«Ինչո՞ւ է «Մոնսանտոն» այդքան հետաքրքրված Հայաստանով, այդ ի՞նչ հողեր ունենք, ինչի՞ համար է եկել Հայաստան». Հրանտ Սարգսյան
«Միչուրինին հիշո՞ւմ եք, սպիտակ մորուքով ծերուկին։ «Մոնսանտո» հրեշի և Միչուրինի միջև տարբերությունը ԳՁՕ-ի և սելեկցիայի միջև եղած տարբերությունն է»,- այսօր ԱԺ-ում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների թեմայով կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց «Տապան» էկո-ակումբ» հ/կ նախագահ Հրանտ Սարգսյանը՝ պնդելով, որ սելեկցիայի գենետիկ փոփոխությունը բոլորովին նույնական չէ ԳՁՕ-ների հետ։ Նա հարցադրում արեց՝ ինչո՞ւ է «Մոնսանտոն» այդքան հետաքրքրված Հայաստանով, այդ ի՞նչ հողեր ունենք, ինչի՞ համար է եկել Հայաստան:
Ըստ Հ. Սարգսյանի՝ Իտալիայում ԳՁՕ սերմ օգտագործած ֆերմերներն ահավոր վիճակում են, քանի որ սերմը ցանելուց հետո հնարավոր չէ երկրորդ անգամ սերմ ստանալ. «Դա է «Մոնսանտոյի» ուժը, դա է գաղտնիքը։ Սնունդի համար չէ այս տեխնոլոգիան, Աֆրիկայի սովյալներին սննդով ապահովելու համար չէ»։
Հ. Սարգսյանը նշեց, որ Դարակերտի հոյակապ սերմնաբուծական կայանն իշխանությունը դիտավորյալ սնանկացրեց. «Մեր սերմնաբուծությունը պետք է զարգացնենք։ Մեր ունեցածն ինչո՞ւ ենք կորցնում, հետո գնում «Մոնսանտոյի» դուռը կամ պարոն Թրամփի դուռը, թե՝ մի բուռ եգիպտացորեն կամ վարունգի սերմ տուր, էս տարի էլ ցանենք։ Հողերի 40%-ը բրախած են։ Չենք կարողանում որոշել՝ տա՞նք ջուրը գյուղացուն ձրի, թե՞ բաց թողնենք՝ գնա»։
«Մենք չենք ուզում, որ «Մոնսանտոն» իշխի ձեր վրա, հարգելի՛ կառավարություն, որոշում կայացնողնե՛ր։ Դա իշխելու ձև է, հասկանո՞ւմ եք։ Դուք պատանդ եք դառնալու, ինչ ուզեն, էդ որոշումն եք ընդունելու վաղը, որովհետև ձեր սնունդն իր ձեռքն եք տալիս»,- նախազգուշացրեց Հ. Սարգսյանը։