«Պայթյունը դառնում է անխուսափելի». Զարուհի Փոստանջյան
««Երկիր Ծիրանին» պետք է պայքար մղի. պայքարը դաժան է, դժվար է, դրա տրամաբանությունը պետք է այն լինի, որ մենք կարողանանք տապալել այս ապօրինի գործող իշխանությունը և իրոք հիմնադրենք հանրապետություն, որը պատկանում է յուրաքանչյուր հայ մարդու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։
Նրա խոսքով՝ թանկացումները քաղաքական համակարգի հետևանքն են. «Որևէ մեկը դրանց դեմը չի կարող առնել և զսպել թանկացումները, եթե մենք չենք փոխելու մեր երկրի քաղաքական կառուցվածքը և չենք հիմնադրելու ժողովրդավարական քաղաքական համակարգ, այլ ոչ թե՝ կեղեքող, որն այս պահին է։ Թանկացումներին նախորդող երևույթներին պետք է ուշադրություն դարձնել. առաջինը Պետական պարտքի մասին օրենքում փոփոխությունն էր։ Մեր պետական պարտքն ամեն ամիս ավելանում է, և այս ավելացումը նաև պահանջում է հարկային բեռի ավելացում, որովհետև որտեղի՞ց պետք է հավաքագրենք գումարներ, որպեսզի մարենք մեր պարտքերը։ Նաև հարկային բեռի ավելացումը հանգեցնում է նրան, որ գնաճ է տեղի ունենում»։
Փոստանջյանը նկատեց՝ ունենք ահռելի արտագաղթ, նաև՝ ծերացող բնակչություն. «Այստեղ խնդիր ունենք․ ունենք թոշակառուներ, բայց չունենք աշխատողներ, որը կարող է ապահովել թոշակառուների կենսապահովումը։ Այս մի շարք տնտեսական բաղադրիչներն ասում են, որ, եթե չենք վերացնում քաղաքական մենաշնորհը, ապա այս ամենն ավելի է խորանալու, և պայթյունը դառնում է անխուսափելի։ Ցանկալի է, որ այդ պայթյունը տեղի չունենա»։
Հարցին, թե ում է տեսնում ապագա նախագահի պաշտոնում, Փոստանջյանը պատասխանեց, որ դա իրենց համար միևնույն է, քանի որ դա որևէ կերպ խնդրին լուծում չի տալու։ «Անտարբեր ենք այս քննարկումների վերաբերյալ, քանի որ դրանք արհեստական են, և դրանով Սերժ Սարգսյանը ցանկանում է ասել, որ ինքն է հարցերի որոշողը: Մենք եթե ցանկանանք, կարող ենք 100 մրցունակ կառավարություն կազմել, եթե ներառում ենք մեր ազգի կարողությունները»,- ի պատասխան՝ ասաց նա՝ նկատի ունենալով նաև դրսում ապրող մեր հայրենակիցներին:
Ինչ վերաբերում է «Ելքի» հրավիրած երթին «Երկիր Ծիրանի» կուսակցության մասնակցությանը, ապա Զարուհի Փոստանջյանն ասաց, որ կարևոր է քաղաքական օրակարգ հարուցելը և քաղաքական լուծումներ պահանջելը. ««Պետք է ոչ թե հետևանքի դեմ պայքարել, այլ համակարգի դեմ: Այս պարագայում քաղաքական օրակարգը ենթադրում է քաղաքական համալիր լուծում, այսինքն` այն համակարգը, որ ներկայումս գործում է, ոչ միայն լեգիտիմ չէ, այլ խորացնելու է հարցերը։ «Ելքի» հրավիրած երթում քաղաքական օրակարգ չեմ տեսել»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում