Բաժիններ՝

Բազմաթիվ բողոքներ՝ ընդդեմ «Օդից փող» հաղորդաշարի. գործով զբաղվում են իրավապահները. Yerkir.am

Yerkir.am-ի տեղեկություններով՝ բազմաթիվ քաղաքացիների բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել Հ2 հեռուստաալիքով հեռարձակվող «Օդից փող» հաղորդաշարի կազմակերպիչների կողմից կատարված ենթադրյալ մեքենայությունների փաստով:

Պարզվում է` դեռևս 2017-ի դեկտեմբերին «Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Եփրեմյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ հայտնելով, որ «Օդից փող» հաղորդաշարի կազմակերպիչները խաբեությամբ քաղաքացիներից գումարներ են գանձում:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, ի պատասխան Yerkir.am-ի հարցի, հայտնեց, որ դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (խոշոր չափերի խարդախություն) հատկանիշներով: 2017թ. դեկտեմբերի 18-ին գործն ուղարկվել ՀՀ ՔԿ Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Ներկայումս գործը գտնվում է նախաքննության փուլում:

«Օդից փող» հաղորդաշարն ուղիղ եթերում հեռուստադիտողին առաջարկվում է լուծել մի շարք ինտելեկտուալ առաջադրանքներ: Հաղթող է համարվում վիկտորինայի այն մասնակիցը, ով ուղիղ եթերում առաջինն է ճիշտ պատասխանում ինտելեկտուալ հարցին: Զանգի մեկ րոպեի արժեքը 540 ՀՀ դրամ է, գումարը գանձվում է զանգի առաջին իսկ պահից: Ծախսված րոպեների հստակ հաշվարկը քաղաքացիներն իմանում են իրենց հեռախոսակապի օպերատորից:

Խաղի գործունեության ամբողջ ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ, չտիրապետելով խաղի կանոններին, զանգեր են կատարել՝ առանց գիտակցելու, որ սպասման մեջ գտնվող զանգի համար իրենցից գումար է գանձվում: Արդյունքում` բջջային և ֆիքսված հեռախոսահամարներին տասնյակ հազարների, ընդհուպ` 100.000 դրամը գերազանցող պարտքեր են կուտակվել:

Yerkir.am-ի հետ զրույցում «Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Եփրեմյանը հայտնեց, որ «Օդից փող» հաղորդաշարին կատարած զանգերի հետևանքով կրած վնասի հարցով բազմաթիվ քաղաքացիներ են դիմել իրենց կազմակերպությանը՝ ակնկալելով ՀԿ-ի աջակցությունը:

Վանաձոր քաղաքի բնակիչ Լ. Հարոյանը, օրինակ, ահազանգել է, որ Վանաձորում ապրող ընտանիքի դեռահաս անդամներից մեկը, առանց խաղի կանոններին տիրապետելու, մասնակցել է «Օդից փող» հաղորդաշարին, արդյունքում` տան հեռախոսահամարին գրանցվել է 160.000 դրամ պարտք, և իրենց հեռախոսակապն անջատվել է: Քաղաքացու խոսքով՝ պարզաբանում ստանալու ակնկալիքով դեռևս նախորդ տարի եկել է Հ2-ի գրասենյակ, սակայն իրեն չեն թույլատրել որևէ մեկին տեսնել:

Եփրեմյանը մեզ հայտնեց, որ իրենք հայտարարություն են տարածել` հաղորդաշարից տուժած անձանց հավաքագրելու համար: Ըստ նրա՝ միայն բջջային օպերատորներից ստացված տվյալների շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե որքան գումարի վնաս են կրել քաղաքացիները: Եփրեմյանը մեզ հայտնեց, որ նախաքննական մարմնին խնդրել է տեղեկություն տրամադրել այն մասին, թե մեկ տարվա ընթացքում քանի՞ անձ է զանգահարել խմբագրություն, և որքա՞ն է կազմում հեռախոսազանգերի արդյունքում ստացված շահույթը:

Հարուցված քրեական գործի առնչությամբ փորձեցինք տեղեկություն ստանալ նաև հաղորդման կազմակերպիչներից: Լրատվամիջոցների հրապարակումներից տեղեկացանք, որ հաղորդման ռեժիսորը Վարդան Հովնանյանն է, ով դեռևս նախորդ տարի լրատվամիջոցներին պարզաբանում էր տվել խաղի վերաբերյալ քաղաքացիների ներկայացրած բողոքների վերաբերյալ:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս