«Սա չի բխում մեր շահերից և շատ լուրջ մտածելու տեղիք է տալիս». Սուրեն Սարգսյան
«Իրանի դեմ կիրառվող ԱՄՆ սանկցիաներն ուղղակի կամ անուղղակի հարվածելու են Հայաստանին, այնպես, ինչպես հարվածելու են Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Նա նկատեց՝ Իրանի նկատմամբ Թրամփի որոշումը միանշանակ է, այն է՝ պետք է չեղարկել միջուկային համաձայնագիրը. «Թրամփը կողմնակից է, որ կամ վերաբանակցվի այդ համաձայնագիրը, կամ զրոյից համաձայնագիր կնքվի Իրանի հետ, ինչը, բնականաբար, չի բխում ԵՄ երկրների շահերից, որոնք սանկցիաների վերացումից հետո բավականին ակտիվ համագործակցում են Իրանի հետ։ Այս պահի դրությամբ մեծ ծավալի առևտուր կա ԵՄ առանձին երկրների և Իրանի միջև։
Բնական է, որ, եթե Թրամփը նորից ուժի մեջ մտցնի սանկցիաները, ինչը չի բացառվում (ընդամենը 3 ամիս հետո, հավանաբար, արդեն նոր սանկցիաներ կլինեն, կամ ստիպված կլինեն նոր պայմանագրի շուրջ բանակցել), այս դեպքում բավականին բարդ իրավիճակ է ստեղծվելու, որովհետև ԱՄՆ-ը սանկցիաներ է կիրառելու ԵՄ բոլոր այն բանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ, որոնք կֆինանսավորեն առանձին ծրագրեր Իրանում կամ ներդրումներ կանեն այնտեղ։ Սա լուրջ խնդիր և մարտահրավեր է մեզ համար, որովհետև Իրանը հարևան և բարեկամ պետություն է, և ցանկացած ցնցում այնտեղ անդրադառնալու է մեզ վրա»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցներին, Սարգսյանը հետևյալն ասաց. «Ադրբեջանին զենք վաճառում է ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Իսրայելը, Թուրքիան, Պակիստանը, այսինքն՝ տասնյակ պետություններ կան, որոնք վաճառում են զենք և զինամթերք Ադրբեջանին։ Իսկ Հայաստանը, ըստ էության, ընդամենը մեկ շուկա ունի զենքի, դա Ռուսաստանն է, և բացառիկ դեպքերում միայն՝ Չինաստանը։ Պատմության մեջ ընդամենը մեկ անգամ ենք մենք Չինաստանից զենք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի նախարարության տարիներին։ Հիմա, եթե ՌԴ-ից տարածաշրջան զենքի մատակարարումը դադարեցվի, նշանակում է՝ մենք էլ չենք կարող զենք ձեռք բերել, իսկ Ադրբեջանն ունենալու է, որովհետև դիվերսիֆիկացված և մեծ շուկա ունի։ Սա չի բխում մեր շահերից և շատ լուրջ մտածելու տեղիք է տալիս»։
168.am-ի հարցին, թե հայկական կողմն ինչ քայլեր կարող է անել այս պահին, նա պատասխանեց, որ պետք է ակտիվ ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կազմակերպությունները, մեր համայնքն աշխատեն, որպեսզի Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաները երրորդ պետություններին վնաս չհասցնեն. «Մանավանդ այնպիսի պետություններին, որոնց ԱՄՆ-ը համարում է բարեկամ պետություն, իսկ Հայաստանին նա համարում է բարեկամ պետություն։
Երբ սանկցիաների առաջին փաթեթը շրջանառության մեջ դրվեց, ԱՄՆ նախագահը Պետդեպարտամենտի միջոցով նամակ տարածեց և հանձնարարական տվեց, որ այնպես իմպլիմենտացնեն բոլոր սանկցիաները, որ երրորդ պետությունների, մանավանդ՝ բարեկամ պետությունների վրա դրանց ազդեցությունը մինիմալ լինի։ Կարծում եմ՝ այս ուղղությամբ այս քաղաքական գիծը դեռ շարունակելու են։ ԱՄՆ-ը շատ հաճախ աչք է փակել նաև հայ-իրանական ակտիվ շփումների վրա, և այստեղ էլ աչք են փակելու՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա իրողությունը։ Մեր համայնքն էլ, լոբբիստական կառույցներն էլ, մեր դիվանագիտությունն էլ այստեղ լուրջ աշխատանք ունեն անելու»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում