Որո՞նք են թանկացումների պատճառները. «Դժգոհությունն այս պահին սոցիալ-քաղաքական է»
Հարցազրույց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանի հետ
– Պարոն Խուրշուդյան, բուռն քննարկումներ են ծավալվել հունվարի 1-ից թանկացումների շուրջ։ Ձեր դիտարկումներով՝ կա՞ն թանկացումներ և, մասնավորապես, վառելիքի շուկայում արձանագրված գների բարձրացումն ինչպե՞ս կազդի մյուս ապրանքատեսակների գների վրա։
– Թանկացումների մասին խոսակցությունները մինչև հունվարի 1-ն էլ կային, և ես փորձեցի մամուլը նայել՝ հասկանալու մարդկանց դժգոհությունը։ Պարզվեց՝ դժգոհության մոտ 85%-ը թանկացումների հետ չէ կապված։ Շատ արդար դժգոհություն էր, մարդիկ ասում էին՝ թող իշխանավորները փորձեն այս գներով, այսպիսի եկամուտներով 1 օր ապրել։ Այսինքն՝ սոցիալական անարդարությունն է հիմնական պատճառը, որը շատ բնական է։
Երկու խնդիր կա՝ սոցիալական անարդարությունը, այսինքն՝ աղքատության մակարդակ, գործազրկություն և հարուստներ, և մենք պետք է մի բան հասկանանք՝ մենք շուկայական տնտեսություն ենք, չենք կարող գները ֆիքսված պահել նույն մակարդակի վրա, որովհետև այդ դեպքում արդեն արտադրողները կսկսեն բողոքել, որ չեն կարողանում իրենց ապրանքն իրացնել, երկրորդը՝ սոցիալական քաղաքականությունն է, որի մասին ընդհանրապես զրույց չկա, և որն ընդհանրապես չարձագանքեց վերջին իրադարձություններին, թե, օրինակ, կարագի գնի թռիչքը մոտ 50% ինչպես է ազդելու կոնկրետ աղքատների վրա, արդյո՞ք պետությունը պետք է սոցիալական քաղաքականությամբ միջամտեր, թե՞ ոչ։
Եվ երբ խոսում ենք խոցելի խավերի մասին, ոչ թե պետք է ընդվզենք շուկայական մեխանիզմների դեմ, այլ մտածենք, թե սոցիալական ինչ քաղաքականությամբ կարող ենք հակակշռել։ Այդ 2 թեման՝ քաղաքականության անարձագանք վիճակը և կուտակված սոցիալական անհավասարությունը, գումարվեցին և այդ խոսակցությունները սկսվեցին, որը կարճաժամկետ է լինելու, և առաջիկայում շատ ապրանքատեսակների գծով մենք գնանկում կտեսնենք, բայց խոսքը չի վերաբերում հարկային օրենսդրությամբ պայմանավորված թանկացումներին։
Սոցիալական այդ անարձագանք քաղաքականությունն ի վերջո պետք է պատասխան ստանա, և հասկանանք, թե մարդիկ, որ իրոք ապրուստի շատ չնչին միջոցներ ունեն, ինչպես պետք է ապրեն։ Որովհետև եթե մարդ եկամուտ չունի, ցանկացած ապրանքի թեկուզ 1 դրամ թանկացումն իր վրա ազդում է։
Միակ գործիքը, որ պետությունը պետք է գործարկի և չթողնի նրանց ընկնել փոսի մեջ, սոցիալական քաղաքականությունն է։ Այդտեղ մենք ձայն կամ հարցադրումներ չլսեցինք, բայց խնդիրն այդտեղ է թաղված։
Ապրանքներ կան, որ թանկացել են, կան, որ էժանացել են, և 2017-ի տարեվերջի գնաճը, ըստ կանխատեսումների, 2.8% կկանգնի։ Այժմ հարցադրում պետք է անել թանկացումների ադեկվատության մասին, որովհետև դրա մի մասը միջազգային գործոններով է պայմանավորված, մյուս մասը՝ հարկային փոփոխություններով, բայց երկրորդը շատ ավելի չնչին է, քան առաջինը։
