Ինչու է «Ելքը» մերժել Սերժ Սարգսյանի հրավերը

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպմանը հրավիրված է եղել նաև «Ելք» խմբակցությունը, սակայն ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել այդ հավաքին։ 168.am-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ քանի որ ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, ճիշտ չէ, որ պետության նախագահը, շարունակելով գերնախագահական երկրի ավանդույթները, իր մոտ է կանչում երկրի փաստացի թիվ 1 կառույցի ղեկավար մարմնին։

«Ճիշտ կլիներ, որ ինքը գար, և այդ ամենն Ազգային ժողովում տեղի ունենար։ Մենք կոչով դիմեցինք և դա առաջարկեցինք ԱԺ մեր մյուս գործընկերներին, որպեսզի չմասնակցեն այդ միջոցառմանը, և ընդհակառակը՝ երկրի նախագահին հրավիրեն ԱԺ, դրանով իսկ բարձրացնելով և ցույց տալով ԱԺ-ի դերը, կամ առնվազն այն, ինչի մասին խոսվում էր, որ պետք է այդպես լինի»,- ասաց Գ. Գորգիսյանը։

Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը վաղուց «քարոզարշավատիպ» մի գործընթաց է սկսել։ Գ. Գորգիսյանը նշեց, որ պառլամենտական երկրներում, օրինակ՝ Անգլիայում, ընդունված է նման քննարկում, բայց դա արվում է պաշտոնապես, թագուհին գալիս է և ուղերձ է հղում պառլամենտին՝ դրա ապագա գործունեության հետ կապված.

«Փորձել են նման մի բան ընդօրինակել, առանց բուն իմաստի մեջ խորանալու, որ այդտեղ գլխավոր խաղացողը պառլամենտն է, և նրան է ուղղվում ամեն ինչ։ Եվ հետո, Սերժ Սարգսյանն Անգլիայի թագուհին չէ, դա էլ պետք է հիշել։ Նա գործող գերնախագահական կարգով երկրի նախագահն է և, իր իսկ խոսքերով ու իր իսկ լոբբինգով, երկիրն այդ մոդելից անցում է կատարում խորհրդարանական մոդելի։ Ու եթե այդ անցումն իրոք ցանկանում են, և ոչ թե ուզում են ունենալ գերվարչապետական երկիր՝ կրկին Սերժ Սարգսյանի դերակատարմամբ, ուրեմն պետք է բոլոր ընդունված ավանդույթները փոխվեն»։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահը, նրա տեղակալները, ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» խմբակցությունների ղեկավարներն ու մշտական հանձնաժողովների նախագահները, որոնք ներկայացրել են իրենց տեսակետներն ու առաջարկություններն առաջիկա անելիքների, խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ԱԺ-ի աշխատանքի առաջնահերթ ուղղությունների, առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ:

 

Տեսանյութեր

Լրահոս