«Մեր հակաօդային պաշտպանությունն այսօր տարածաշրջանում լավագույնն է». Վաղարշակ Հարությունյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Հայաստանն ավելի շուտ և ճիշտ է սկսել բանակաշինությունը, և ըստ նրա՝ մեր սպաներն ավելի պատրաստված ու հայրենասեր են.
«Մեր ճիշտ քաղաքականության արդյունքում մեզ հաջողվեց զենք-զինամթերքի բալանս ապահովել։ Երբ մենք մտանք ՀԱՊԿ, ստորագրեցինք հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ պայմանագիր, կարողացանք ստանալ զենք-զինամթերք, որը լիովին ապահովեց մեր մարտական գործողությունները։ Այն ժամանակ մենք ձևավորեցինք մեր ռազմական ուսումնական հաստատությունը, ՌԴ-ում սկսեցինք պատրաստել մասնագետներ և մինչ այսօր այնտեղ անվճար պատրաստել ենք մոտ 4000 սպա։ Եվ զենքը, որ հիմա ստանում ենք ՌԴ-ից, կամ ձրի է, կամ ավելի էժան, քան ստանում է Ադրբեջանը։ Օրինակ՝ տանկի 1 արկի արժեքը 6 հազար 9 հարյուր դոլար է, հիմա պատկերացրեք, եթե այդ ճանապարհով չգնայինք, մեր բյուջեի վրա ինչ ծանրություն կլիներ»։
Հարությունյանի խոսքով՝ Ադրբեջանը չի պատրաստվում և չի կարող գնալ լայնածավալ պատերազմի.
«Այսօր այդ ռազմաքաղական բալանսը կա, ինչն արգելակում է Ադրբեջանին։ Մեր հակաօդային պաշտպանությունն այսօր տարածաշրջանում լավագույնն է։ Մեր ներքին ռեսուրսն օգտագործելով՝ պահպանում ենք այդ բալանսը։ Եթե Ադրբեջանը մի պահ զգա, որ ի վիճակի է սկսել պատերազմ և հասնել հաջողությունների, նա դա կանի»։
Միևնույն ժամանակ, նա նկատեց՝ ապրիլյան գործողությունների ժամանակ հայտնաբերվեցին տարբեր բացթողումներ մեր բանակում.
«2016թ. մինչ այսօր բանակում կատարվել են լրջագույն աշխատանքներ. Շփման գծում տեղադրվել են հետախուզական համակարգեր, որոնք 5-8 կմ խորությամբ տեսնում են Ադրբեջանի տարածքը, դրա համար այս երկու տարվա ընթացքում Ադրբեջանի ռազմադիվերսիոն գործողությունները կտրուկ նվազել են։ Հիմա մեր բանակում շատ մեծ ուշադրություն են դարձնում տեխնիկայի արտադրությանը։ Օրինակ՝ արտադրում ենք ԱԹՍ-ներ։ Մեր արտադրածն իսրայելականից ավելի թույլ է, բայց ավելի էժան գնով ենք արտադրում ու կարող ենք էֆեկտիվ դիմադրել այդ գործողություններին»։
ՊՆ նախկին նախարարն ընդգծեց, որ հիմա բանակում սոցիալական հարցերին ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քան նախկինում, ինչն ըստ նրա՝ շատ կարևոր է։ Ամփոփելով՝ նա ասաց, որ 26 տարվա ընթացքում անցել ենք ճանապարհ, ունեցել հաղթանակ՝ շնորհիվ մեր հնարավորությունների ճիշտ օգտագործման.
«Ես համոզված եմ, որ ի վիճակի ենք լինելու մեր հաղթանակը պահել, ստիպել Ադրբեջանին, որ չդիմի այդ լայնածավալ պատերազմի քայլերին։ Ադրբեջանը ստիպված է լինելու ընդունել այն իրավիճակը, որն այսօր ունենք»։