Օրինակ՝ մսի, կարագի թանկացումը հիմնականում միջազգային էր, ամբողջ աշխարհում փոփոխություն եղավ, կարագի մասով միանգամից 5 գործոն համադրվեց՝ պահանջարկն աճեց, առաջարկը կրճատվեց, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում եղանակային պայմանները վատն էին, և այլն։
Մեզ մոտ թվերի, փաստերի փոխարեն՝ միայն փորձագիտական կարծիքներ են հնչում, բայց կաթնամթերքի շուկան շատ բարդ է։
Օրինակ՝ անցած տարի եղանակային վատ պայմանների պատճառով Ավստրալիայում և Նոր Զելանդիայում յուղատվությունը բավականին ցածր էր, արդյունքում՝ կարագ քիչ արտադրվեց, բայց ոչ յուղային կաթի գինը նվազել էր։ Հայաստանում կաթի գնանկում չտեսանք, և այդտեղ հարցականներ կան։ Նաև անցած տարի Եվրամիությունը մասնակիորեն լիբերալիզացրեց գյուղատնտեսական քաղաքականությունը, սուբսիդիաները քչացրեց, արդյունքում՝ շատ գյուղացիներ հրաժարվեցին կով պահելուց, այսինքն՝ կաթնամթերքի առաջարկն էականորեն նվազեց, և դա ազդեց նաև Հայաստանի վրա։ Եվ այդ երևույթները ԵԱՏՄ-ի հետ ընդհանրապես կապ չունեն։
– Իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը, Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելն ինչպե՞ս է ազդելու մեզ վրա։
– Հայաստանը սահուն ձևով է անդամակցում ԵԱՏՄ-ին, և ի սկզբանե պլանավորվել է, որ այդ որակային դրույքաչափերն աստիճանաբար լինեն սկսած 2018 թ.-ից, մինչ այդ ավելի ազատ ռեժիմով էինք։ Գնաճային ճնշումների ամբողջ ազդեցությունը, ըստ գնահատականների, մոտ 1% պետք է լինի։
Այդտեղ 2 վարքագծային փոփոխություն կա, հիմնականում ներմուծողների մասին է խոսքը։ Նախ՝ հիմնական դրույքաչափերը, որ բացասական են ազդում ոչ ԵԱՏՄ երկրներից ներկրելու դեպքում, միևնույն ժամանակ շատ դրական ազդում են, որ ԵԱՏՄ-ից ներկրումը 0-ական դրույքաչափով լինի։ Այսինքն՝ մենք այստեղ կտեսնենք ներմուծման կառուցվածքի փոփոխություն։
– Այստեղ խորհրդայնացման վտանգ չե՞ք տեսնում։ Մտավախություն կա, որ եվրոպական որակյալ ապրանքը կթանկանա, դեֆիցիտ կառաջանա, իսկ ռուսականն այն որակը չունի։
– Խորհրդայինը լրիվ ուրիշ մոդել էր, այն ժամանակ փակ էր և չէր ներմուծվում։ Այդքան էական խիստ չեն տոկոսադրույքները, որ մենք տարբերությունը զգանք, որովհետև ավելի թանկ են հյուսիային Եվրոպայի շատ երկրների հարկային դրույքները։ Մենք կընկնենք Խորհրդային Միության օրը, եթե չունենանք տնտեսություն և եկամուտ։ Այսինքն՝ խնդիրը լինելու է ոչ թե ապրանքների գները, այլ մենք ի վերջո կարողանալո՞ւ ենք եկամուտներ գեներացնել, ապրանքներ արտադրել, թե՞ ոչ։ Դա է լինելու Հայաստանի հիմնական խնդիրը։
– Հունվարի 19-ին «Ելքը» բողոքի երթ է նախատեսում անցկացնել թանկացումների դեմ։ Ձեր կարծիքով՝ ՀՀ քաղաքացին պատրա՞ստ է դուրս գալ փողոց։
– «Ելքը» գների թանկացման և հարկերի բարձրացման դեմ է դուրս գալիս, այսինքն՝ մարդկանց եկամուտներ և ծախսեր հարաբերակցության թեման է օրակարգում, այսինքն՝ ՀՀ սոցիալական, աղքատության խնդիրն է, գներն առիթ են։ Իհարկե, քաղաքական երթ է, քաղաքական օրակարգ է։ Արդյոք այն կդառնա՞ հանրային, շա՞տ մարդիկ կմիանան դրան, թե՞ ոչ։
