«Թուրքիան չի պատրաստվում որևէ հարաբերություն հաստատել Հայաստանի հետ». Անուշ Հովհաննիսյան
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյան այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով 168.am-ի հարցին՝ հայ-թուրքական արձանագրությունների մասով ի՞նչ զարգացումների սպասենք՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ Սերժ Սարգսյանի ներկայացրած վերջնագիրը, ասաց, որ Թուրքիան չի պատրաստվում որևէ հարաբերություն հաստատել Հայաստանի հետ։
«2017թ. առաջին կեսին Թուրքիան զբաղված էր իր խնդիրներով, և կարծես թե անդրադարձ չկար Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։ Սակայն, բնականաբար, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որը շատ ճիշտ էր, թեպետ՝ ուշացած, բնականաբար հակառեակցիա առաջացրեց Թուրքիայի կողմից։
Թուրքիայի ԱԳՆ-ի և բարձրաստիճան գործիչների հայտարարությունները դա մեկնաբանում են այնպես, որպեսզի ցույց տան, որ Հայաստանը ոչ կոնստրուկտիվ գործընկեր է այդ երկխոսության մեջ, և Թուրքիան է, որ դեռ պահում է իր օրակարգում արձանագրությունները։ Փաստորեն, ամբողջ մեղադրանքն ուղղվեց հայկական կողմին»,- պարզաբանեց թուրքագետը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանին անդրադարձ եղավ նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման օրերին, երբ դրան հաջորդած Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ արծարծվեց Արցախի հարցը, և Թուրքիան ընդգծեց, որ առանց հայկական կողմի զիջումների, առանց Ադրբեջանի տարածքային ամբողջության պահպանման՝ որևէ խոսակցություն հայ-թուրքական մերձեցման կամ հարաբերությունների նորմալացման մասին լինել չի կարող.
«Էրդողանն առաջին անգամ հայտարարեց, որ Թուրքիայի համար Արցախի հարցը ազգային անվտանգության հարց է, և Թուրքիան ամեն ինչ կանի, որ այդ հարցը լուծվի։ Դրանից հետո եղան հանդիպումներ Էրդողանի և Պուտինի միջև, և, ըստ էության, Էրդողանը խոստացել էր բարձրացնել այդ հարցը Պուտինի հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ թուրքական կողմի կարծիքով՝ Արցախի հարցի լուծման մեջ մեծ է Մոսկվայի դերը, և, եթե Մոսկվան ցանկություն հայտնի, կամք դրսևորի և ճնշում գործադրի հայկական կողմի վրա, հնարավոր կլինի այդ հարցն ինչ-որ ձևով լուծել։
Մեր ունեցած տեղեկություններով՝ Սոչիում տեղի ունեցած առաջին հանդիպման ժամանակ նրանք քննարկել են բոլորովին այլ հարցեր, Արցախի հարցը չի քննարկվել, բայց հետագա հանդիպումների ժամանակ, ըստ երևույթին, այդ հարցն ինչ-որ ձևով քննարկվել է։ Դա կարելի է ենթադրել Լավրովի՝ օրերս տված մեծ հարցազրույցից, որը կարելի է մենկաբանել այսպես՝ Ռուսաստանը ոչ մի բան չի խոստացել, այսինքն՝ այն մտավախությունները, որ մենք ունեինք, որ Արցախը կարող է սակարկության առարկա դառնալ, ռուսական կողմը ջրել է այդ հարցը, որևէ որոշակի խոստումներ, քայլեր չեն նշմարվում։ Դա օրինաչափ եմ համարում, որովհետև Ռուսաստանի համար հիմա որևէ սակարկությունների գնալ ձեռնտու չէ, նա բոլորովին այլ պրոբլեմներով է տարված»։
Թուրքագետի խոսքով՝ իրականությունը ցույց է տալիս, որ Թուրքիան չի պատրաստվում որևէ հարաբերություն հաստատել Հայաստանի հետ, ավելին՝ Թուրքան և Ադրբեջանն ամեն ինչ անում են Հայաստանին տնտեսապես մեկուսացնելու համար։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում