«Չէր կարելի միանալ թշվառների ակումբին, դա անիմաստ էր». Ազատ Արշակյան

«2013թ. սեպտեմբերի 3-ին գնաճի հիմքերը դրել ենք։ ԵՏՄ-ն պարտադրում է որոշակի պայմաններ, որի հետևանքով Հայաստանի տնտեսությունը քայքայվելու է, իսկ դա բերելու է համընդհանուր աղքատացման, որն էլ կբերի գնաճի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Արշակյանը նշեց, որ Եվրոպայի ամենաաղքատ պետությունը Ռուսաստանն է՝ իր արբանյակներով. «Ես իշխանությանը չեմ մեղադրում մեզ անակնկալ մատուցելու մեջ, դա անակնկալ չի եղել, և՛ իրենք են իմացել, և՛ մեզ են ասել։ Չէր կարելի միանալ թշվառների ակումբին, դա անիմաստ էր։ Մենք ունենք այն, ինչ ենթադրում էինք, որ պետք է լինի։ Դրա դեմ պայքարել, իհարկե, պետք է, շատ լավ է, որ դրա դեմ պայքար կա, բայց դա ուշացած է։

«Ելքի» նկատմամբ, եվրասիական լեզվով ասած, «պրետենզիաներ» ունեմ, որ անփութորեն է դա արված, կարծես հայտարարության սևագրությունը գնացել է եթեր, այդպես չի կարելի։ Դա մեծ փաթեթի պրոբլեմ է, և այնպես չէ, որ մենք հիմա կարող ենք Հարկային օրենսգիրքը կամ վարչապետին փոխել, և մեր տնտեսությունը կսկսի աճել։ Հիմա փոխել Հարկային օրենսգիրքը և ակնկալել, որ Հայաստանը կհարստանա, ես կարծում եմ, որ անիմաստ է»։

Նա առաջարկում է արմատական փոփոխության խնդիր դնել. «Աղքատությունը ՀՀ օրակարգն է, բայց այն համարել օրակարգի գլխավոր խնդիրը, ճիշտ չէ։ Գլխավոր խնդիրը պետական անվտանգության խնդիրն է, որի մեջ մտնում է ոչ միայն՝ ռազմական անվտանգությունը, այլև՝ տնտեսական, մշակութային, սոցիալական։ Դա ապահովելու համար ես առաջարկում եմ բազմաբևեռ անվտանգության համակարգ ձևավորել»։

Կարդացեք նաև

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն ասաց, որ այդ հարցերի մասին բազմիցս են խոսել, «Ելքի» օրակարգն էլ հստակ է եղել. «Մենք այդ թանկացումների մասին բարձրաձայնել ենք, խնդիրների մասին խոսել ենք, և նոր չէ, որ այդ օրակարգն առաջ ենք քաշում։ Այն, ինչ հիմա նախաձեռնել ենք, որոշակի գործընթացների տրամաբանական շարունակությունն է, և արհեստական գործընթացներ նախաձեռնելը, ես կարծում եմ, որ հաջողությամբ չեն պսակվում։

Ցավում եմ, որ մեր հասարակությունը նախկինում արված զգուշացումներին ականջալուր չի եղել։ Հիմա լավ առիթ է՝ այդ ամենը հասանելի դարձնել հանրությանը։ Այս թանկացումները պայմանավորված են Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով, և այն, ինչ առաջարկում ենք այս պահին, այդ փոփոխությունների չեղարկումն է»։

Հարությունյանն ասաց, որ «Ելքն» այս առումով սպառել է ԱԺ-ում ունեցած իր հնարավորությունները, դրա համար է դիմում պայքարի այս ձևին. «Ինձ համար տարօրինակ է, որ Շարմազանովը և իր գործընկերներն ԱԺ-ի կարևորության մասին հիշում են այն ժամանակ, երբ փողոցն ակտիվանում է: Նրանք ասում են՝ եկեք՝ այս հարցը տեղափոխենք ԱԺ, բայց մենք կարծում ենք, որ փողոցը շատ մեծ ազդեցություն կունենա այս գործընթացների վրա, դրա համար երթը նախաձեռնվել է։ Հանրության արձագանքից է կախված, թե որքան հեռու կգնան այդ գործընթացները»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս