Ինչ նկատի ուներ Լավրովը

«Կողմերը որոշակի հարցերի շուրջ պայմանավորվում են, ինչ-ինչ հարցերի շուրջ կա կոնսենսուս, բայց խուսափում են քաղաքական պատասխանատվություն ստանձնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հունվարի 18-ին Կրակովում կայանալիք բանակցություններին:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հանդիպումը կայանալու է Լեհաստանի Կրակով քաղաքում՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների նախաձեռնությամբ։ Կրակովյան նախարարական հանդիպումը տարեվերջին Վիեննայում կայացած չորսժամյա բանակցություններից հետո առաջին նախարարական հանդիպումն է լինելու:

Ստանիսլավ Տարասովն ասաց, որ դատելով նախորդ հանդիպումից, որը ձգվել էր մի քանի ժամ, կարելի է դատել, որ կողմերը ոչ թե հանդիպել են շփվելու համար, այլ իսկապես բանակցություններ են վարել:

Ըստ նրա, դա ապացուցեց նաև ՀՀ ԱԳ նախարարն իր վերջին հարցազրույցում, որտեղ նշեց, որ հնարավոր չէ ունենալ երկար հանդիպում և ոչ մի կարևոր հարց չքննարկել:

«Այսինքն` կա տպավորություն, որ կողմերը որոշակի հարցերի շուրջ պայմանավորվում են, ինչ-ինչ հարցերի շուրջ կա կոնսենսուս, բայց խուսափում են քաղաքական պատասխանատվություն ստանձնել այդ պայմանավորվածությունների համար, հենց այդ պատճառով էլ շարունակվում են փոխադարձ մեղադրանքները, քննադատությունները նման հանդիպումներից հետո, ամենայն հավանականությամբ, դա վախ է հասարակության արձագանքից:

Նախարարական հանդիպումները և ընդհանրապես բանակցային գործընթացի նպատակը ներկայումս շփման գծում լարվածության չեզոքացումն է, պատերազմական գործողությունների վերսկսման հեռանկարի կանխումը, իմ տպավորությամբ՝ կողմերը կենտրոնացած են հենց այդ խնդրի վրա, քանի որ այդ պատասխանատվությունը դեռ պատրաստ չեն ստանձնել, բայց պատերազմ ևս չեն ցանկանում»,- նման տեսակետ հայտնեց Ստանիսլավ Տարասովը:

Նրա կարծիքով՝ գալիք հանդիպումը պետք է դիտարկել այս տրամաբանության մեջ` նախարարները կրկին կփորձեն համաձայնության գալ որոշ հավելյալ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են կայունությանը շփման գծում:

«Թե ինչ հարցեր, դժվար է ասել, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր  թեմաներ են առաջ քաշում»,- ասաց Տարասովը:

Մեկնաբանելով նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե ԼՂ հակամարտությունը վերջնականապես չի կարող լուծվել մեկ փաստաթղթով, Տարասովն ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում կայացած նախագահական հանդիպումից հետո Սանկտ Պետերբուրգում նախագահներին փաստաթուղթ էր ներկայացվել շփման գծում հետաքննական մեխանիզմների տեղակայման և Անջեյ Կասպրչիկի առաքելության ընդլայնման վերաբերյալ, որոնք պետք է կողմերը ստորագրեն և ներդնեն կարգավորման հաջորդ փուլին անցնելու նպատակով:

«Առանց շփման գծում խաղաղության՝ հնարավոր չէ առաջ շարժվել: Ադրբեջանը հրաժարվել է ընթանալ այս ճանապարհով: Սերգեյ Լավրովը, ասելով՝ «փուլային կարգավորում», սա նկատի ունի: Բուն կարգավորումը ևս մի քանի փուլ է ենթադրելու, դա գաղտնիք չէ, դա ևս կարելի է հասկանալ Սերգեյ Լավրովի խոսքերից: Սակայն այդ փուլից կողմերը դեռ շատ հեռու են»,- ասաց փորձագետը:

Նա հույս հայտնեց, որ նախարարական հանդիպումն արդյունավետ կլինի: «Նման հույս հայտնեց նաև մեր նախարարը»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս