Բաժիններ՝

Թիլերսոնը և Գաբրիելը քննարկել են Իրանի գործունեությունը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը քննարկել են «Իրանի ապակայունացնող գործունեությունը»: Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը:

«Նրանք քննարկել են Իրանի ճնշիչ գործողությունները բողոքի ակցիաների մասնակիցների դեմ եւ նրա ապակայունացնող գործողությունները Մերձավոր Արեւելքում»,- ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: Նշվում է, որ Գերմանիայի ԱԳ նախարարը պետքարտուղարին տեղեկացրել է այն հարցերի շուրջ եվրոպական եռյակի, Եվրամիության եւ Իրանի միջեւ հունվարի 11-ին կայացած քննարկումների մասին, որոնք չեն վերաբերվում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին:

Նախօրյակին Գաբրիելը հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի եվրոպական մասնակիցները պատրաստ են համաձայնագիրը պաշտպանել դրա տապալման բոլոր փորձերից: «Սա միասնական դիրքորոշում է: Մենք ցանկանում ենք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը պաշտպանել այն խախտող բոլոր որոշումներից՝ ում կողմից էլ որ դրանք ստացվեն»,-ասել է նա:

Գաբրիելը նաեւ հայտարարել է մերձավորարեւելյան տարածաշրջանի խնդրահարույց թեմաները եվրոպական երկրների հետ քննարկելու Թեհրանի պատրաստակամության մասին: «Մենք այսօր պայմանավորվեցինք, որ շատ արագ երկխոսություն ենք սկսելու կոնֆլիկտային թեմաների շուրջ: Ես ուրախ եմ, որ մեր ընդհանուր առաջարկն ընդունվեց»,-հավելել է Գերմանիայի ԱԳ նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս