողանանք պահել, որ վաղվա օրվան հույսով նայենք, ու «անկախություն» բառը գտնի իր նախկին իմաստը, ինչի համար մենք պայքարում էինք»:

Կարդացեք նաև

«Ժողովրդի միասնության դեմ այնպիսի՜ ոտնձգություններ եղան, հանուն իշխանության, որ պատմելու չէ»,- ասում է ասուլիսի մյուս բանախոս, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն ու շարունակում,- Միայն մի տեղում ցցուն երևաց դա՝ Ելցին և Գորբաչով պայքարում, որ դեռ այն գլխից տանուլ տված պայքար էր՝ ի տարբերություն մեզ, այստեղ իշխանության համար պայքար չի եղել: Մեր իշխանությունը կամովին զիջել է իր դիրքերը: Ղարաբաղի համար պայքարի ելած ժողովրդից անջատված խումբը, որ շարժման բնույթն ուղղորդեց դեպի իշխանափոխություն, ցանկացան պատրանք ստեղծել, թե իրենք անկախության համար պայքարեցին, և այն ձեռք բերվեց պայքարով: Ես մարդկային թուլությունները կարող եմ գնահատել, բայց իրականության առջև աչքերս փակել չեմ կարող և շարունակում եմ այն տեսնել չափազանց հստակ: Անկախություն ստանալուց հետո ամենադժվար գործն այն կերտելն էր»:

Բանաստեղծը նկատում է՝ ավերված հիմքերի մասին խոսելուց հետո պետք է մտածել այդ հիմքերն ամուր կերպով վերստեղծելու մասին, որպեսզի կարողանանք կերտել իսկապես անկախ պետություն՝ իր բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով:

Անդրադառնալով մտավորականության հասցեին հաճախ հնչող քննադատությանը, թե վերջիններս բավարար չափով մասնակից չեն ժողովրդի խնդիրների ու իշխանական օղակներում դրանց վերհանման հարցերին՝ Ռազմիկ Դավոյանը պատասխանում է.

«Ես նմանօրինակ քննադատություններին ուշադրություն չեմ դարձնում, որովհետև այն ժամանակ, երբ ժողովրդին ասում էի՝ սխալ եք, այսպիսի բաներ մի արեք, մեզ վրա քարեր նետեցին: Իհարկե, իմ ժողովուրդն է և իրավունք ունի և՛ քարեր նետելու, և՛ կոխոտելու, ինչ կուզի՝ կանի: Ես հրապարակային հռետորական ելույթների մասնակից լինել չեմ ուզում, որովհետև ինչ-որ մտքովս անցնում է և ինչ բողոք և դժգոհություն որ ունեմ իշխանություններից, գերադասում եմ ուղղակի իրենց ասել և շեշտել, որպեսզի իմանան, որ դա ժողովրդի պահանջն է: Եթե այսօր նրա ձայնը չլսեք, հնարավոր է՝ վաղն ինքն իր պահանջը տեղ հասցնելու այլ միջոցներ գտնի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս