Աշխատավարձերն ու գները դեկտեմբերին հավասար չափով են աճել (ըստ ԱՎԾ-ի)
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը դեռևս 20 օր առաջ հրապարակել էր սպառողական գների ինդեքսը՝ 2016 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար։
12-ամսյա գնաճը՝ 2017 թվականի դեկտեմբերը 2016 թվականի դեկտեմբերի համեմատ, 2.6% է, ինչի մասին արդեն բազմիցս գրվել է։ Հիշեցնենք, որ հենց 12-ամսյա գնաճն է դրվում բյուջեի հիմքում և նպատակադրվում Կենտրոնական բանկի կողմից։
Հունվարի 25-ին ԱՎԾ-ն հրապարակեց նաև մյուս մակրոտնտեսական ցուցանիշները՝ 2017 թվականի համար։
Ըստ այդ ցուցանիշների՝ Հայաստանի Հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը 12-ամսյա կտրվածքով աճել է 2.6%-ով և 2017 թվականի դեկտեմբերին կազմել 240 277 դրամ։
Ստացվում է՝ գներն ու աշխատավարձերը աճել են նույն չափով, ինչը նշանակում է, որ Հայաստանում վարձու աշխատողների գնողունակությունը անփոփոխ է մնացել։ Սակայն պետական և ոչ պետական հատվածի աշխատողների համար պատկերը տարբեր է։
Այսպես, պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1.4%-ով և կազմել 207 438 դրամ, իսկ ոչ պետական հատվածում աշխատավարձն աճել է 2.7%-ով և կազմել 278 445 դրամ։ Ըստ այդմ, կարելի է ասել, որ պետական հատվածի վարձու աշխատողների գնողունակությունը նվազել է, իսկ ոչ պետական հատվածի աշխատողներինը՝ աննշան չափով աճել։
Նշենք, որ դեկտեմբերը սովորաբար տարբերվում է նախորդ ամիսներից և զգալիորեն բարձր է լինում՝ պայմանավորված այդ ամսին վճարվող պարգևավճարներով և աշխատավարձային կանխավճարներով։
Եթե դիտարկենք հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի միջինը, ապա պատկերը հետևյալն է՝ սպառողական գները թանկացել են 1%-ով, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 2.9%-ով և կազմել 194 259 դրամ։ Այդ թվում՝ պետական հատվածում միջին աշխատավարձն աճել է 0.5%-ով և հունվար-դեկտեմբերին կազմել 163 841 դրամ, իսկ ոչ պետական հատվածում՝ աճել 3.6%-ով և կազմել 230 611 դրամ։