Հարկային քաղաքականության փոփոխության առումով, ըստ էության, ցածր աշխատավարձ ստացողների համար բեռը թեթևացավ, և նրանք ռացիոնալ տեսակետից պետք է չմիանան «Ելքի» երթին, եթե միջին խավի մասին ենք խոսում, տուժողը նրանք են, և նրանց հարկային բեռը մեծացել է, օրինակ՝ ես ավելի շատ հարկ եմ վճարելու և պետք է ռացիոնալ տեսակետից միանամ երթին։ Երթին չպետք է միանան շատ բարձր աշխատավարձ ստացողները, և դրա մասին էլ քիչ են խոսում, որ հին պրոգրեսիվ եկամտահարկն իրենց շատ ավելի շատ էր հարկում, քան հիմա է հարկելու, իրենց համար բեռը թեթևացել է։ Եվ նման մարդիկ կան, որ 5-7 մլն դրամ աշխատավարձ ունեն Հայաստանում։
Ստացվեց, որ հարուստների ու աղքատների բեռը թեթևացրեցինք, միջին խավի վրա՝ բարձրացրեցինք։ Եվ դա չբացատրվեց, թե ինչու ենք թեթևացնում բարձր աշխատավարձ ստացողների բեռը, որն անարդար է։ Բայց երթին կմիանան շատերը, որոնք ուղղակի սոցիալական բողոք ունեն։ Այսինքն՝ ըստ էության, այստեղ ո՛չ գների, ո՛չ հարկայինի հարցն է, այլ հարցն այն է, որ սոցիալական լարվածություն կա, սոցիալական բևեռվածություն կա, և կա մի հարց, որ պետք է մտնի օրակարգ ու քննարկվի մասնագետների կողմից՝ հարստության վերաբաշխման հարցը։ Խոսքը եկամուտների հոսքի վերաբաշխման մասին է։ Այս միտումներով հարուստներն ավելի են հարստանալու, աղքատներն ավելի են աղքատանալու։
Մենք պետք է օրակարգ մտցնենք հարցը, թե ինչպիսի կառուցվածքային փոփոխություն մտցնենք մեր տնտեսությունում, որպեսզի հարուստների հարստացումը լինի շատ ավելի չնչին, քան աղքատների ու միջին խավի հարստացումը, որ նրանք ավելի արագ տեմպով հարստանան։ Այսինքն՝ եկամուտներն այնպես պետք է բաշխվեն, որ մեր երկրի սոցիալական կառուցվածքը, մարդկանց սոցիալական պայմանները սկսեն փոխվել։ Սա համաշխարհային խնդիր է, վերջին ճգնաժամերից հետո ամբողջ աշխարհում հարուստները շատ ավելի հարստացան, աղքատները՝ աղքատացան։
Ինչո՞ւ է այդպես, որովհետև հարուստները, ունենալով կապիտալ կուտակումներ, կարողանում են ճգնաժամի ժամանակ ավելի ճիշտ ադապտացնել իրենց ֆինանսական որոշումները, աղքատները կամ միջին խավը, հատկապես նրանք, որ սպառողական կամ հիպոթեքային վարկերի տակ են, չեն կարողանում ճկունություն դրսևորել և հարմարեցնել, ճիշտ ֆինանսական որոշումներ կայացնել։
– Սոցիալական դժգոհությունը կհանգեցնի՞ սոցիալական բունտի, հնարավո՞ր է՝ լուրջ փոփոխություններ լինեն։
– Ոչ, այդպես կտրուկ չեն մեր ցուցանիշները։ Դա կարող է միայն մի դեպքում լինել, երբ կաթիլ-կաթիլ լցվել է, այսինքն՝ միանգամից դույլով խնդիր չի լցվել սոցիալական խնդիրների վրա, այսինքն՝ կաթիլներով հավաքված տակառն է, որ արդյոք լցվե՞լ է։ Դա արդեն քաղաքական կանխատեսում է։ Տնտեսական տեսանկյունից կարող եմ ասել, որ ես չեմ տեսնում մեծ բունտի աղբյուր։ Մի պատճառ բերեմ՝ անցած տարի վերջապես վերականգնվեց տրանսֆերտների մուտքը Հայաստան, որը ոչ թե բարելավեց, այլ չեզոքացրեց ճգնաժամից կուտակված սոցիալական էֆեկտները, մարդիկ մի քիչ եկամուտ ստացան։
Մանրամասները՝ տեսանյութում