Բաժիններ՝

Ի՞նչ է արվել 2017-ին բնապահպանության ոլորտում և ի՞նչ է սպասվում 2018-ին. ամփոփում է Արծվիկ Մինասյանը

168.am-ը տարվա հույսերն ու հույզերն ամփոփել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հետ

– Պարոն Մինասյան, ո՞րն է 2017թ. ձեռքբերումն ու չլուծված կամ ծագած խնդիրը:

– Եթե հակիրճ պատասխանեմ, տարվա ձեռքբերումներից կնշեմ բնապահպանական, սոցիալական և տնտեսական շահերի համատեղումը, օրինակ, Շաքիի ջրվեժի դեպքում: Ջրօգտագործման համակարգի փոփոխությամբ ջրվեժը գործում է ցերեկային ժամերին։

Կարևոր ձեռքբերում էր փոփոխություններն անտառային կառավարման համակարգում՝ անտառների միասնական կառավարում է իրականացվելու, առաջնայինը լինելու է բնապահպանական մոտեցումը։ 2017թ. Արարատյան դաշտում որոշ հորատանցքերի լուծարման, կոնսերվացման կամ փականային ռեժիմի բերվելու շնորհիվ տարեկան խնայվել է զգալի քանակության ջուր, և արդեն նկատվում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրի մակարդակի կայունացում և որոշ հատվածներում բարձրացման միտում։

Լրջագույն խնդիր է շարունակում մնալ կենսառուսուրսների գերշահագործումը: Տարվա ամենամեծ մարտահրավերներն անտառային հրդեհներն էին: Այստեղից մեծ դասեր ունենք քաղելու և լրջագույն աշխատանք կատարելու, որի մեկնարկը տվել ենք և իրականացնելու ենք նաև հաջորդ տարում: Չափազանց կարևորում եմ Սևանի մակարդակի բարձրացման հիմնախնդիրը:

Այս տարի նախանշված են Սևանի ջրավազանային կառավարման պլանի հետազոտություններ, որի արդյունքը ջրի մակարդակի բարձրացման նիշն ավելի առարկայական դարձնելն է: Այս տարվա դրական արդյունքներից էր վերջին 80 տարիների ընթացքում արձանագրված ջրի թափանցիկության ամենաբարձր ցուցանիշը:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2018-ին։

–  2018-ին շարունակելու ենք իրականացնել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մեկնարկած բոլոր աշխատանքներն ու նախանշվող ծրագրերը: Վստահ եմ, որ 2018-ին ավելի շոշափելի արդյունքներ կունենանք: Մարտահրավերները շատ են, բայց մեծ է աշխատանքի մեր ձգտումն ու պատրաստակամությունը:

– Եվ տարվա հարցը՝ մի՞ս, թե՞ կարտոֆիլ։

– Ե՛վ, և՛, կարևորը՝ չափավոր և համեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս